Թող ՀՀ-ում որևէ մեկը Չաուշեսկուից կամ Քադաֆիից լավ տղա չլինի

Թող ՀՀ-ում որևէ մեկը Չաուշեսկուից կամ Քադաֆիից լավ տղա չլինի

ԱԺ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու ներքաղաքական զարգացումներն էին «Դեբատ» ակումբի քննարկման թեման, որին մասնակցում էին հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչներ։



«Ելք» դաշինքի քաղխորհրդի անդամ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ թեեւ մեկ ամսից արդեն ընտրություններ են լինելու, բայց հանրությունը ծանոթ չէ քվեարկության ձեւին, որը շատ է բարդացել։ Ի հակառակ Անահիտ Բախշյանի, ով հույս հայտնեց, որ այս անգամ ցուցակները գուցե չկեղծվեն, քանի որ ընտրության կարգ է փոխվել, Սիմոնյանը չկիսեց այդ լավատեսությունը։ Նա վստահ է, որ այս անգամ էլ իշխանությունը փորձելու է կեղծել․ «Որեւիցե մեկը թող հույս չունենա, որ այս ընտրություններն ինչ-որ ձեւ տարբերվելու են»։ Ուղղակի կեղծման գործողություններ այս անգամ ընտրատարածքներում քիչ են լինելու, այն տեղամասերում, որտեղ քաղաքական ուժերը, կուսակցությունները ներկայացուցիչներ կունենան, վերահսկողություն կլինի՝ քվեատուփ գողանալ, տրցակներ փոխել քիչ են լինելու, իրենց դաշինքն էլ հիմա աշխատում է բոլոր ընտրատեղամասերում ներկայացուցիչներ ունենալու ուղղությամբ։ Նա կասկած հայտնեց, թե ինչ աստիճանի ճշտություն կապահովեն սարքերը, որ կրկնաքվեարկությունները բացառվեն, որովհետեւ այս ընտրակարգով եւ այս սարքերով դեռ ոչ ոք չի աշխատել։ Սիմոնյանը հիշեցրեց նախկինում կիրառված դրոշմակնիքների մասին, որոնք քվեարկությունից ժամեր անց անհետանում էին, մինչդեռ իշխանությունը վստահեցնում էր, որ դա վերահսկման արդյունավետ միջոց է։



Գրականագետ Դավիթ Գասպարյանն ավելի քան մտահոգ էր, որ մենք հիմա ահավոր ծանր կացության մեջ ենք, եւ Պողոսն ընտրվեց, թե Պետրոսը, շատ բան չի փոխվելու, պետք է մտածենք մեր երկիրը փրկելու մասին․ «Տնտեսություն չկա, արտագաղթը զարհուրելի չափերով ահագնանում է, մարդն իր ապագան չի տեսնում իր երկրում, ո՞վ պետք է պահպանի մեր հայրենիքի սահմանները․․․ տեսեք՝ ինչ դաշինք ձեւավորվեց մեր շուրջը՝ Ղազախստան, Ռուսաստան, Թուրքիա, սրա շարունակությունն է Ադրբեջանն ու Իսրայելը, որին ավելանում է նաեւ Իրանը։ Մենք այստեղ ո՞վ ենք, մեր վիճակն ի՞նչ է լինելու, մենք արտաքին քաղաքականության մեջ այնքան վրիպումներ ունենք, որ նետված ենք մի անկյուն։ Ես ծանր եմ տանում վերարտադրությունը, մեզ պետք են նոր մարդիկ, հայրենիքին նվիրված ազնիվ, իրական, առաքինի մարդիկ, ովքեր հայրենիքի մասին կխոսեն։ Հետո՝ մի բան է ձեւավորվել մեզանում, որ պատգամավոր, նախարար լինելը դարձրել են մասնագիտություն։ Բժիշկ ես՝ գնա բժշկություն արա, ուսուցիչ ես՝ գնա ուսուցչություն արա, հերիք եղավ, այսպես չի կարելի այլեւս»։



Գրականագետը չի վստահում նաեւ եվրոպական դիտորդներին, ովքեր իրենց կլորիկ գումարն առնում են եւ ասում, որ ամեն ինչ շատ լավ անցավ․ «Սուտ է, չհավատաք։ Ես Սերժ Թանկյանին եմ հավատում, Ատոմ Էգոյանին, Արսինե Խանջյանին, եւ եթե նրանք գան ու վերահսկեն ընտրությունները, ես էլ իմ բանուգործը կթողնեմ ու կգնամ՝ այդ օրն այնտեղ կլինեմ։ Ընտրակաշառքից ենք խոսում ու այնքան հանգիստ, բայց նախ կաշառք տվողի ձեռքը բռնեք, կաշառք տվողին դատ է հասնում, խեղճ ժողովուրդն այդ պահին մտածում է՝ գոնե սա մի քանի օրվա փրկություն է։ Կաշառք վերցնողը մեղք չունի, մենք ենք նրան դարձրել այդպես։ Մենք ծանր կացության մեջ ենք, եւ այս ընտրությունները ճակատագրական պետք է լինեն, առաջին հերթին՝ հայացք դեպի ժողովրդին։ Մի բառ կա, որ արդեն նողկանքով եմ լսում՝ մեր թիմը, մոռացեք թիմ հասկացողությունը, մեր ժողովուրդն ու հանրությունը պետք է լինեն ելակետն ու վերջակետը, ոչ թե երկու հոգի, որ դաշինքի մեջ են կամ դաշինքի մեջ չեն»։



«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Անահիտ Բախշյանն էլ, պատասխանելով այն հարցին, թե ինչ պիտի անենք, որ ժողովուրդը չգայթակղվի, ասաց․ «Իրեն պետք է ասենք, որ քո ձայնն անգին է, քո քվեն գնահատի այնքան, որ ոչ մեկը չկարողանա դրա դիմաց բան տալ, ասենք՝ 1 մլն․ դոլար, սա կատակով եմ ասում, բայց գլխավորն այն է, որ մարդը պետք է հավատա, որ ինքը կարող է փոխել, իր ձայնը կարեւոր է։ Այնուամենայնիվ, ես ինչքան հանդիպում եմ մարդկանց, մեծամասնությունը հավատում է, որ ինքն իր ձայնով պետք է փոխի եւ պետք է գնա ընտրության։ Չի ուզում իշխանությանը, ուրեմն պետք է այլընտրանք գտնի այլ քաղաքական ուժերի մեջ ու հստակ տարբերի, թե ով է իրական ընդդիմությունը եւ ով վաղը կհայտնվի նույն իշխանության մեջ»,-ասաց Բախշյանը։



Ինչ վերաբերում է ընտրությունները բոյկոտելուն, ապա Ալեն Սիմոնյանը նշեց, որ դա ամենամեծ սուտն է, որ մեր հանրությանը մատուցվել է, եւ մի ստվար զանգված դա վերցրել ու իր կարգախոսն է սարքել․ «Այն բոլոր մարդիկ, ովքեր կբոյկոտեն ընտրությունները, ուղղակի ծառայություն կմատուցեն այսօրվա իշխանություններին, բոլոր մարդիկ պետք է գնան ու մասնակցեն ընտրություններին։ Հիմա, երբ մարդիկ կոչ են անում ընտրությունների չգնալ, փոշիացնում են իշխանության դեմ դուրս եկող մարդկանց ձայները։ Այն միտքը, որ անպարտելի է իշխանությունը, ու, մեկ է՝ բան չի փոխվի, դա իշխանական թեւի տարածած գաղափարն է, որպեսզի իրենք անպարտելի լինեն, հավատացեք, թող ՀՀ-ում որեւէ մեկը Չաուշեսկուից կամ Քադաֆիից լավ տղա չլինի»։



Սոցիոլոգ, ՀՀԿ-ական Ռազմիկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր մեզանում, սոցիոլոգիայի տեսանկյունից ունի իր տեսական, գիտական բացատրությունը․ «Ամեն ընտրությունից հետո նոր տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս, նոր գործընթացներ, այդ առումով կարելի է ասել՝ ես վերջին 27 տարիների ընտրությունների ամբողջ մեխանիկան գիտեմ, այդ թվում՝ նաեւ կեղծիքների ամբողջ շարքը, նույնիսկ կեղծիքների բովանդակությունն ու բնույթն անընդհատ փոփոխվել է։ Մեզ թվում է, թե ընտրողը մի անձ է, ունի մեկ ձայն եւ իր ցանկությամբ գնում է ընտրատարածք՝ քվեարկելու։ Եթե սոցիոլոգիական տեսանկյունից նայենք, թե այդ մեկ ընտրողի որոշման վրա ինչքան գործոններ են ազդում, ապա շատ հետաքրքիր պատկեր կստացվի, որովհետեւ այդ ընտրողն ապրում է որեւէ ընտանիքում, այդ ընտանիքում կան ընտանիքի անդամներ, այդ ընտանիքն ապրում է որեւէ գյուղում կամ համայնքում․․․ այսինքն՝ այն պատկերացումը չէ, որ դեմոկրատիան մեկ անձ-մեկ ձայնն է, դա ուղիղ չի աշխատում։ Գաղտնիք չէ, որ հիմա դժգոհության աստիճանը շատ բարձր է, բայց ընտրությունների ժամանակ ուղիղ համեմատական չեն դժգոհությունն ու ընտրությունների արդյունքները, որովհետեւ ընտրությունների ժամանակ այլ մեխանիզմներ են աշխատում»,- ասաց նա ու հավելեց, որ ամեն ընտրություն բախտորոշ կարելի է համարել մեր երկրի համար։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ