Օրինական, բայց ոչ բարոյական

Օրինական, բայց ոչ բարոյական

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հարսանիք անելու. հարսի զգեստ գնելու՝ թեկուզ 20 հազար դոլարանոց, հարյուր հազարավոր դոլարներ ծախսելու՝ շոու բիզնեսի աստղեր վարձելու համար…

Քեռակինս շնչահեղձ լինելով մտավ տուն: «20 հազար դոլարանոց հարսի շորն ի՞նչ խաբար ա: Իրենց ունեցվածքը մարդկանց աչքն են մտցնում ու նսեմացնում»:  Ասում եմ. «Այ քեռակին, հանգստացիր: Կարո՞ղ է, նույնկերպ ես մտածել, երբ 1995-ին Փարիզից հարսի զգեստ էի բերել, չնայած հարսը չկար, ուղղակի չափսն էր հրապուրիչ և այդ չափսի էլ հարս պետք է ճարվեր, ինչն արեցի: 950  դոլար էի վճարել: Հիմա, գուցե, դա կարժենար 2-3 հազար դոլար: Բայց ես որտե~ղ, իշխանության սրտիկի օլիգարխը որտե~ղ:

Հավանաբար՝ դա նույն զգեստն է, ուղղակի Իլոն Մասկի SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակով այդ զգեստը կես պտույտ է կատարելը մոլորակի շուրջ: Եթե մեկ լրիվ պտույտ կատարած լիներ, 40 հազար կգնահատվեր,  երկու պտույտի դեպքում՝ 80  հազար:

Ի դեպ, քեռակնոջս մոտ, հանկարծ, չհամարձակվեք Նիկոլին վատաբանել. քանի որ այգում գործ է անում, ձեռքին կամ գերանդի է լինում կամ փոցխ. Տեղում կփոցխի ու ախ չի քաշի: Իսկ Քոչարյանի մասին ինչ ուզում եք ասեք, քանի որ նա մինչև վերջին սենթի ճշգրտությամբ գիտի, թե երկրորդ նախագահն ինչքան է «կերել»…

Առակս ինչ կցուցանե. մի ցուցադրվեք, մի գովազդվեք, ուղղակի վայելեք ձեր անձնական երջանկությունը: Երբ անձնական երջանկությունը հանրայնացվում է, այն դադարում է այդպիսին լինելուց, առավել ևս՝ այնպիսի նուրբ, խորհրդավոր իրադարձության պարագայում, ինչպիսին հարսանիքն է: Չնայած դա օրինական է, բայց բարոյական չէ՝ աղքատ, նվաստացված, կապիտուլացված և անորոշ հեռանկարով պետական կազմավորումում շքեղություններ անելն ու գովազդելը:

Գագիկ Վարդանյան

Հ.Գ. Ամեն անգամ, նման հրապարակումից հետո ստանում եմ հեռախոսազանգ մի խստաբարո գործընկերոջիցս. «Դու պետք է բացառապես տնտեսական թեմաներով գրես»: Ես հակադարձում եմ. «Եթե հուշես, թե որ երկրի տնտեսության մասին…Հանկարծ չասես, թե ՀՀ-ի ներդրումները, աշխատատեղերը, զբոսաշրջիկները зашкаливают, այնպես որ, գրելու բան չկա»:

Հ.Գ. Հարգելի լրատվամիջոցներ, մի տրվեք գայթակղությանը և մի մեկնաբանեք շքեղությունները: Օրինակ, Չինսատանում արգելված է լյուքս ապրանքների գովազդը: