Ո՞վ կդառնա չեմպիոն․ հակասական կարծիքներ

 Ո՞վ կդառնա չեմպիոն․ հակասական կարծիքներ

Կատարում ֆուտբոլային տոնը շարունակվում է, Աշխարհի 2022 թվականի առաջնությունը բավականին դիտարժան է՝ լի սենսացիաներով ու անակնկալներով։ Խմբային փուլի երկրորդ տուրը ևս արդեն կարելի է ավարտված համարել, սակայն ընդգծված առաջատարներ չկան, առաջնությանը մասնակից յուրաքանչյուր երկրի հավաքական երրորդ տուրից առաջ դեռևս պահպանում է շանսերը խմբային փուլի արգելքի հաղթահարման հարցում։ Միայն Ֆրանսիայի հավաքականն է, որ անցկացրած երկու խաղում նույնքան հաղթանակ է տարել ու ապահովել տեղը 1/8 եզրափակչում։

Բրազիլիայի ու Պորտուգալիայի հավաքականները, որոնք առաջին տուրում բավականին տպավորիչ ֆուտբոլ խաղացին, իրենց երկրորդ հանդիպումները դեռևս չեն անցկացրել և վերոնշյալ ցուցանիշով միայն Բրազիլիան ու Պորտուգալիան կարող են հայտնվել Ֆրանսիայի կողքին՝ երկու խաղ, երկու հաղթանակ։ Այս առաջնության առաջին սենսացիան տեղի ունեցավ Արգենտինա- Սաուդյան Արաբիա խաղի մրացավարի՝ հանդիպման ավարտը ազդարարող սուլիչից հետո, սակայն Գերմանիան ու Բելգիան նույնպես փորձեցին հետ չմնալ Արգենտինայից «տպավորիչ այս ցուցանիշով»։

Գերմանացի ու բելգիացի երկպագուները դեռ երկար կհիշեն համապատասխանաբար Ճապոնիայից ու Մարոկկոյից կրած խայտառակ այս պարտությունները։ Արգենտինայի հավաքականը թեպետ երկրորդ խաղում հաղթանակ տարավ՝ երկու անգամ խոցելով մրցակցի պաշտպանած դարպասը, սակայն Արգենտինայի հավաքականի հասցեին քննադատությունները փաստորեն անգամ հաղթանակից հետո չեն դադարում։ Ֆուտբոլային մասնագետները շարունակում են պնդել՝ նման թափթփված ու ոչ կայուն խաղով Արգենտինան չի կարող երկար ճանապարհ անցնել աշխարհի այս առաջնությունում, իսկ վերջին հաղթանակը պայմանավորում են միայն Լեո Մեսսիի խփած ֆանտաստիկ գոլի գործոնով։  Այս կարծիքի ընդդիմախոսներն էլ հակառակն են պնդում, բերում Պորտուգալիայի հավաքականի օրինակը, երբ 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը նույն թափթփված խաղով, ոչ-ոքիներով հասան եզրափակիչ, ապա դարձան չեմպիոն։  

Ֆրանսիան անընդմեջ երկու հաղթանակից հետո կարծես դարձել է առաջնության հաղթողի գլխավոր ֆավորիտը, բայց շատերի կարծիքով էլ Դանիայի ու Ավստրալիայի հավաքականները այն թիմերը չեն, որոնց նկատմամբ հաղթական հանդիպումներից հետո կարելի է հստակ կարծիք ձևավորել Ֆրանսիայի շանսերի ու հնարավորությունների հետ կապված։ Իսպանիան «տիկի-տակայով» շարունակում է շարժվել առաջ՝ երկու խաղ, 1 հաղթանակ, մեկ ոչ-ոքի, բայց այդ ոչ-ոքին Էնրիկեի սաները խաղացել են Գերմանիայի ընտրանու դեմ, որը, չմոռանանք, առաջնության մեկնարկից առաջ հաղթողի գլխավոր ֆավորիտներից էր, այսինքն՝ Գերմանիայի այս հավաքականի դեմ ոչ-ոքին միանշանակ վատ արդյունք չէ։