Թանկարժեք դեղերի համար զինվորն է վճարում

Թանկարժեք դեղերի համար զինվորն է վճարում

Պատերազմում վիրավորված զինվորների՝ պետպատվերով տրամադրվող դեղերի ցանկում թանկարժեք դեղերը ներառված չեն։ Բժիշկները դեղատոմսում դրանք ընդգրկում են, բայց պոլիկլինիկաները չեն տրամադրում, որովհետեւ թանկարժեք դեղերի համար պետությունը գումար չունի։ Այդ ծախսը մնում է վիրավոր զինվորների ընտանիքների կամ բարերարների վրա։ 

Մատաղիսում հրազենային վիրավորում ստացած Սամվել Նիկողոսյանը Զեյթունի, այնուհետեւ Մուրացանի հոսպիտալում բուժում ստանալուց հետո դուրս է գրվել՝ հետագա բուժումը տանը շարունակելու պայմանով։ Սամվելի համար դուրս գրված դեղատոմսում երեք անուն դեղ է ընդգրկված, որից մեկը՝ «ксарелто»-ն, թանկարժեք է։ Մեկ հաբն արժե 1000 դրամ, իսկ Սամվելին 30 օրվա չափաբաժին են նշանակել։ Սպիտակ քաղաքի պոլիկլինիկայում, որտեղ գրանցված է Սամվելը, դեղերից երկուսն անվճար տրամադրել են, երրորդը՝ «ксарелто»-ն, չեն տվել, որովհետեւ պետպատվերի ցանկում չի եղել։ «Բայց պոլիկլինիկայի դեղատանը վաճառում են։ Շատ թանկ է, ես գնելու հնարավորություն չունեմ։ Իսկ ընտանիքս ու հարազատներս այստեղ չեն, որ օգնեն։ Ես այլ երկրից եմ եկել, գնացել բանակ ու վիրավորվել պատերազմի ժամանակ։ Հիմա «ксарелто»-ի փոխարեն կրկնակի դոզայով այլ դեղ են առաջարկում։ Դեռ չեմ ստացել, որովհետեւ չգիտեմ, թե որքանով է արդյունավետ»։

Սամվելին բուժող բժիշկներից մեկին զայրացրել է պոլիկլինիկայում կրկնակի դոզայով այլ դեղ տրամադրելու առաջարկը։ «Եթե բժիշկը «ксарелто» է նշանակել, ուրեմն հենց դա է արդյունավետը, ինչո՞ւ պետք է կրկնակի դոզայով ուրիշ դեղ ընդունի։ Թող պետությունը բարի լինի՝ թանկարժեք դեղերը եւս ներառի ցանկում։ Թե չէ՝ բժիշկն անհրաժեշտ դեղորայքը դուրս է գրում ու խեղճ զինվորին գցում անելանելի վիճակի մեջ։ Ով վճարունակ է, կարողանում է դեղատներից գնել, ով էլ չէ՝ ստիպված փոխարինողի հույսին է մնում»։

Խնդրով մտահոգ բժշկուհին ահազանգել է առողջապահության նախարարության թեժ գծին։ Քամահրական պատասխան է ստացել։ «Չեմ ուզում բառացի փոխանցել, թե ինչ ասացին, բայց պատասխանը շատ վիրավորական էր։ Գուցե ես էլ էմոցիոնալ գտնվեցի, մի քիչ այլ տոնով խոսեցի, որ նման պատասխանի արժանացա, բայց այլ կերպ չէի կարող, երբ խոսքը վերաբերում է զինվորին»։ Իսկ Սամվելի բուժումը կիսատ է մնացել։ 20-ամյա երիտասարդը չի կողմնորոշվում՝ կրկնակի դոզայով փոխարինող հաբե՞րը ստանա, թե՞ սպասի պետության պատասխանին։