Էրդողանին կրկին կանչում են Մոսկվա

Էրդողանին կրկին կանչում են Մոսկվա

Վերջին ամիսներին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բախումների մեջ է միջազգային հանրության կարծիքի հետ: Անհաջողությունների շղթան, որ կարծես ընդհատվել էր Ռուսաստանի հետ «բարեկամությունը» վերականգնելուց հետո, շարունակվեց արդեն Եվրոպայում: Սիրիացի փախստականների հարցով թուրք-եվրոպական նախընթաց հակասությունները նոր հուն մտան` այս անգամ արդեն Թուրքիայում սպասվող հանրաքվեի պատճառով, որով Թուրքիան խորհրդարանական համակարգից պետք է անցում կատարեր նախագահական կառավարման համակարգի` ընդլայնելով օրվա նախագահի առանց այդ էլ լայն լիազորությունները: Եվրոպական մի շարք երկրներ նույնիսկ մուտքի արտոնագիր չտրամադրեցին թուրք պաշտոնյաների (ընդհուպ արտգործնախարարին)` այդ երկրների թուրքական համայնքներում սահմանադրական հանրաքվեի «այո»-ն քարոզելու, հանրահավաքներ կազմակերպելու համար: Եվրոպան, փաստորեն, հանրաքվեն չկայացած, արդեն իսկ «ոչ» ասաց Էրդողանի նախաձեռնությանը` հասկացնելով, որ չի ընդունելու նաեւ հանրաքվեի արդյունքները:



Այս անհաջողությունից հետո Էրդողանին օդի ու ջրի պես անհրաժեշտ էր ԱՄՆ աջակցությունը, եւ, ի պատիվ իրեն, պետք է ասել, որ նա օդում որսաց Թրամփի համակրանքին արժանանալու առաջին իսկ պահը: ԱՄՆ-ն Սիրիայի նախագահին եւ կառավարությանը մեղադրեց խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք գործադրելու մեջ եւ, օգտագործելով այդ պատրվակը, հրթիռակոծեց սուվերեն երկրի ռազմաբազան: Ռուս-ամերիկյան հարաբերությունները Սիրիայում հայտնվեցին խզման եզրին, աշխարհի առաջ հառնեց մեծ պատերազմի ուրվականը: Այդ իրավիճակում Ռուսաստանի հետ «բարեկամացած» Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ իր երկիրը պաշտպանում է Սիրիային հարվածելու Թրամփի որոշումը, եւ, առհասարակ, ժամանակն է վերջ տալու Ասադի ռեժիմին: Դա հավասարազոր էր Սիրիայում եւս մեկ ռուսական ինքնաթիռ խոցելուն, եւ Մոսկվայի արձագանքը չուշացավ` Լավրովը զանգահարեց Չավուշօղլուին: Այդ հեռախոսազրույցի մանրամասները չհրապարակվեցին, այլ նշվեց միայն, որ նրանք քննարկել են Սիրիայի խնդիրը եւ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: Դժվար չէր հասկանալ, սակայն, որ Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկերոջն ընդամենը հիշեցրել էր Պուտինի հայտնի խոսքը, որով ՌԴ ղեկավարը գնահատել էր ռուսական Су-25-ի խոցումը Թուրքիայի օդուժի կողմից` «Դանակով հարված թիկունքին»:
Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն տեղի ունեցավ այդ երկրի համար քաղաքական շատ բարդ պայմաններում: Եվրոպան չէր ընդունում սուլթանության ստեղծումը, լարվել էին հարաբերությունները Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ն չէր շտապում շնորհակալություն հայտնել ՆԱՏՕ-ի իր դաշնակցին` հրթիռակոծման հարցում իրեն պաշտպանելու համար: Այդուհանդերձ, Էրդողանին հաջողվեց չնչին առավելությամբ անցկացնել «այո»-ն, որը շատ անսպասելի ողջունեց Պուտինը` հույս հայտնելով, որ հետագա բարեփոխումները կծառայեն Թուրքիայի առաջընթացին: Դա պետք է շոկ առաջացներ Թուրքիայում, մանավանդ որ ԱՄՆ պետդեպը հայտարարել էր հանրաքվեի մասին ԵԱՀԿ միջազգային դիտորդների կարծիքներից իր անհանգստության մասին: ԱՄՆ մերժումն այդ իրավիճակում Թուրքիային կնետեր Ռուսաստանի գիրկը, ինչը կազդարարեր նաեւ այդ երկրի մասնատման գործընթացի սկիզբը: Եվ դարձյալ Էրդողանին հաջողվեց ժամանակավորապես խույս տալ կործանումից: Չնայած Պուտինի դրվատանքին` նա հայտարարեց առաջիկայում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպելու մասին:



Ռուսաստանում ճիշտ հասկացան Էրդողանի այդ հայտարարությունը եւ գործի անցան: Ապրիլի 20-ին ռուսական լրատվամիջոցները շրջանառության մեջ դրեցին Թուրքիայի հետ խնդիրներին առնչվող մի քանի տեղեկատվություն, որոնց նպատակն էր Թուրքիային ոչ վաղ անցյալի մղձավանջը հիշեցնելը: Մոսկվայի ձեռնարկած հակաթուրքական այս նոր արշավում ամենահատկանշականը, թերեւս, «դանակով հարված թիկունքին» արտահայտության վերաթարմացումն էր, որով ՌԴ գյուղնախարարը բնութագրեց ռուսական գյուղմթերքների համար թուրքական շուկայում լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու Թուրքիայի իշխանությունների որոշումը: Նրա թուրք գործընկերը ցույց տվեց, թե չի հասկանում այդ արտահայտության իմաստը, ի պատասխան ռուս նախարարը պարզաբանեց. «Դա մի պարզ արտահայտություն է, որ բնութագրում է գործերի վիճակը»: Այսքանից հետո այդ արտահայտության ենթատեքստը դժվար չէր կարդալը:
Քիչ անց ռուսական մամուլում հայտնվեց Թուրքիայի համար խիստ անցանկալի լուր` Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունի կազմակերպիչներից մեկը խոստովանեց, որ Ռուսաստանում ահաբեկչություններ իրականացնելու համար ֆինանսավորվում է Թուրքիայում գործող ահաբեկչական կառույցների կողմից: Էրդողանի պարանոցի շուրջ օղակը սեղմվեց եւս մի տեղեկատվությամբ․ Մոսկվա-Կահիրե հեռուստակամրջի ժամանակ այդ երկրի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահը հայտարարեց, որ Թուրքիան Սիրիայում աջակցում է ահաբեկչությանը եւ հովանավորում ոչ վաղ անցյալում Եգիպտոսում գահընկեց արված, ավելի ուշ նաեւ արգելված «Մահմեդական եղբայրներ» ահաբեկչական խմբավորմանը: Սա արդեն ուղղակի հարված էր նաեւ ԱՄՆ-ին, որովհետեւ հենց ԱՄՆ-ի ջանքերով էր այդ խմբավորումն իշխանության եկել Եգիպտոսում:



Ռուսական ԶԼՄ-ների աշխատանքը հիրավի նախանձի է արժանի: Ապրիլի 20-ի ուշ երեկոյան իմանում ենք, որ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովին լրագրողները հարց են ուղղել առաջիկայում Պուտինի եւ Էրդողանի միջեւ Մոսկվայում հնարավոր շփումների մասին: Պեսկովը պատասխանել է. «Այո, երկու երկրների նախագահներն իրենց վերջին հեռախոսազրույցում քննարկել են հնարավոր շփումների կազմակերպման հարցը»: Այսքանից հետո ռուսական լրատվամիջոցները չեն զլանում հիշեցնել. «Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր ՄՆ նախագահ Դոնալդ Թրափի հետ առաջիկայում հանդիպելու մասին»:
Թուրքիան կրկին հայտնվել է երկընտրանքի առաջ, այս իրավիճակում թերեւս ճիշտ կլինի ասել` ամերիկյան զնդանի եւ ռուսական մուրճի արանքում, եթե հաշվի չառնենք նաեւ Եվրոպայի հակակրանքը, որն իր գագաթնակետին է հասել Էրդողանի հերթական հոխորտանքից հետո, թե պատրաստ է նոր հանրաքվե անցկացնել ԵՄ անդամության նպատակահարմարության հարցով:



Այս պահին շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ աշխարհի վերաբաժանման գործընթացներում: Տպավորություն է, որ ԱՄՆ-ն փորձում է ավելի գլոբալ մոտենալ հարցին եւ, Սիրիայում թաղվելու փոխարեն, ընդլայնել կարկանդակը` իր անհաղթահարելի մրցակիցներին` Ռուսաստանին եւ Չինաստանին, հետագայում նաեւ Իրանին, որոշ մասհանումներ կատարելով` նոր աշխարհակարգ ձեւավորել: Չինաստանի ներգրավումը Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրերի տապալմանը, Ռուսաստանի հետ փոխգործակցության վերականգնումը Սիրիայում, որ ընդհատվել էր սիրիական ռազմակայանի հրթիռակոծումով (ԱՄՆ պետքարտուղարի այցը Մոսկվա), Իրանի դեմ ուղղված ամերիկյան քարոզչության մեղմացումն այդ մասին են խոսում: Անընդհատ շրջանառության մեջ է պահվում նաեւ Պուտին-Թրամփ պատմական հանդիպման հնարավորությունը, որը կարող է պարզեցնել այս խառնաշփոթը: Կհաջողվի՞ գերտերություններին վերջնականապես լուծել բռնակալների, այդ թվում՝ նաեւ Էրդողանի ու տարբեր ժողովուրդների բնօրրանների վրա ստեղծված սուլթանական Թուրքիայի հարցը եւ խաղաղություն հաստատել մի տարածաշրջանում, որ Հյուսիսային Աֆրիկայից ձգվում է մինչեւ Հնդկաստան եւ տագնապի մեջ է պահում ողջ մարդկությանը` ծնելով բռնակալներ, ահաբեկչություն, միջուկային սպառնալիք։ Հավանաբար, ստիպված ենք ապավինել ժամանակին:




Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ