Մեր և՛ դաշինքը, և՛ ֆրակցիան շարունակում է կուռ լինել․ Ղազինյանի տեղը կլրացնի այլ պատգամավոր

Մեր և՛ դաշինքը, և՛ ֆրակցիան շարունակում է կուռ լինել․ Ղազինյանի տեղը կլրացնի այլ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը երեկ հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ «Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ»,-ֆեյսբուքյան իր էջում այսպես էր բացատրել իր որոշումը Ղազինյանը՝ շատ չխորանալով պատճառների մեջ։ Երեկ նա չցանկացավ մեզ հավելյալ բացատրություն տալ՝ միայն նշեց, որ զբաղվելու է ավելի շատ կուսակցական աշխատանքով։ Նա, հիշեցնենք, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահն է, որում, ըստ էության, մի քանի հոգի են մնացել ակտիվ։

Խոսեցինք «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։ Մեր հարցին՝ իրենց համար սպասելի՞ էր Ղազինյանի այս որոշումը, ինքը քննարկե՞լ էր դաշինքի հետ և արդյոք կա՞ դաշինքի կողմից փոխըմբռնում նրա կողմից մանդատը վայր դնելու հետ կապված։

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր ինքն է առանձին որոշում ընդունում, մենք դաշինքի և խմբակցության մեջ ապահովել ենք այդ նաև ներդաշինքային, ներկուսակցական բազմակարծությունը։ Դաշինքի և խմբակցության գործունեության ընթացքում մենք որևիցե մի խնդիր չենք ունեցել։ Իր անձնական որոշումն է՝ հաշվի առնելով նաև իր մի քանի նկատառում։ Իհարկե, դաշինքի ղեկավարության ու նաև ֆրակցիայի ղեկավարության հետ մինչև որոշումը կայացնելն ինքը քննարկել է իր տեսակետը, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ դաշինքի ներսում և ֆրակցիայի ներսում մեր հարաբերությունները կուռ են, բարձր են, ինքն էլ, դուրս գալով Ազգային ժողովից ու մեր ֆրակցիայից, ասաց, որ մնալու է և դաշինքի հետ է աշխատելու, ես համոզված եմ դրանում»,-ասաց Սեյրան Օհանյանը։

- Իսկ իր բերած հիմնավորումները, թե ինչու է դուրս գալիս, ձեզ համար ընդունելի՞ են, ընդհանրապես իր ասածների մեջ տրամաբանական ու հիմնավոր փաստարկ տեսնո՞ւմ եք։

- Ամեն մի պատգամավոր ինքն է իր որոշումներն ընդունում, Արթուր Ղազինյանն ունի նաև քաղաքական ուժ, կուսակցություն և ինքը շարունակելու է մեր դաշինքի մաս կազմել և շարունակելու է մեր համակիրների հետ միասին մեր Դիմադրության շարժմանն աջակցել։

- Ղազինյանն ասում է, որ այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակն՝ առնվազն ազնիվ չէ։

- Ես արդեն ասացի իմ տեսակետը իր որոշման մասին։

- Դուք ձեր դաշինքի անդամներով տարբեր հիմնավորումներ եք բերում, որ այդ մանդատները անհրաժեշտ պահի կարող են պետք գալ ձեզ, բայց ով մանդատը դնում և դուրս է գալիս, իրենք, կոպիտ ասած, անխելք մարդիկ չեն, գիտեն՝ ինչի համար են մանդատը դնում, և շատերի կողմից ողջունվում է նրանց այդ քայլը։ Հիմա կարո՞ղ է սա վարակիչ դառնալ ձեր խմբակցության մյուս անդամների համար նույնպես և նրանք էլ դնեն մանդատները։

- Ես ուզում եմ ասել, որ մեր և՛ դաշինքը, և՛ ֆրակցիան շարունակում է կուռ լինել․ Ղազինյանի տեղը կլրացնի այլ պատգամավոր, և մենք մեր նպատակներում վճռական ենք ու մինչև վերջ ենք գնալու։

- Այսինքն՝ մանդատը դնելու այլ օրինակներ չե՞նք տեսնի:

- Կարծում եմ՝ ոչ։ Մենք ասել ենք, որ մեր խմբակցության գործունեությունը Ազգային ժողովում ինքնանպատակ չէ, և Ազգային ժողովում մեր օրակարգով ենք մենք շարունակում մեր գործունեությունը։