Մամուլի թշնամին՝ ԱԺ նախագահ

Մամուլի թշնամին՝ ԱԺ նախագահ

Երեկ վերջապես ՀՀԿ-ն գաղտնազերծեց, թե ովքեր կլինեն ղեկավար պաշտոններում: ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի 70-ամյա Արա Բաբլոյանը, այս որոշման մասին ՀՀԿ-ականները իմացել են նիստից մեկ-երկու ժամ առաջ, սակայն նախկին նախարարի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել: «Նախ այն, որ Բաբլոյանը 70 տարեկան է եւ ընդհանրապես չի տեղավորվում ՀՀԿ-ի որդեգրած սերնդափոխության քաղաքականության մեջ, եւ երկրորդ․ որքան էլ ներսում բոլորի հետ լավ հարաբերություններ ունի, այնուհանդերձ, դեռ հարց է՝ կկարողանա՞ դժվար իրավիճակներում Մաեստրոյի նման վարպետորեն դուրս գալ, համբերատար շփվել լրագրողների հետ»,-ասել է հայտնի ՀՀԿ-ականներից մեկը մեր թղթակցին, համոզմունք հայտնելով, որ Բաբլոյանն անցումային ԱԺ նախագահ է՝ 2018թ․ կփոխվի: Ի դեպ, մեր ընկալման մեջ էլ Արա Բաբլոյանն այն եզակի մարդկանցից է, ով մամուլի, մասնավորապես «Հրապարակի» հետ շուրջ երկու տարի է՝ դատական վեճի մեջ է։ Թեեւ բժշկելու եւ վրեժխնդրության գաղափարները ոչ մի կերպ չեն համատեղվում։ Սակայն դառնանք խորհրդարանին․ ԱԺ փոխնախագահների մասով որեւէ նորություն չկա․ թե Շարմազանովի, թե Արփինե Հովհաննիսյանի թեկնածություններն սպասելի էին եւ վաղուց հայտնի: Թեեւ ՀՀԿ խմբակցության ղեկավարի համար շրջանառվում էր Արմեն Աշոտյանի անունը, սակայն Սերժ Սարգսյանը որոշեց, որ նախկին խմբակցության ղեկավարությունը՝ Վահրամ Բաղդասարյանն ու Գագիկ Մելիքյանը, լավ է աշխատել, ուստի կշարունակի աշխատանքը: Ֆինանսաբյուջետային հանձնաժողովը կգլխավորի Գագիկ Մինասյանը, արտաքին հարաբերություններինը՝ Արմեն Աշոտյանը, տնտեսական հարցերինը՝ Խոսրով Հարությունյանը, պետաիրավական հարցերինը՝ Հրայր Թովմասյանը, ներքին գործերինը՝ Կորյուն Նահապետյանը, առողջապահությանը՝ Հակոբ Հակոբյանը: