Ինչո՞ւ ոստիկանությունը նման ջանք չցուցաբերեց, երբ ջարդում էին Ռադիոտան դուռը

Ինչո՞ւ ոստիկանությունը նման ջանք չցուցաբերեց, երբ ջարդում էին Ռադիոտան դուռը

Երեկ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի մոտից ուսանող երիտասարդներին իրենց թվից մի քանի անգամ գերազանցող ոստիկանների ցրելու տեսարաններին դժվար էր նայել։ Հատկապես, երբ բռնի ուժով ցրվելուց հետո նստել էին դեկտեմբերյան սառը գետնին ու աննկուն դեմքերով շարունակում իրենց պահանջները ներկայացնել։  Ոստիկաններն էլ, ի տարբերություն նրանց, վճռական դեմքեր ունեին, թեեւ ոմանք նաեւ՝ հուսահատ։
Դաշնակցական Լիլիթ Գալստյանը, ով սկզբից մինչեւ վերջ նախարարության շենքի մոտ է եղել, մեզ հետ զրույցում իր արգահատանքն ու մերժումն արտահատեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի սուպերնախարարի պաշտոնը զբաղեցնող անձի՝ Արայիկ Հարությունյանի նկատմամբ, որը, փաստորեն, մերժեց երիտասարդության հետ հանդիպելու եւ նպատակային քննարկման առաջարկը։

«Եվ ուզում եմ, որ մենք դեպքերի հաջորդականությունը ճիշտ գնահատենք։ Իսկ մերժումը մերժում չէր, եւ ակնհայտ էր իր վախը եղբայրության, համերաշխության  հեղափոխական կոչերով  իշխանության եկած քայլածների կարեւորագույն դեմքերից մեկի կողմից։ Դրանով ուղղակի խուսափեց իրականացնել ժողովրդավարության կարեւորագույն գործիքներից մեկը, որի անունն է՝ երկխոսություն։ Եվ նաեւ ծիծաղելի էր, թե ինչպես կարողացավ պախկվել կրթության նախարարը ոստիկանության էդ հաստ կարդոնի՝ պատնեշի հետեւում։ Նաեւ տեսա, թե ինչպես բեռնատարներով ու ավտոբուսներով մի քանի տասնյակ, միգուցե՝ հարյուր ոստիկաններ եկան՝ «չեզոքացնելու» խաղաղ նստացույց անող երիտասարդներին։ Դա իսկապես անհամաչափ էր եւ մի քիչ էլ՝ ծիծաղելի։ Հետո, երբ արդեն նայում էի նկարները, տեսա, թե ինչպես «ժողովրդի ոստիկանություն» հորջորջվող ոստիկանությունը շարունակում է մնալ նույն ոստիկանությունը։ Եվ մի ստահակի էջում տեսա, թե այդ ոստիկանությունն ինչ բիրտ միջոցներով էր փորձում խեղդել… էդ խեղճ էրեխեքն ինչ դեմքեր ունեին»,- ասում է Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ խաղաղ ցույցի իրավունքը, այն էլ՝ նստած, քաղաքական տեսակետ հայտնելու գործիքակազմից է։ Դաշնակցական գործիչն արձանագրում է, որ 1․5 տարի առաջ այդ նույն ոստիկաններն այդ նույն ջանասիրությունը չցուցաբերեցին, երբ ջարդում ու պաշարում էին ռազմավարական նշանակության Ռադիոտունը։

«Շատ բացահայտ է, որ մենք կրկնակի ստանդարտների ժամանակներում ենք ապրում։ Եվ շատ «հեղափոխականներ» շատ շուտ մսխեցին ու արժեզրկեցին սեփական ու ժողովրդավարության արժեքները, այդ թվում՝ ազատ խոսքի ու եղբայրության։ Եվ հիմա նորություն չէ, որ իրենք գործի են դրել ռեպրեսիվ գործիքակազմը, որ վաղուց ի վեր տատանվում է դատական իշխանության գլխին, տեսնենք՝ ուր կհասնի»,- ամփոփեց Գալստյանը։

Քաղաքագետ Արմեն Բադալյանն ասում է, որ ոստիկաններն արեցին, ինչ պարտավոր են օրենքով կատարել՝ բացել անօրինական փակված փողոցը։ «20, 30, 40 հոգով չեն կարող փողոց փակել եւ՝ ուսանողներ»։ Նրան առարկեցինք, որ ընդամենը 1․8 ամիս առաջ տեսել ենք, որ 20-30 հոգով փողոց են փակել, ինչո՞ւ այն ժամանակ կարելի էր, հիմա՝ ոչ։

«Անցած տարի լրիվ այլ տրամաբանության մեջ էր, ես անգամ տեսել եմ, որ մեկ հոգով փողոց է փակվում, եւ ոստիկաններն ուժ չէին կիրառում նրա նկատմամբ։ Բայց այն ժամանակ լրիվ ուրիշ գործընթաց էր տեղի ունենում, եւ տասնյակ հազարավոր մարդիկ էին այդ ամենի հետեւում կանգնած»։

Նկատեցինք նաեւ, որ մի քանի դիրքապահներ պահում են Ամուլսարի դիրքերը, եւ այնտեղ էլ ոչ ոք ուժ չի կիրառում։ Բադալյանն ասում է, որ սա էլ այլ դեպք է, այնտեղ մի քանի տասնյակ մարդ է, բայց, նախ, այս հարցում գոնե այդպես է երեւում հրապարակային, իշխանությունները կարծես թե չունեն որոշում՝ շահագործե՞լ հանքը, թե՞ ոչ։ Եվ երկրորդ․ եթե ոստիկանները ցրեն Ամուլսարի դիրքապահներին, ապա պետք է նկատի ունենան, որ ճանապարհը փակողներին կարող են միանալ հազարավոր մարդիկ Ջերմուկ քաղաքից եւ հարակից գյուղերից։ «Սա ուրիշ է, իրենք գիտեն, որ այդ ուսանողներին ոչ ոք չէր միանալու, քանի որ դա իրենց ցանկությունն է, ոչ թե ողջ՝ մի քանի տասնյակ հազարավոր ուսանողության։ Բայց եթե, օրինակ, որոշում կայացվի, որ Ամուլսարը պետք է աշխատի, ու պետք է ցրեն ուժային եղանակով, պետք է վերլուծեն՝ արդյոք դրան կհետեւի՞ մի քանի հազար մարդու  կողմից համապատասխան հակագործողություն։ Եվ, հետեւաբար, այս դեպքում պետք է հարցին այլ կերպ մոտենաս եւ նկատի ունենաս, որ ոստիկանական ուժը կարող է եւ չաշխատել»,- ասում է Բադալյանը։

Իսկ, օրինակ, այն, որ իրավապաշտպանները ներկա չէին այդ՝ բավականին լարված ակցիային, Արմեն Բադալյանը նորմալ չի համարում։ «Այստեղ էլ պետք է հստակություն մտցնենք, որովհետեւ, ինչպես երեւաց, բոլոր այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ զբաղվում էին իրավապաշտպանությամբ եւ քննադատում իշխանություններին, վերջին 1,5 տարում կարծես թե չքացել են, եւ հիմա նոր իրավապաշտպաններ են գալիս։ Երեկ հները՝ հասկանալի է, բայց նորերին էլ չտեսանք»,- ասաց Բադալյանը։