Տիգրան Հակոբյանը հայ-ռուսական կարծրատիպեր է կոտրում

Տիգրան Հակոբյանը հայ-ռուսական կարծրատիպեր է կոտրում

Այսօր Երևանում ընթացող «Լազարևյան ակումբի» «Ռուսաստանի և Հայաստանի լրատվամիջոցների անկեղծ զրույց»-ը խորագրով քննարկմանը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հանդես եկավ ելույթով և նշեց, որ փորձագիտական դաշտում գոյություն ունեն կարծատիպեր-մոլորություններ, թե Հայաստանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանը թույլ է ներկայացված եւ նշաձողն ուրիշներն են զբաղեցնում: Տիգրան Հակոբյանը նշեց, որ դրանք ուզում է կոտրել սոսկ թվերով ու փաստերով, ոչ թե ինչ-ինչ վերլուծություններով։

«Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը, որի մասին շատ քիչ մարդիկ գիտեն։ Եթե այս տարածքի ողջ տեղակատվությունը համադրության մեջ դիտարկում ենք, ապա բացի ռուսաստանյանները, օտար հեռարձակողների ներկայությունը, նկատի ունեմ՝ ԱՄՆ-ը, Եվրոպան, Չինաստան, Արաբական աշխարհ, մեր հարևաններին, շատ ավելի ցածր մակարդակով են ներկայացված, քան ռուսաստանյան հեռարձակողները։  Հիշեցնեմ, որ ՌԴ միակ թվային Մուլտիպլեքսում հեռարձակվում են և՛ ռուսաստանյան հեռուստատեսությունը՝ РТР-ը , և՛ «Առաջին ալիքը»,  «Կուլտուրան», և՛ միակ միջպետական «ՄԻՐ» ալիքը։ Այսինքն՝ կան 4 հեռարձակողներ, որոնցից մեկը՝ հանրապետական ծածկույթով։ Այսինքն՝ նվազագույն սոցիալական անվճար փաթեթում։ Միևնույն ժամանակ, այստեղ կա միայն մեկ օտար հեռարձակող՝ CNN-ը, այն էլ միայն անգլերեն և միայն՝ քաղաքային ծածկույթով, որի լսարանը մեր դիտարկումներով ՝ձգտում է դեպի 0-ն։ Նույնը՝ ռադիոյի դաշտում», -հայտարարեց Տիգրան Հակոբյանը։

Ըստ նրա՝ նույնը վկայում են մալուխային ցանցերում չոր թվերը։ Այսպես․մալուխային ցանցերով հեռարձակվում են 155 ռուսական հեռարձակողներ՝ ամենատարբեր հաղորդումներով՝ մանկականից մինչեւ մշակութային ու որսորդություն ու ձկնորսություն ։ Այսինքն՝ լրիվ ռուսական կոնտենտ՝ ռուսերեն լեզվով։ «Ես չեմ հասկանում, երբ խոսում են Հայաստանի տեղեկատվական շուկայում ռուսական լրատվամիջոցների ներկայության մեծացման մասին: Այլ հարց է, թե դրանք որքանով են արդյունավետ օգտագործվում»,- ասաց Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ երբեմն տեղեկատվությունն անգամ ավելի շատ է, քան անհրաժեշտ է:

Հիշեցնենք, հայաստանյան լրատվադաշտում ՌԴ-ի ոչ բավարար ներկայացվածության մասին խոսել էր ռուս քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Տիգրան Հակոբյանն այս չոր թվերը ներկայացնելուց հետո ամփոփելով՝ նկատեց, թե կարելի է պատկերացնել հայաստանյան հարկատուի վիճակը, երբ նա տեսնում է, որ իր գրպանի հաշվին Հայաստանում հեռարձակվում են զուտ ներռուսաստանյան թեմատիկա ու հետաքրություն ունեցող հաղորդումներ ազգային Մուլտիպլեքով։ Հատկապես, երբ միացնում ես ռուսաստանան պետական ալիքն ու քո մասին ոչ այնքան հաճելի բաներ ես լսում։