Պատերազմը բացահայտում է բոլոր հետքերը
2020թ. ղարաբաղյան այս պատերազմում Թուրքիայի լայնածավալ եւ ամբողջական ներգրավվածությունը, թուրքական սպառնալից ազդեցության եւ ահագնացող վտանգների հարաճուն կորագիծը մեզ վերադարձնում է այն ժամանակաշրջանը, երբ Թուրքիան դառնում էր Ռուսաստանի եւ Արեւմուտքի աշխարհաքաղաքականության հենարանը մեր մեծ տարածաշրջանում:
Իրադարձությունների զարգացումները, դեպքերի եւ դեմքերի հերթագայությունը գալիս էին վկայելու, որ Անկարան հետեւողականորեն իրականացնում է թուրքական կայսրության վերականգնման նպատակն ու ծրագիրը՝ չեզոքացնելով այդ ճանապարհին կանգնած խոչընդոտներն ու վտանգները:
Այդ նպատակին հետամուտ, աստիճանաբար ներծծվելով-ներգրավվելով Ռուսաստանի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների տնտեսական, ռազմական, քաղաքական ծրագրերում, Թուրքիան դառնում էր այդ պետությունների կարեւոր գործընկերը: Համագործակցության եւ գործընկերության այդ ճանապարհին Անկարան Ռուսաստանին եւ Արեւմուտքին տվել է այն ամենը, ինչը նրանք ակնկալում էին իրենից:
Եվ մինչ Եվրոպայում վայելում էին թուրքական խոհանոցը, մինչ ռուս զբոսաշրջիկները ծփում էին Թուրքիայում, իսկ թուրքական ապրանքները՝ լցվում աշխարհի շուկաները, մինչ Եվրոպան քննարկում էր Թուրքիայի եվրոպականացման հնարավորությունները, եւ Թուրքիան դառնում էր Եվրոպայի ներգաղթի քաղաքականության կարեւոր գործընկերը, այդ ժամանակաընթացքում Թուրքիան սպառազինվում էր Ռուսաստանից եւ Արեւմուտքից գնած մահաբեր զինատեսակներով: Անկարան, քամահրելով ՄԱԿ-ի բանաձեւերը, բռնազավթում էր Հյուսիսային Կիպրոսը, շրջափակում Հայաստանը, ոտնձգություններ կատարում Հունաստանի տարածքների հանդեպ, ներխուժում Իրաք, Լիբիա, Սիրիայում վերածվում ռազմաքաղաքական վտանգավոր գործոնի, թուրք-ադրբեջանական համատեղ ցուցադրական զորավարժություններ իրականացնում Նախիջեւանում:
Թուրքական վտանգավոր ներկայությունն ու գործոնը աշխարհում անշեղորեն աճում էր:
Միջազգային հարաբերությունների այս ողջ բարդ ընթացքի համար ուշագրավն ու տարօրինակն այն է, որ Արեւմուտքը թուրքական գործոնն ուժեղացրել է Ռուսաստանին հակակշռելու նպատակով, իսկ Մոսկվան Անկարայի հետ գործակցությունն ընդլայնել, Թուրքիայի ռազմական ներխուժումները, տարածքային ոտնձգությունները լուռ խրախուսել է Արեւմուտքին հակակշռելու համար: Արդյունքում՝ Թուրքիան նվաճել է Արեւմուտքն ու Ռուսաստանը միաժամանակ: Աստիճանաբար, աշխարհաքաղաքական գործող ականից Թուրքիան վերածվում էր միջուկային զենքի, որը կարող էր արձակվել յուրաքանչյուր պահի:
Պատերազմները վեր են հանում խաղաղության ժամանակների սխալները: Ղարաբաղյան այս պատերազմը եւս ցցուն դարձրեց աշխարհաքաղաքականության այն աններելի սխալները, որոնք այժմ հարվածում են հայ ժողովրդին եւ աճող ուժգնությամբ հարվածելու են Ռուսաստանին, Եվրոպային եւ ԱՄՆ-ին: Պատերազմը բացահայտում է բոլոր հետքերը:
Պատերազմները ծնվում են քաղաքականության կարճատեսությունից եւ սնվում՝ այդ քաղաքականության սխալներով: Եվ այժմ Հայաստանն ու հայ ժողովուրդը ստիպված են մարտնչել՝ ուղղելու ոչ միայն սեփական արտաքին քաղաքականության սխալները, այլեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի աշխարհաքաղաքականության:
Ռուսաստանն ու Թուրքիան պատմության տարբեր փուլերում միշտ վտանգ են ներկայացրել միմյանց համար, թեպետ միշտ կարողացել են գտնել փոխադարձ շահեր: 20-րդ դարի սկզբին ռուս-թուրքական շահերին եւ հանցավոր համագործակցությանը զոհաբերվեց Հայաստանի պատմական տարածքի զգալի մասը:
Ռուս-թուրքական սառող-ջերմացող հարաբերությունների վրա մթաբեր ամպերը ժամանակ առ ժամանակ խտացել են, երբեմն՝ կայծակնահար արել երկկողմ հարաբերությունների երկինքը, սակայն քաղաքական վատ եղանակին փոխարինելու է եկել երկկողմ հովվերգությունը:
2015թ. նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսական կործանիչի ոչնչացումից յոթ ամիս անց ռուս-թուրքական հարաբերությունները վերստին ջերմացան, երբ Էրդողանը նամակով ներողություն խնդրեց Պուտինից: Արդյունքում՝ Մոսկվային հաջողվեց Անկարայի հետ կնքել ոչ միայն առեւտրաշրջանառության նոր պայմանագրեր, այլեւ ռուսական գազի արտահանման համաձայնագիր: 2018թ. ապրիլին Մոսկվայի աջակցությամբ սկսվեց թուրքական ատոմակայանի շինարարությունը, որի առաջին էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել 2023թ. «Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի առիթով»:
2017թ. ռուս-թուրքական ռազմական համագործակցության պայմանագրով 2020թ. օգոստոսի վերջին Մոսկվան Անկարային մատակարարեց համաձայնագրով նախատեսված զենիթային С-400 համակարգերի առաջին խմբաքանակը: Այդ համակարգերն այժմ ղարաբաղյան պատերազմում ուղղված են եւ կրակում են «Ռուսաստանի ռազմավարական դաշնակից» Հայաստանի եւ նրա ժողովրդի դեմ:
Ռուս-թուրքական միջպետական այս համագործակցության ճանապարհին Սուրբ Սոֆիայի ուղղափառ տաճարի մզկիթացումը ուղղափառ Ռուսաստանը… ողջունեց. այս տարվա հուլիսին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Պեսկովը նկատեց. «Այա Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը ձեռնտու է Ռուսաստանին. առաջ մուտքի տոմսերը շատ թանկ էին, եւ ռուս զբոսաշրջիկները չէին կարողանում օգտվել դրանից, իսկ հիմա մուտքն ազատ է»:
Իրականում Մոսկվան սկսել էր ոչ միայն զգուշանալ, այլեւ՝ վախենալ Անկարայից, ինչի վկայությունը «Վալդայ» ակումբում Պուտինի՝ Էրդողանի հասցեին շռայլված գովեստներն էին՝ չնայած պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանը, ահաբեկիչների մատակարարմանը, Ղրիմի հանդեպ թուրքական սպառնալիքներին:
Սակայն միայն Մոսկվան չէ, որ թուրքական վտանգի աճին էապես աջակցել է: Դրա պատասխանատվությունը մեծապես կրում է նաեւ Եվրոպան: 1996թ. Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ ձեւավորվեց մաքսային միություն: Թուրքիան ԵԱՀԿ հիմնադիր անդամ է, Եվրոպայի Խորհրդի հիմնադիրներից մեկն է: 2005թ. հոկտեմբերից Թուրքիայի հետ սկսվեցին ԵՄ անդամակցության բանակցությունները, որոնք դադարեցին 2016թ. Կիպրոսի, քրդական հարցերի եւ Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների պատճառով: Մերժումից հետո Թուրքիան վերածեց վիրավոր գազանի, սկսեց նաեւ վրեժ լուծել Եվրոպայից: Մինչ այդ Թուրքիան նույն գազանի զգուշավորությամբ մտնում էր եվրոպական քաղաքականության մեջ, իսկ թուրքերը հաստատվում-տարածվում էին եվրոպական մայրաքաղաքներում:
Ուշագրավն այն է, որ այն ժամանակահատվածում, երբ բուն Եվրոպայում թեժ բանավեճեր էին ընթանում Թուրքիայի անդամակցության շուրջ, հայաստանյան քաղաքական շրջանակներում ողջունում էին այդ անդամակցության հեռանկարը, որին կողմ էր ՀԱԿ-ը, դեմ չէր ՀՀԿ-ն, աջակցում էին ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Հրանտ Բագրատյանն ու Դավիթ Շահնազարյանը: Մինչդեռ իրականում Թուրքիան եվրոպական արժեքներից սարսափում էր այնպես, ինչպես սատանան՝ խնկից:
Սիրիական պատերազմը դարձյալ փոխեց Թուրքիայի հանդեպ ԵՄ վերաբերմունքը, երբ Եվրոպայի «մերձավոր հարեւանը»՝ Թուրքիան, համաձայնեց ընդունել պատերազմի հետեւանքով առաջացած 3.6 միլիոն փախստականների:
Ստամբուլի Բիլգի համալսարանի հետազոտող Ֆաթմա Յըլմազ-Էլմասն այս առումով նկատում է. «Թվում է, որ Թուրքիան ի վիճակի է կասեցնել կամ սկսել փախստականների հոսքը դեպի Եվրոպա իր կամքով, եւ նա այդ ուժն օգտագործում է որպես լծակ ԵՄ-ի վրա, որի հիմնական խնդիրն է՝ նվազագույնի հասցնել ներգաղթյալների թիվը, որոնք իջնում են եվրոպական ափեր: 2016-ի փախստականների գործարքում ԵՄ-ն համաձայնեց վճարել փախստականներին աջակցելու համար, քանի դեռ նրանք մնացել են Թուրքիայում: Այդ ժամանակից ի վեր նոր միգրանտների հոսքը դեպի ԵՄ կտրուկ կրճատվել է: ԵՄ-ն իր հատուկ ուշադրությունը դարձրել է Թուրքիային զուգահեռ միգրացիոն քաղաքականության արտաքին չափմանն ուղղված միտումին՝ հիմնականում ներքին քաղաքականության կտրուկ ձախողման պատճառով: Միգրացիոն հոսքը զսպելու համար ԵՄ-ն բարդ գործարք կնքեց Թուրքիայի հետ»:
Ռուսաստանի եւ Արեւմուտքի անհեռատես քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ այժմ այդ երկիրը վերածել է մեծ սպառնալիքի թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի համար:
Միակ երկիրը, որից Թուրքիան իրականում վախենում է, Հայաստանն է, եւ այս պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունը հենց այդ վախի ցուցիչն է: Թուրքիան գիտե, որ Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի նախաշեմին դրա չեղարկման հեռանկարը կարող է փոխել աշխարհաքաղաքականությունն ի վնաս իրեն, եւ որ Հայաստանը միակ խոչընդոտն է օսմանյան կայսրության վերածնման ճանապարհին: Անկարան գիտե, որ խորացող պատերազմին զուգահեռ, ղարաբաղյան հիմնախնդիրը հայկական հարցի անբաժան մասն է դարձել, եւ այն այլեւս չի լուծվելու, ինչպես անցյալում:
Հայաստանն այժմ մեր զինվորների թանկ արյամբ եւ չդադարող պատերազմով է վճարում թե՛ իր արտաքին քաղաքականության սխալների, թե՛ Ռուսաստանի եւ Արեւմուտքի ձախավեր աշխարհաքաղաքականության համար: Մեկ դար անց հայկական հարցը դարձյալ աշխարհի քաղաքական սեղանին է դրված: Ոչ թե թղթե շերեփը, այլ հայկական երկաթե բռունցքն է արդեն լուծելու այդ հարցը: Այս պատերազմում այժմ լուծվում է ոչ միայն Ղարաբաղի խնդիրը, այլեւ՝ հայկական հարցը: Թուրքիան դա ի սկզբանե գիտեր, աշխարհը՝ նոր է հասկանում:
Կարծիքներ