Եվս մեկ բաց նամակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Եվս մեկ բաց նամակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ

Դիմում եմ Ձեզ որպես մի մարդու, ով հավատացրեց Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներիս, որ մեր երկրում օրենքը լինելու է գերակա: Ցավոք ավելի քան մեկ տարի ծեծում եմ համապատասխան կառույցների երկաթե դռները, բայց ապարդյուն: Ես այլևս ինձ պաշտպանված չեմ զգում իմ երկրում, որտեղ խախտվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքս: Այն խախտվում է որոշ պաշտոնյաների քմահաճույքով, ապօրինի կայացված որոշումներով, ՀՀ Սահմանադրությունն, ասել է թե Հայաստանի Հանրապետությունը նսեմացնելով: 

Սա իմ երկրոդ բաց նամակն է, իսկ Ձեզ հասցեագրված վերջին դիմումիցս անցել շուրջ 6 ամիս: Խնդրում եմ պատասխանեք, թե որքան ժամանակ է անհրաժեշտ Ձեր ենթականերին իմ խնդիրն օրենքով կարգավորելու համար: 

Հարգելի Նիկոլ Փաշինյան, այս անգամ պարզապես զերծ կմնամ որոշ պաշտոնյաների անուններ տալուց, քանի որ վստահ եմ, որ նախկին դիմումներիցս տեղյակ եք, որտեղ մանրամասն ներկայացրել եմ խնդիրը և այդ խնդիրը ստեղծող պաշտոնյաների անունները: Չգիտեմ Ձեզ ինչ են ներկայացնում, բայց հավաստիացնում եմ՝ իրավունք է խախտվում, այն էլ սեփականության իրավունք: Այդ պաշտոնյաները չեն ցանկանում հաշվի նստել մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի հետ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքը ճանաչվում և հավասարապես պաշտպանվում է օրենքով»: Ցավով եմ հայտնում, բայց իմ պարագայում այն օրենքով չպաշտպանվեց: 

Պարոն վարչապետ 

Ձեզ հասցեագրված վերջին իմ դիմումի պատասխանը (ուղարկված 25.02.2019 թ-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից) ստացել եմ 18.03.2019թ-ին, որտեղ Կոտայքի մարզպետ

Ռ. Պետրոսյանը զեկուցում է ՀՀ ՏԿԶ նախարար Ս. Պապիկյանին, որն էլ իր հերթին զեկուցում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանին: Ու այս շղթայի մեջ իրականում որևէ ողջամիտ լուծում չի առաջարկվում: Ես հանդիպել եմ նաև Աբովյան համայնքի ղեկավար Վ.Գևորգյանի և Կոտայքի մարզպետարանի իրավաբանական վարչության ներկայացուցիչի հետ, որտեղ ինձ առաջարկվել է սեփականությունով ինձ պատկանող հողատարածքը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող այլ հողատարածքի հետ: Քննարկման արդյունքում ներկայացրել եմ ինձ համար հարմար երկու տարբեր վայրերում գտնվող հողատարածքներից մեկի ձեռքբերման տարբերակի ցանկություն, որոնցից մեկը հետո պարզվել է, որ հանդիսանում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հող (հիմք' ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի), իսկ մյուս տարբերակը ևս մերժվել է, թեև համաձայնվել էի իմ բնակության վայրին մոտ 48 քառ. մետր տարածքը փոխանակել առավել հեռու գտնվող 200 քառ. մետր մակերեսով տարածքի հետ՝ առանց լրացուցիչ վճարումների: Այս տարբերակների փոխարեն ինձ առաջարկվել է այլ և բացառապես մեկ հողային տարբերակ՝ Աբովյան համայնքի 3-րդ միկրոշրջան թաղամասում (Աբովյան սուպերմարկետի հետնամասում): Սա բնավ էլ «հրաշք» տարբերակ չէ, ինչպես ներկայացնում են Ձեզ: Այդ տարածքը թեև կոչվում է 3-րդ միկրոշրջան, իրականում ամայի տարածք է և հեռու է իմ բնակության վայրից: Ինձ համար այն անհարմար և անընդունելի տարբերակ է՝ հետագայում ավտոտնակ կառուցելու և օգտագործելու համար: 

Որպես ՀՀ թոշակառու քաղաքացի ինձ այլ տարբերակ չի մնում: Ուստի ևս մեկ անգամ խնդրում եմ հանձնարարեք, թող անցկացնեն ծառայողական քննություն, ուսումնասիրվեն բոլոր փաստաթղթերը, դրանց օրինականությունը, ովքեր են շահագրգիռ, որ խախտվի իմ սեփականության իրավունքը, թող ուսումնասիրվի, թե արդյոք տվյալ վայրում շինարարությունը հակասում է շինարարական նորմերին: Համապատասխան մարմինները թող պարզեն, թե ով է կազմակերպել բնակիչների ստորագրահավաքը, որը հիմք է դարձել տվյալ հողը վիճահարույց ճանաչելու համար: Հավատացեք, ես արդեն ունեմ լուրջ ֆինանսական խնդիրներ: 

Ի վերջո, ինձ մոտ հարց է առաջանում, եթե այդ հողը վիճահարույց է, ապա ինչու «հարցը լուծող» Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը չի դիմում դատարան: Ես կարծում եմ կա մեկ պատասխան՝ դատարանում պարտվելու է: Կարծում եմ, որպես սեփականատեր վերոնշյալ պաշտոնյաները պետք է լսեն իմ կարծքը և հաշվի առնեն իմ առաջարկած տարբերակները, սակայն կարծես իմ սեփականության իրավունքը տվողն ու առնողը հենց իրենք են և ես պետք է համակերպվեմ: 
 

Հարգելի վարչապետ 

ես դեռ հույս ունեմ, որ Ձեր վկայակոչած նոր Հայաստանում օրենքը հավասար է բոլորի համար, իսկ մարդու իրավունքն անոտնահարելի: Իմ սեփականությունը, եթե պաշտոնյաների միջամտությամբ փորձում են վերցնել ինձանից, ապա թող այն հիմնավորեն՝ հիմք տալով ինձ խնդիրը դատարանում վիճարկելու համար:

Հարգանքով՝ Գեորգի Պողոսյան