Հերթ էին կանգնում, որ տեսնեին Մանվել Գրիգորյանին. պաշտպան

Հերթ էին կանգնում, որ տեսնեին Մանվել Գրիգորյանին. պաշտպան

«Էական նշանակություն ունեցող նոր փաստեր չենք վկայակոչել՝ նախորդ դատական նիստի հետ համեմատած, ուղղակի տեղի է ունեցել արդարադատության իրականացում՝ պայմանավորված նաեւ դատավորով»։ Այս մասին «Հրապարակ»֊ի հետ զրույցում ասաց  Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով 25 միլիոն դրամ գրավի դիմաց նրա ազատ արձակմանը։

Նա չցանկացավ նշել, թե ովքեր են մուծել գրավը։

Անդրադառնալով նաեւ դատարանի որոշման դեմ ակցիա իրականացնողներին՝ պաշտպանն ասաց, որ դա ուղղված է իշխանության դեմ. «Մանվել Գրիգորյանին Էջմիածնում շատ ջերմ են ընդունում։ «Բողոքի ցույց» ասվածը, երեւի թե այստեղ հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը անելիք ունի։

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման առթիվ բազմաթիվ մարդիկ ուրախացել են, իսկ բողոքի ցույց անողները... նորմալ է, մարդիկ իրենց կամքն են արտահայտում։ Այդ ակցիաները Մանվել Գրիգորյանի դեմ չեն, արդարադատության դեմ են, գործող իշխանության դեմ են։ Կրկնում եմ՝ Մանվել Գրիգորյանին ընդունել են շատ ջերմ թե իր ընտանիքի անդամները, թե ընկերները, թե մարտական ընկերները եւ նրանց թիվը 20 անգամ ավելի շատ էր, քան ցույց անողներինը։ Ուղղակի տեղ չկար, հերթ էին կանգնում, որ իրենց զորակցությունը հայտնեին, տեսնեին Մանվել Գրիգորյանին»։


Հարցին՝ Գրիգորյանի հարջորդ քայլը ո՞րն է լինելու, Արսեն Մկրտչյանը նշեց՝ բուժում ստանալը։ Այսօր բժիշկն այցելել է նրան։

 Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր նախկինում ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: