Ժիրայր Սեֆիլյանի ու Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ

Ժիրայր Սեֆիլյանի ու Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ հայտարարություն են տարածել.



«Այսօր մենք ավելի շատ պետք է մտածենք նրա ինքնազոհաբերության համազգային ուղերձի մասին՝ ամեն գնով ու ոչինչ չխնայելով մեր ջանքերը համախմբել հանուն գաղութային վարչակազմի հեռացման, Արցախի իրավական միացման, պետական ինքնիշխանության եւ ժողովրդավարության:



Սրանք քայլեր են, որ պետք է կազմեն մեր համազգային օրակարգը՝ նախադրյալներ ստեղծելով Կուր-Արաքսյան նոր հանրապետության կայացման եւ Հայրենիքի ամբողջական վերատիրացման ու հայության բոլոր իղձերի իրականացման համար»,-նշված է հայտարարության մեջ:



Ըստ Սեֆիլյանի եւ Ավետիսյանի՝ Արթուր Սարգսյանին «տանջամահ անելով, գաղութային վարչակազմն ուզեցավ սպանել մեր այս իղձերը»:



«Սակայն Արթուրն իր կենսահավատ վճռականությամբ կյանքի գնով հաղթեց մահին եւ, անմահների շարքն անցնելով, ոգեշնչեց եւ ուժ տվեց բազմահազար պայքարողներին:



Արթուրն իր օրինակով նաեւ վերասահմանեց եւ բոլորիս որպես պատգամ թողեց մարդու, հայի եւ քաղաքացու այն անհրաժեշտ չափանիշները, առանց որոնց մենք դատապարտված էինք լինելու»,ասված է հայտարարության մեջ:



Ցավակցություն հայտնելով Արթուրի հարազատներին եւ մեր ժողովրդին, Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը կոչ են անում հավատարիմ մնալ կյանքը չխնայելով մեզ Հաց ու Հավատ բերած նրա բազմախորհուրդ պատգամին»: