Ես մանդատ չեմ վերցրել՝ պատերազմում պարտվելու եւ այս ապիկար քաղաքականության համար

Ես մանդատ չեմ վերցրել՝ պատերազմում պարտվելու եւ այս ապիկար քաղաքականության համար

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ

- Դուք հայտարարեցիք, որ սյունեցիների պահանջով վերցրել եք մանդատը, բայց դուրս եք եկել խմբակցությունից։ Կմանրամասնե՞ք՝ ինչպես կայացվեց այդ որոշումը, եւ Դուք ի սկզբանե որոշում ունեի՞ք մանդատը չվերցնելու։

- Նախորդ տարեվերջին, երբ արդեն պարզ էր, որ Տիգրան Կարապետյանը վայր է դրել մանդատը, եւ ես պետք է որոշում կայացնեի՝ վերցնել, թե չվերցնել մանդատը, սկսեցի ակտիվ քննարկումներ այն թիմի հետ, որն ինձ սատարել է 2018 թվականին քարոզարշավի ընթացքում, ինչպես նաեւ այն մարդկանց հետ, ովքեր իրենց վստահության քվեն էին տվել։ Եվ այդ խորհրդակցությունների արդյունքում կոչը, հորդորն ու ազդակը մեկն էր, որ եթե 2 տարի առաջ ես պատրաստ էի նրանց կողքին լինել, ապա այժմ, երբ կան բազմաթիվ խնդիրներ, անվտանգության սպառնալիքներ, բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, ես չեմ կարող ինձ սատարողների կողքին չլինել։ Եվ, այո, դա իմ պարտքն է, ես հուսով եմ, որ արժանապատվորեն ի վիճակի կլինեմ իրականացնել իմ այդ պարտքը։ Իսկ խմբակցությունից դուրս գալու որոշումս նախեւառաջ իմ որոշումն է եղել, եւ հուրախություն ինձ՝ այն համընկնում էր նաեւ ինձ սատարողների կարծիքին, եւ իրականում՝ այն իրավիճակը, որ մենք ունենք այսօր Հայաստանում, մեր հայրենիքի մի մասի կորուստը, Սյունիքի սահմանների անվտանգությունը, որ հնարավոր չէ այս պահին ապահովել, ես չէի կարող այլ որոշում կայացնել այս միջավայրում։ Եվ կարծում եմ՝ սա միակ որոշումն էր, որը նաեւ սատարել են իմ ընտրողները։

- Խմբակցությունը լքելուց հետո արշավ սկսվեց Ձեր դեմ, ասում էին, որ սա հարված է թիկունքից, ուսապարկերի հետ սկսեցին համեմատել․ իսկապե՞ս Փաշինյանի ուսապարկը Սյունիքում ավելի շատ ձայն կհավաքեր, քան «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուները։

- Կարծում եմ՝ ուսապարկերի թեման բավականին շատ քննարկվեց, այն միջավայրը, որ մենք ունենք այսօր Հայաստանում, բեւեռացվածությունը, սեւերի-սպիտակների բաժանումը չի կարող մեզ թույլ տալ հերթական անգամ նոր բաժանարար գծեր անցկացնել։ Իսկ ակնհայտ է, որ մարդկանց ուսապարկերի հետ համեմատելը միտված էր հենց սրան։ Ես կարծում եմ՝ փայլուն օրինակ էին Կապանում քաղաքապետի ընտրությունները, երբ Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածուն չանցավ, եւ անցավ մեկը, ով իսկապես վայելում է կապանցիների վստահությունը։ Եվ, այդ առումով, ասել, որ Կապանում կամ Սյունիքում մարդիկ կարող էին քվեարկել՝ բացառապես հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետ կապվածությունը, կարծում եմ՝ տեղին չէ։ Ես որոշումս կայացնելուց հետո զրուցել եմ ինչպես քաղաքական թիմի ներկայացուցչի հետ, այնպես էլ խմբակցության ղեկավար Մակունցի հետ եւ մեկնաբանել եմ իմ մոտիվներն ու դրդապատճառները, կարծում եմ՝ ընկալվել է իմ ասածը նրանց կողմից, եւ սոցիալական ցանցերում տիրող այդ արշավն իրականում չի արտացոլում այն պատկերը, որ կա առօրյա քննարկումների ժամանակ։

- Այսինքն՝ հանդա՞րտ են վերաբերվել Ձեր որոշմանը, Դուք ի՞նչ եք ներկայացրել նրանց՝ ինչո՞ւ եք որոշել դուրս գալ։

- Ընտրությունների ժամանակ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը, հեղինակությունը կարեւոր դեր ունեցել է, բայց թույլ տվեք ասել, որ իմ անձնական ներդրումը նաեւ «Իմ քայլը» խմբակցության ձեւավորման եւ ձայների հավաքագրման առումով նշանակալի է եղել։ Հետեւաբար, ես կարող եմ, նախեւառաջ, հիմնվելով ինձ ընտրողների վրա, ասել, որ ես, այո, կարող եմ նման որոշում կայացնել եւ բարոյական առումով էլ, այո, դուրս գալ խմբակցությունից։ Ի վերջո, ես իմ ընտրողներից մանդատ չեմ վերցրել պատերազմի գնալու, պատերազմ պարտվելու եւ, առհասարակ, 2.5 տարվա ընթացքում վարվող այս ապիկար քաղաքականության համար։

- Երբ Դուք 2018-ին «Իմ քայլի» ցուցակով առաջադրվում էիք, Դո՞ւք էլ էիք դժգոհ Սերժ Սարգսյանի իշխանությունից, նախկիններից եւ հիացած Նիկոլ Փաշինյանով, ի՞նչը Ձեզ հետո հիասթափեցրեց։

- 2018 թվականին ես, ինչպես նաեւ, կարծում եմ, հազարավոր մարդիկ, գնում էին ոչ թե անձամբ Նիկոլ Փաշինյանի հետեւից, այլ, իսկապես, փոփոխություն էին ակնկալում Հայաստանում։ Ինձ համար այդ փոփոխությունը սոցիալական արդարության վերականգնումն էր նախեւառաջ, ինչպես նաեւ արժեքային համակարգի փոփոխությունը։ Ես մոտ 8 տարի դասավանդում եմ եւ երբ խոսում եմ իմ աշակերտների հետ, փորձում եմ նրանց մոտիվացնել՝ ավելի լավ սովորել, երբեմն խնդիր եմ ունենում բացատրելու, թե ինչու պետք է սովորել՝ հաշվի առնելով, որ այն մարդիկ, ովքեր էլիտայի ներկայացուցիչ են լինում, երբեմն շատ անկիրթ են եւ արժանի չեն ունենալ այն ամենը, ինչին հասել են։ Այս առումով, ես իսկապես ակնկալում էի արժեքային փոփոխություն, սոցիալական արդարության վերականգնում, որը, ցավոք, երկուսուկես տարվա ընթացքում հնարավոր չեղավ իրականացնել։ Ավելին, մենք ունենք այսօր պատերազմի աղետալի հետեւանքները, որոնք պետք է հաղթահարել շատ արագ։

- Դուք տեսնո՞ւմ եք անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի պատասխանատվությունը պատերազմում պարտության եւ այս խայտառակ իրավիճակի հարցում։

- Իհարկե, գործող իշխանությունը չի կարող չկրել պատասխանատվություն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թիվ մեկ պատասխանատուն եւ թիվ մեկ մեղավորն է ներկայում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների համար։ Ես չգիտեմ, թե նա ում է կարգում թիվ մեկ մեղավոր, բայց ինձ համար թիվ մեկ մեղավորը նա է, թիվ մեկ պատասխանատուն՝ եւս։ Եվ այն հռետորական հարցը, որ ես պատասխանատուն եմ, բայց արդյոք մեղավո՞րն եմ, ես ուզում եմ հասկանալ․ եթե թիմը պատրաստ է կրել պատասխանատվություն, ապա դա ինչպե՞ս պետք է դրսեւորվի։

- Դուք պահանջո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

- Ես այդ մասին բավականին հստակ ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հրաժարական ներկայացնի, եւ մենք նոր իշխանությամբ պետք է գնանք Արցախի կարգավիճակի ճշգրտման բանակցություններին, մենք պետք է մեր անվտանգության ճարտարապետությունը նոր իշխանության օրոք ձեւավորենք։ Այո, իշխանությունները պետք է օր առաջ հրաժարական ներկայացնեն։

- Դուք ինչպե՞ս եք պատկերացնում նոր իշխանության ձեւավորումը, փողոցում այսօր պայքարող քաղաքական ուժերն ի վիճակի՞ են օրակարգ ձեւավորել եւ փոխել իշխանությունը։

- Իմիջիայլոց, երբ ես որոշում կայացրի՝ խմբակցությունից դուրս գալու, շատերը փորձեցին ինձ արագ կապել Ռոբերտ Քոչարյանի կամ այլ քաղաքական ուժերի հետ, բայց պետք է եւս մեկ անգամ վերահաստատեմ իմ՝ նախկինում հնչեցրած միտքը, որ որեւէ այլ քաղաքական ուժի կամ առանձին քաղաքական գործչի հետ կապ չունեմ եւ չեմ սատարում։ Քաղաքական ուժերի դիրքավորումը, որ մենք ունենք այսօր, ինձ թույլ է տալիս ենթադրել, որ կա հնարավոր երեք սցենար։ Առաջինն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, երկու անգամ չի ընտրվում վարչապետ, եւ գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Կարծում եմ՝ այս պահին դա հնարավոր չէ իրականացնել, արտահերթ ընտրությունների համար համապատասխան միջավայր է անհրաժեշտ, իսկ բեւեռացվածությունը, ներքին ճակատում զինադադար չկնքելու ցանկությունը հնարավորություն չի տալու, որ գնանք։ Ավելին՝ նրա իշխանության օրոք կազմակերպված ընտրությունները լեգիտիմության հարց են ունենալու հետագայում։ Այսինքն՝ քաղաքական այս ճգնաժամը հնարավոր չի լինելու լուծել։ Երկրորդ հնարավոր տարբերակը, իհարկե, խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի, հանրային ճնշումների ազդեցության ներքո պառլամենտի փոփոխությունն է, վարչապետի ընտրությունը եւ նրանց իսկ օրակարգն առաջ տանելն է։ Բայց մենք այսօր տեսնում ենք, որ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմությունը չունեն հանրային լայն աջակցություն, եւ, հետեւաբար, նրանց օրակարգն առաջ տանել եւս հնարավոր չի լինելու։ Ըստ իս, ամենաօպտիմալ լուծումը եւ քաղաքական ճգնաժամից դուրս գալու տարբերակը կլինի այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը կազմված կլինի տեխնոկրատ կառավարիչներից։