Դժգոհ ենք ու պասիվ
Հետաքրքիր ժողովուրդ ենք, ես կասեի` աշխարհում երեւի եզակի: Մի կողմից՝ երբեք չգիտենք, թե ինչ ենք ուզում` ինչ փոփոխություններ են հարկավոր, որ մեր կյանքը դեպի լավը փոխվի: Մյուս կողմից` անորոշ ու անհասցե դժգոհություն ունենք բոլորի ու ամեն ինչի նկատմամբ, բայց դա շատ հազվադեպ է կոնկրետ գործողություն, քայլ, արարք դառնում` նյութականանում:
Ուղղակի տանը նստած, մեր խոհանոցներում կարող ենք հավերժ փնթփնթալ եւ ոչ մի առարկայական լուծում չառաջարկել, ոչ մի կոնկրետ գործողության չմասնակցել, որ իրավիճակը փոխվի: Եվ որքան մեծ է դժգոհությունը, այնքան մեծ է պասիվության եւ մերժման աստիճանը: Մեր իրականությունը մերժողների մի ահռելի բանակ է ձեւավորվել, որը, սակայն, ոչ մի կոնստրուկտիվ առաջարկ չի անում, պարզապես դիտորդի նման հետեւում է իրադարձությունների ընթացքին կամ էլ հեռանում երկրից:
Անիծում է, հայհոյում, մեղադրում, վատաբանում, դժգոհում, բայց գաղափար չունի, թե ինչպես փոխել իրավիճակը: Մերժում ենք իշխանություններին, բայց ոչ մի բան չենք անում, որ նրանք հեռանան: Մերժում ենք ընդդիմությանը, բայց նոր ընդդիմություն չենք ձեւավորում` նոր անձանց շանս չենք տալիս, որ ընդդիմություն դառնան: Հակառակը` ցանկացած նոր մարդ հանդիպում է հանրային հուժկու հակազդեցության, քննադատության հզոր ալիքի, հայհոյանքների ու մերժման, որը շատ քչերն են ի վիճակի հաղթահարել: Անգամ ընտրությունների փուլում մենք շատ ակտիվ չենք․ մեր դժգոհությունը մեզ չի ստիպում նույնիսկ, որ գնանք ընտրատեղամաս եւ քիչ թե շատ ընդունելի թեկնածուին ձայն տանք:
Դժգոհ ենք, որ երկրում չկա պայքար, բայց ոչ մի բողոքի ակցիայի չենք մասնակցում: Փողոց չենք ելնում, բայց փողոց չելնողներին շարունակ քննադատում ենք: Մենք պասիվ բողոքողների հասարակություն ենք:
Կարծիքներ