Ոչ թե պարտության մեղավորներին են պատժում, այլ պատերազմից հետո զենք-զինամթերք պահողներին

Ոչ թե պարտության մեղավորներին են պատժում, այլ պատերազմից հետո զենք-զինամթերք պահողներին

Այսօր սեպտեմբերի 27-ն է` մահաբեր պատերազմի մեկնարկի մեկ տարին եւ բոլորն ինչ որ ձեւով հիշում են այս օրը, խնկարկում մեր զոհերի հիշատակը, փորձում ամփոփել ու վերլուծել կատարվածը: Բնականաբար, գլխավոր հարցը` ինչու պարտվեցինք, ով էր մեղավոր դեռ չի պարզաբանվել: Չնայած բոլոր ջանքերին` պատերազմի պարտության մեղքը նախկին իշխանությունների եւ նախկինում Բանակը ղեկավարած ու բանակի մատակարար հանդիսացած անձանց վրա դնելու, հասկանալի է, որ պարտության պատճառները նախկին տարիների մեջ փնտրողները պարզ պոպուլիզմով եւ ուղեղների լվացմամբ են զբաղված: Ինչն, իհարկե, մասամբ հաջողվել է: Սակայն մտածող մարդիկ հասկանում են այդ ամենը: Եթե 2020-ի ամռանը Տավուշում տարած փոքրիկ հաղթանակը չլիներ եւ չլինեին այն հնչեղ ճառերը, թե` մեր բանակն աննկուն է, չլինեին այն պաչկաներով մեդալներն ու կոչումները, որ շնորհվում էին Սարդարապատի հուշահամալիրում, գուցե կարելի էր հավատալ, որ նախկինները 2011 թվականին զենք-զինամթերքի տենդերում ինչ որ խախտումներ են թույլ տվել եւ հենց դա է 2020 թվականի պարտության պատճառը:

Եթե չլինեին Նիկոլ Փաշինյանի կողմից գնված չկոմպլեկտավորված ՍՈՒ-երը եւ այն բոլոր հպարտ ռեպորտաժները բանակի ու զորավարժությունների հետ կապված, որտեղ ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարները արծվային հայացքով դեպի հեռուն են նայում` հասկացնելով, որ մենք անպարտելի են: Հետո չասվեր` «նոր պատերազմ, նոր տարածքներ», «պատերա՞զմ եք ուզում` պատերազմ կստանաք», «Արցախը Հայաստան է եւ վերջ», «զրո կետից բանակցություններ», «Արցախի օդը 100 տոկոսով պաշտպանված է» եւ այլն, կմտածեինք` գուցե մեր պաշտպանունակությունը 30 տարի խոցելի է եղել եւ ՀՀ իշխանությունները 3 տարում չեն կարողացել լրացնել այդ բացը: Փողը բավարարել է միայն վոյաժների, պարգեւավճարների, ասֆալտի, բայց ոչ բանակի համար:

Սակայն այսօր մարդկանց անչափ հետաքրքրում է` վերջապես` ո՞վ էր մեղավոր, որ մեր բանակը սպառազինված չէր, մենք պատրաստ չէինք պատերազմի, որ թշնամին կետային ճշգրտությամբ տիրապետում էր մեր ռազմավարական օբյեկտների, մեր զորամասերի կոորդինատներին եւ գործում էր անվրեպ: Իսկ մեր զորքը` չնայած աննկարագրելի հերոսականությանը, անընդհատ նահանջում էր եւ անգամ Շուշին չկարողացանք պահել: Այս հետաքննությունն ու հետազոտությունը, սակայն, շարքային մարդիկ, մամուլը, ընդդիմությունը չեն կարող իրականացնել: Դա կարող է անել բացառապես պետությունը, պետական կառույցներն ու իրավապահները: 
Եւ ենթադրվում էր, որ քաղաքական հետապնդումներ իրականացնելուն զուգահեռ դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, ՊՆ-ն պետք է նաեւ սրանով զբաղվեին եւ մեկ տարի անց որոշ հարցերի պատասխանները տային: Սակայն, պարզվում է, իրավապահները դրա ժամանակը չունեն: Նրանց համար ավելի կարեւոր է կյանքի գնով բժիշկ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելը, բայց ոչ թե պատերազմի պատճառները պարզելը: Իսկ եթե անգամ զբաղվում են դրանցով` ոչ թե 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի իրադարձություններն են ուսումնասիրում, այլ 2011 թվականի: 

Մենք այսօր մի քանի հաղորդագրություն ենք ստացել դատախազությունից եւ Քննչական կոմիտեից, որոնք ենթադրաբար` պատերազմի մեկամյակի իրադարձություններին են նվիրված: Մեծ հետաքրքրությամբ ընթերցեցինք դրանք, քանզի վերնագրերը հուշում էին, որ պատերազմի հետ կապված գործերի մասին են: Դրանցից մեկն առնչվում էր «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործություններին», որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 40 անձ, «այդ թվում՝ ինչպես Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այնպես էլ վարձկան գրոհայիններ, ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ», որոնց նկատմամբ «հիմնականում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել միջազգային հետախուզում»: Հասկանալի է, որ սրանք ֆորմալ մեղադրանքներ են եւ արվում են պատմության ու լավ ժամանակների համար, քանի որ պարզ չէ, թե ինչպես է ՀՀ դատախազությունը հայտնաբերելու եւ պատժելու այս անձանց: 

Իսկ այ ՀՀ քաղաքացիների մասով ավելի հեշտ ճանապարհով են գնացել ՀՀ իրավապահները` հաղորդագրություններից մեկով հայտնում են, որ 191 քրեական գործ է հարուցվել, բայց ոչ թե պատերազմի պարտության մեղավորների, հանցագործների նկատմամբ, այլ «ռազմական գործողությունների ընթացքում կամ հրադադարի հաստատումից հետո զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Արցախից Հայաստան փոխադրման բազմաթիվ դեպքերի առթիվ»:

Ավելին` մեղադրանք է առաջադրվել 84 անձի, որոնցից 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Եթե հասկանալի լեզվով ասենք` պատերազմող երկրում, պատերազմից հետո մարդկանց մեղադրանքներ են առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք ունենալու, պահելու, Արցախից տեղափոխելու համար եւ անգամ նրանց դատում են: Ասենք, Շուռնուխում կամ Որոտանում բնակվող մարդը, որի տանից 100 մետրի վրա ադրբեջանցի է կանգնած, կարող է դատվել ապօրինի զենք ունենալու համար: Ահա այսպիսի արդարադատություն եւ այսպիսի իշխանություն: