Ափսոս էր «Ժառանգությունը»

Ափսոս էր «Ժառանգությունը»

Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունից», կարելի է ասել, ոչինչ չմնաց։ Կուսակցությունից դուրս գալու մասին երեկ հայտարարեց «Ժառանգության» ծանր հրետանի Զարուհի Փոստանջյանը։ «Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական եւ ծրագրային խզումն իր հռչակած եւ անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից եւ ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը»,- գրեց նա Ֆեյսբուքի իր էջում։



Իսկ «Ժառանգությունում» խմորումներն սկսվել են դեռեւս վաղուց, 2017-ի ընտրությունները թերեւս կդառնան այս կուսակցության փոշիացման վերջին ակորդը։ Խլրտոցները նկատելի դարձան 2012-ի ընտրությունների ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը սրտացավ չգտնվեց իր թիմակիցների՝ կուսակցության կորիզի հանդեպ՝ Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի։ Մարդիկ, որոնք «Ժառանգության» ստեղծման օրվանից դարձել էին շարքային քաղաքացիների «շտապօգնությունը», մղվեցին հետին պլան։ Կուսակցությունը դաշինք կազմեց նորահայտ ու չկայացած մի կուսակցության՝ «Ազատ դեմոկրատների» հետ, որտեղ միայն Զարուհի Փոստանջյանն էր անցողիկ տեղում։



Նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վովա Գասպարյանի աղոթքի հետեւանքները եւս աղետալի եղան ոչ միայն Հայաստանի համար՝ եւս 5 տարի երկիրը թողնելով կառավարող ռեժիմի տակ, խորացնելով մարդկանց հիասթափության աստիճանը, այլեւ «Ժառանգություն» կուսակցության։ Դրան հաջորդեց ԲՀԿ-ի հետ համագործակցությունը եռյակ-քառյակ ֆորմատով, Րաֆֆի Հովհաննիսյանն իր որոշումներով կարողացավ հասնել նրան, որ կուսակցության կորիզը ջարդվի. Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը այդ դեպքերից հետո լքեցին կուսակցությունը, Անահիտ Բախշյանն՝ Օհանյան-Օսկանյան դաշինքին միանալու որոշումից հետո հեռացավ, Զարուհի Փոստանջյանի հեռացումն անակնկալ էր այնքանով, որ օրեր առաջ կուսակցության վարչության նիստից հետո, երբ որոշվում էր ընտրություններին դաշինքով, թե միայնակ մասնակցելու հարցը, Փոստանջյանն ասել էր, որ չի ողջունում վարչության կայացրած որոշումը, բայց չի էլ պատրաստվում հեռանալ «Ժառանգությունից», քանի որ, իր խոսքով՝ սովորաբար ինքն է հեռացնում իրեն խանգարողներին։ Ամենայն հավանականությամբ, Փոստանջյանը հասկացել է, որ ամբողջ կուսակցությանը հեռացնել հնարավոր չէ, եւ հանձնվել է։



Ի դեպ, ուրբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության «մի խումբ» անդամներ, թերեւս Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, հայտարարությամբ հանդես եկան՝ ուղղված ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Նամակի հեղինակները պահանջում են չգրանցել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածուների առաջադրումը։ Ըստ նրանց՝ 2016 թվականի հունիսի 28-ին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը դադարել է գործել, քանի որ ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը։ «Րաֆֆի Հովհաննիսյանը, չունենալով վարչության նախագահի լիազորություն, կատարել է գործողություն, այն է` ստորագրել համաձայնագիր ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու վերաբերյալ, դաշինքին տալով պաշտոնական անվանում՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»»,- գրված է բողոք-դիմումի մեջ։



Դիմումի մեջ հղում անելով կուսակցության կանոնադրությանը՝ հիշեցնում են նաեւ, որ «Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համագումարն է, եւ որ համագումարին է վերապահվում կուսակցության կառավարման եւ գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը»։ Իսկ «Ժառանգության» վերջին համագումարը տեղի է ունեցել 2014-ի հունիսի 28-ին։



Ուշագրավ է, սակայն, որ ԿԸՀ այդ դիմումը մուտք չի եղել։ Երեկ, ժամը 16։00-ի դրությամբ ԿԸՀ-ից մեզ տեղեկացրին, որ նշված քաղաքական ուժից որեւէ դիմում չեն ստացել։
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չցանկացավ մեկնաբանել կուսակցության որոշման իրավազորության հարցը․ «Կպատասխանեմ վաղը (այսօր), ասուլիսում»։ Սակայն դրանից ընդամենը ժամեր առաջ Մարտիրոսյանը մեր լրագրողներից մեկի հետ զրույցում Փոստանջյանի հեռանալու լուրերի եւ հետագա հնարավոր զարգացումների մասին խոսելով հայտնել էր, թե հանգիստ են ընդունում այդ փաստը։



Որոշ տեղեկություններով, «Ժառանգություն» կուսակցությունից արտահոսք է սպասվում: Դաշինք կազմելու կուսակցության որոշմանը վերջերս դեմ էին արտահայտվել «Ժառանգության» Կապանի, Սիսիանի կառույցների ներկայացուցիչները: Չի բացառվում, որ նրանք Զ. Փոստանջյանի հետ միասին դուրս գան կուսակցությունից, թեեւ Մարտիրոսյանը նման զարգացումները բացառել է․ «Արտահոսք չի լինի, բայց մի քանի հոգի կարող է դուրս գան, ակնհայտ է, որ Զարուհի Փոստանջյանին նկատի ունենալով՝ կուսակցությանն անդամակցած անձինք կան։ Իմ պատճառով անդամակցածներ եւս կան, բայց հիմնական կորիզը եղել է եւ մնում է հիմնադրողների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակությունը եւ անցած ճանապարհը»։



Մարտիրոսյանը մեծ հաշվով չի սխալվում՝ «Ժառանգությունից» զանգվածային արտահոսք լինել չի կարող, քանզի կուսակցության շարքերն այնքան նոսր են, որ, օրինակ, ՕՐՕ դաշինքի 148 հոգանոց ցուցակում ընդամենը 26-ն են «Ժառանգությունից»։



Մինչդեռ վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը պնդեց, որ, կուսակցության կանոնադրության համաձայն, ընտրություններին մասնակցելու որոշումը վերապահված է կուսակցության խորհրդին, իսկ դեկտեմբերին խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է մասնակցության ձեւաչափը․ «Եղել է ընդամենը երկու դեմ՝ Փոստանջյանն ու Հասան Ջալալյանը»։ 2017-ին «Ժառանգությունը» խորհրդի երկրորդ նիստն է հրավիրել՝ հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունը․ «Այդ ժամանակ Ստեփան Հասան Ջալալյանը կողմ է եղել դաշինքին, իսկ Զարուհի Փոստանջյանը չէր մասնակցում»։



Ստեփան Հասան Ջալալյանը երեկ մեր զրույցում ասաց, որ ինքը դեմ է եղել դաշինքով մասնակցության որոշմանը, սակայն երբ տեղեկացրինք Մուրադյանի հայտարարության մասին, խուսանավեց․ «․․․Ես իմ որոշումը, ինչպես եղել է, պահպանել եմ»։ Դե՞մ եք արտահայտվել։ «Թե դեմ եմ եղել, թե կողմ, թե ձեռնպահ, ինչպես եղել է իմ դիրքորոշումը, այնպես էլ պահպանել եմ»,- ասաց նա։ Հասան Ջալալյանը, պարզվեց, «մի խումբ» ժառանգականների շարքում չէ, որոնք հեղինակել են հայտնի դիմումը․ «Կդժվարանամ նաեւ ասել, թե ովքեր են այդ դիմումի հեղինակները»։



Մեր զրուցակիցը «մանրամասն» ծանոթ չէր դիմումին ու դժվարացավ պնդել՝ այն իրավական հիմք ունի՞, թե՞ ոչ։ «Ընտրություններին մասնակցելու որոշումը համագումարի՞ն, թե՞ դաշինքին է վերապահված» մեր հարցին Ջալալյանը նույնպես չցանկացավ պատասխանել․ «Ես ասացի, որ այդ դիմումին ծանոթ չեմ եւ չեմ կարող մեկնաբանել»։



«Ժառանգությունից» դուրս գալու հնարավորության հարցին էլ այսպես արձագանքեց․ «Ընդհանրապես, կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է, ոչ մի բան չի կարելի բացառել»։ «Ժառանգության» այլեւս նախկին անդամ, «ԱԴ» ցուցակում առաջին կին թեկնածու Անահիտ Բախշյանը «ցավ» հայտնեց Զարուհու որոշումն ուշ կայացնելու առիթով․ «Ցավում եմ, որ Զարուհին այդքան ուշ կայացրեց այդ որոշումը, իր նույն հիմնավորումը ես եմ ժամանակին ասել»։ Բախշյանի համոզմամբ, ՕՐՕ դաշինքը չի դավանում «Ժառանգության» ծրագրային գաղափարները՝ արեւմտամետ արժեքներ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ։



«Զարուհին իր ասելիքն ամեն տեղ կասի: Հիշեք թագավորին, որն ուտում է աքաղաղին, բայց նա փորի մեջ էլ է խոսում․ Զարուհին այնտեղ էլ է խոսելու»,-նշեց Անահիտ Բախշյանը: Մի տարբերությամբ, որ «Ժառանգությունն» այլեւս չի խոսելու, մինչդեռ ժամանակին իշխանության ահուսարսափն էր։ Ափսոս էր «Ժառանգությունը»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ