Եթե խանդոտներ էլ կան, դեռ իմ ճանապարհին չեն հայտնվել

Եթե խանդոտներ էլ կան, դեռ իմ ճանապարհին չեն հայտնվել

Շաբաթ օրը ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների եւ Սերժ Սարգսյանի հանդիպմանը մասնակցել է նաեւ ԲՀԿ-ից դուրս եկած ու ՀՀԿ-ի ճամբար տեղափոխված Մարտուն Գրիգորյանը, ով ուժերը կփորձի Շիրակի ընտրատարածքում։ Այս տարածքում եւս արշալույսները խաղաղ չեն, խնդրահարույց Շիրակում յուրաքանչյուր քվեն թանկ արժե, որի պատճառով թեկնածուների միջեւ կատաղի մրցակցություն է ընթանում։



- Պարոն Գրիգորյան, ՀՀԿ ղեկավարի հետ հանդիպումն ուշագրավ էր Մասիսում նախորդած դեպքերի պատճառով, տրվեցին հատուկ հանձնարարականներ, որոնք կկանխեն մյուս ընտրատարածքներում ներթիմային բախումները։ Ու ի՞նչ գնահատական տրվեց այդ միջադեպին։
- Մասիսում նախորդած դեպքերի մասին խոսակցություն չի եղել, հանդիպման նպատակն ընտրական կազմակերպչական հարցերի քննարկումն էր, վարկանիշային թեկնածուների անելիքների հետ կապված հարցեր։



- Եվ ինչպե՞ս պետք է անեք, որպեսզի մյուս տարածքներում խուսափեք նման բախումներից։



- Դե, նմանատիպ լարվածությունները բնական են, հասկանալի է, որ տեղեր կլինեն, որտեղ նմանատիպ լարվածություն կառաջանա, քանի որ մրցակցություն է, հետեւաբար, ամեն մեկս փորձելու ենք ամեն ինչ անել հնարավորինս խաղաղ, հանգիստ ընտրություններ անցկացնել, որպեսզի նմանատիպ միջադեպերով սեւ չգցվի ընտրական գործընթացի վրա։



- Պարոն Գրիգորյան, իսկ ձեր ընտրատարածքում ներքին «բաժանում» արե՞լ եք, ինչպե՞ս պետք է անեք, որ մրցակցության ընթացքում լարվածություն չառաջանա։



- Ճիշտն ասած՝ ներքին բաժանում չկա, ամբողջ մարզն է ընտրելու ռեյտինգային թեկնածուին։ Ուղղակի այստեղ պետք է գիտակցենք, որ բավականին զգույշ աշխատենք, ինչպես նաեւ՝ եթե իքս մարդն աշխատում է իմ կամ մեկ ուրիշի թիմի համար, ապա հարգանքով պետք է մոտենանք նաեւ այն մարդկանց, որոնք ցանկանում են այլ թեկնածուի համար աշխատել։ Հասկանալի է, որ ամեն թեկնածու էլ ուզում է ինքն ամենաշատ ձայները հավաքել, բայց մարզը մեծ է, ու ես կարծում եմ, որ բոլորին էլ կբավականացնի այդ ցանկությունները բավարարելու համար։ Հասկանալի է՝ ընտրություններ են, բոլորի նյարդերը լարված են, բայց պիտի զգոն լինենք, որ ընտրությունները չստվերենք։



- Շիրակի մարզում բացառվո՞ւմ է նման ընդհարումը, որովհետեւ տեղեկություններ կան Ձեր եւ Արման Սահակյանի միջեւ հասունացող լարվածության մասին։



- Ես չգիտեմ, թե նման ինֆորմացիաները ով է շրջանառության մեջ դրել, թեպետ մեծ հաշվով հասկանալի է․․․ Չեմ ուզում ավելին ասել, էս պահի դրությամբ որեւէ մեկի հետ լարվածություն չունեմ, իմ թիմն աշխատում է, մենք ավելի շատ աշխատում ենք, քան ընկնում նման բամբասանքների հետեւից։



- Գյումրու քաղաքապետն ո՞ւմ է պաշտպանելու՝ Ձե՞զ։ Քաղաքապետի ընտրություններում Դուք չառաջադրվեցիք՝ կարծեմ պայմանավորվածություն կար, որ ինքն էլ Ձեզ համար պիտի աշխատի, բայց չէ՞ որ Դուք նույնպես, ըստ լուրերի, ամեն ինչ արեցիք, որ նրա որդին ռեյտինգայինով թեկնածություն չառաջադրի։



- Ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ քաղաքապետը պաշտպանի ինձ, բայց, ամեն դեպքում, նա սատարելու է ընդհանուր թիմին, իսկ թե եղած թեկնածուների միջեւ նախապատվությունն ում է տալիս, կարծում եմ՝ դա էլ բնական է։
- Ի՞նչն է բնական։



- Բնական է նրանով, որ քաղաքապետի ընտրություններին ես իմ թիմով սատարել եմ Բալասանյան Սամվելին, դաշինքին։ Այս պահի դրությամբ եթե քաղաքապետը ցանկություն է հայտնում ինձ պաշտպանելու, դա բնական է։



- Իսկ դա խանդ չի՞ առաջացնի Ձեր թիմակիցների շրջանում, որովհետեւ Բալասանյանն իր լծակները գործադրելու է Ձեր օգտին։



- Ես կարծում եմ, որ դա ոչ մեկի մոտ չպետք է խանդ առաջացնի, ամեն ինչ շատ պարզ է, հասկանալի ու տեսանելի։ Իմ ու քաղաքապետի պահով հաստատ չկա մեկը, ում համար անհասկանալի կլինի, թե ինչու պիտի էդպես լինի։ Եթե խանդոտներ էլ կան, էս պահի դրությամբ դեռ իմ ճանապարհին չեն հայտնվել։



- Իսկ եթե հայտնվե՞ն․․․ կչեզոքացնե՞ք։



- Երբ հայտնվեն, կորոշենք։



- Գյումրու մարզպետը ՀՅԴ-ական է, կհաջողվի՞ ձեր կոալիցիոն գործընկերոջ հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել, նա արդյոք չի՞ օգտագործում վարչական լծակները։



- Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր թիմի անդամ աշխատելու է ի շահ իր թիմի, եւ դա բնական է։ ՀՅԴ-ն էլ կոալիցիոն գործընկեր է, եւ այստեղ էլ կա թիմային իրար հասկանալու, իրար չխանգարելու հարց։ Կոնկրետ իմ պարագայում համագործակցություն կա նորմալ, նորմալ աշխատում ենք մարզպետի հետ, նման ամբիցիաներ չկան։



- Քանի որ Վարդան Ղուկասյանն այս ընտրություններում եւս Ձեր մրցակիցն է, հնարավո՞ր է բախում լինի այդ դաշտում։



- Դրանց մասին չեմ ուզում խոսել։



- Առհասարակ, ռեյտինգային ընտրակարգը կոնկրետ Ձեր դեպքում հնարավո՞ր է էլ ավելի խորացնի թշնամանքը մրցակիցների հետ, առհասարակ՝ փչացնի հարաբերությունները երբեմնի ընկերների հետ։



- Դե, բնական է, որ այս ընտրությունները տարբերվում են նախորդներից, պայքարը մտել է նաեւ թիմ, բայց արդյունքում շահում է կուսակցությունը, հետեւաբար, բոլորը պետք է հասկանան, որ ամեն ինչ թիմի համար է արվում։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ