Կա պետական մոտեցման սխոլաստիկություն

Կա պետական մոտեցման սխոլաստիկություն

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

  -Ինչպիսի՞ խորհրդարան ունենք դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում։ 

֊Հնարավորինս երիտասարդական կազմով խորհրդարան ունենք:

֊Արդյո՞ք այն վերջապես կլինի քաղաքական, ինչպես 1990-1995թթ. խորհրդարանն էր, թե՞ կլինի դրանից հետո եղածների պես։

֊Ցույց կտա ժամանակը։

֊Առանձին անհատներ, օրինակ՝  Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը,  առաջարկում են խորհրդարանից դուրս հրավիրել քաղաքական խորհրդակցություններ, քննարկել երկրի կարեւորագույն խնդիրները, առաջարկել քաղաքական օրակարգ։  Պատրա՞ստ եք ընդունել այդ առաջարկը։

- Ժողովրդավարական երկրներում քաղաքական օրակարգ իրավունք ունեն առաջարկել թե՛ իշխանությունը, թե՛ արտաիշխանական կազմավորումները: Մեզ նման առաջարկ չի արվել:

 - Մեզ իսկապես պե՞տք են մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները, թե՞ պետք է դրանք միավորել կամ լուծարել։

-Եթե կան մշակութային քաղաքական տեսլական և այն իրականացնելու կամք, ինչն ամենևին առանձին չի կարող լինել կրթական և գիտական տեսլականից, ապա ցանկացած լուծում էլ դրական կարող է դիտարկվել: Խնդիրն ամենևին դրանց միասին կամ առանձին լինելու մեջ չէ, այլ տեսլականի առկայության և քաղաքականության բովանդակության մեջ: Իսկ սեփական պետության բնակչությունից ավելի մեծ սփյուռք ունեցող ժողողովրդի համար պարտադիր է համակարգող ինչ-որ մի փոքրիկ կառույցի գոյությունը, ասենք, վարչապետին կից, սակայն պետական մոտեցման մի փոքր սխոլաստիկություն կա, երբ այն հանդես է գալիս նախարարության տեսքով:

Իհարկե, Մեծ Բրիտանիան ժամանակին ուներ գաղութների հարցերով նախարարություն, կարծեմ՝ այսօր էլ Ֆրանսիան իր անդրօվկիանոսյան տարածքների նախարարություն ունի, բայց մեր հանգամանքը միանգամայն այլ է. մեզանում այն տարբեր գերատեսչությունների տեղեկատվության և գործունեության միայն համակարգման կարևոր խնդիր պետք է համակարգի՝ ներկայացնելով երկրի ղեկավարի հավանությանը և, ի կատարումն, գրեթե բոլոր նախարարություններին: Կարծում եմ, երբևէ հենց այդպես էլ կլինի, երբ մեր պետությունն առավել հասուն դառնա: