Ֆեյսբուքյան քվեարկության արդյունքները

Ֆեյսբուքյան քվեարկության արդյունքները

  Ֆեյսբուքում անցած յոթ օրերին քվեարկություն էր ընթանում՝ «ո՞ւմ եք տեսնում Արցախի նախագահի պաշտոնում» հարցով: Թեկնածուները երկուսն էին` ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մայիսի 9-ի կեսօրին արդյունքներն ամփոփվեցին․ Սամվել Բաբայան` 31, Արայիկ Հարությունյան` 69 տոկոս: Քվեարկել է ավելի քան 47 հազար օգտատեր: Սամվել Բաբայանն ստացել է 14 հազար, Արայիկ Հարությունյանը` 32 հազար ձայն: Արցախում գրանցված է մոտ 100 հազար ընտրող, մասնակցությունը սովորաբար հասնում է 60-70 տոկոսի:

  Այս դեպքում մասնակցել է ընտրողների 47 տոկոսը: Դա բավականին բարձր ներկայացվածություն է: Եթե ընտրությունները տեղի ունենային մայիսի 9-ին, եւ դրանց մասնակցեին Սամվել Բաբայանն ու Արայիկ Հարությունյանը, ապա վերջինիս հաղթանակը կլիներ աներկբա:

  Ըստ երեւույթին, ֆեյսբուքյան հարցումը կազմակերպվել էր նպատակադրվածությամբ, որպեսզի եռատոնի օրն ամփոփվեին արդյունքները: Երեւի կազմակերպիչները վստահ էին, որ մարդիկ նախապատվությունը կտան Սամվել Բաբայանին, եւ հաղթանակի օրը ՊԲ նախկին հրամանատարի համար ապահովված կլիներ նախագահի ֆավորիտ թեկնածուի կերպար: Իրական պատկերը, ինչպես տեսնում ենք, այլ է: Եվ կարելի է անվերապահորեն արձանագրել` նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը նախագահի մրցակցությունից դուրս թեկնածու է:

  Ֆեյսբուքյան քվեարկությունը պարզեց Արցախի ներքաղաքական իրավիճակը: 32 հազար հավանական ընտրող արդեն այսօր Արցախի նախագահի պաշտոնում տեսնում է Արայիկ Հարությունյանին: Կարելի է մեծ հավանականությամբ արձանագրել, որ շրջանառվող թեկնածուներից ուրիշ ոչ ոք նման վարկանիշային ցուցանիշի հասնել չի կարող: Հետեւությունը բխում է ինքնին. Արայիկ Հարությունյանը, վստահաբար, գլխավորում է նախագահի թեկնածուների վարկանիշային ցուցակը, եւ մյուսները պետք է կողմնորոշվեն, թե իրենցից ով է լինելու նրա մրցակիցը եկող տարվա նախագահական ընտրություններում: