Թուրքիայի որեւէ միջնորդություն կամ դեր ԼՂՀ-ում անընդունելի է ԱՄՆ-ի համար

Թուրքիայի որեւէ միջնորդություն կամ դեր ԼՂՀ-ում անընդունելի է ԱՄՆ-ի համար

Սկիզբը՝ նախորդ համարում

Ստորեւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի բացման խոսքը հոկտեմբերի 30-ին կայացած Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Ստույգ լինելու համար` թարգմանությունը կատարվել է բանավոր խոսքի սղագրությունից: 

Շնորհակալություն, Քեթրին: 

Հրաշալի է վերադառնալ տուն` Լոս Անջելես, Փասադենա, Գլենդել եւ դրսում լինել: Հրաշալի էր ներկայացվել իմ նախկին տնօրենի եւ թանկագին բարեկամի` Քեթրինի կողմից, նաեւ այստեղ տեսնել իմ ընկերներից շատերին, իմ նախկին իրավաբան գործընկերներին` Միքայելին Ղազարյան… Առհասարակ, հայկական համայնքն այնքան մեծ մասնակցություն ունի մեր կյանքին այստեղ՝ Կալիֆորնիայում: Սա այսօրվա մեր հանդիպման առավելությունն է: 

Ես ցանկանում եմ Ձեզ վերջին տեղեկությունները փոխանցել, թե ինչ է կատարվում տեղում, եւ մենք ինչ ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը հանգուցալուծելու ուղղությամբ: Ինչպես գիտեք, ադրբեջանական ուժերն առաջխաղացում են ունեցել եւ վերցրել են մի քանի ռազմավարական բնակատեղիներ շփման գծի հյուսիսային եւ հարավային հատվածներում: Երկու կողմերն են հայտարարում են հակառակորդ կողմին պատճառված մեծ կորուստների մասին, բայց Ադրբեջանը շարունակում է ունենալ նաեւ տարածքային ձեռքբերումներ: Եվ այս պահի դրությամբ չկան նախանշաններ, թե Ադրբեջանը մոտ ապագայում պատրաստվում է դադարեցնել իր հարձակողական ռազմարշավը (And there are no indications at this point that Azerbaijan intends to stop its offensive military campaign in near future․)։ 
Թույլ տվեք պարզ ասել, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում եւ Ադրբեջանում, պատերազմ է եւ ողբերգություն այդտեղ ապրող մարդկանց համար: Չնայած Թուրքիայի հերքումներին, որ նաեւ անձնապես ինձ են հայտնել, Թուրքիայի կողմից Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազգային բանակից» հակամարտության գոտի մարտիկներ տեղափոխելու մասին հավատարժան հաղորդումներ կան բաց աղբյուրներում, մամուլում: Մենք երեք անգամ փորձել ենք հրադադար հաստատել, բայց, դժբախտաբար, երեք փորձերն էլ ձախողվել են: 

Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի միջնորդությամբ հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները մարդասիրական հրադադար հայտարարեցին, սակայն այդ հրադադարը երբեւէ ամբողջությամբ չգործադրվեց: Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդությամբ մարդասիրական հրադադար հայտարարվեց, բայց այն ուժի մեջ մտնելուց շատ չանցած՝ բազմակի անգամ խախտվեց: Նույնկերպ հրադադարի համաձայնություն կայացվեց պետքարտուղար Պոմպեոյի եւ փոխպետքարտուղար Սթիվեն Բեգանի միջնորդությամբ, շաբաթավերջին բավականին աշխատանք կատարվեց, հոկտեմբերի 24-ին հրադադարը հայտարարվեց: Ես՝ ինքս, ներգրավված էի այդ աշխատանքներում՝ պետքարտուղար Պոմպեոյին եւ փոխպետքարտուղար Բեգանին օժանդակելու համար, բայց, դժբախտաբար, այդ հրադադարն էլ ուժի մեջ չմնաց, կողմերից յուրաքանչյուրը հայտարարեց, թե խախտողը հակառակորդ կողմն էր, եւ արդյունքում բախումները շարունակվում են: 

Դժբախտաբար, դժվար է պատկերացնել երկարատեւ հրադադար կամ կարգավորում, որը չներառի բազմազգ խաղաղապահների կամ դիտորդների ներգրավում: Ինչ խոսք, որեւէ զինված խաղաղապահ ուժի կազմում չեն կարող ներառվել Մինսկի խմբի համանախագահ երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները կամ հարեւան երկրներ: Որեւէ տիպի թուրքական միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարում անընդունելի է ԱՄՆ-ի համար, ինչպեսեւ Հայաստանի համար (Unfortunately, it’s hard to envision long term ceasefire or settlement that does not involve multinational armed peace-keeping forces or observers. Of course, any armed peace-keeping force should not include Minsk group Co-Chairs, including the United States, or neighboring countries. Any sort of Turkish mediation or peace-keeping role is not acceptable for United States as wel as for Armenia.)։

Մենք կարծում ենք, որ երկու կողմի համար էլ ընդունելի պետք է լինեն սկանդինավյան խաղաղապահները, եւ մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ, որպեսզի կազմավորենք խաղաղապահ ուժ, որը հնարավոր լինի կիրառել տարածաշրջանում եւ հաստատել հրադադար: 

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բռնության սաստկացումից, հատկապես շոշափելի քաղաքացիական բնակչությամբ տեղավայրերին հասցվող հարվածների մասին հաղորդումներից։ Ես խոսել եմ նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հետ՝ համապատասխանաբար, սեպտեմբերի 29-ին եւ հոկտեմբերի 1-ին: Եվ Փաշինյանի հետ նորից խոսեցի երեկ, մինչեւ այստեղ` Կալիֆորնիա մեկնելս: Նաեւ հոկտեմբերի 23-ին Սպիտակ տանը հանդիպել եմ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի եւ Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանի հետ: 

Նախագահը շատ հետեւողական է եղել եւ երկու կողմերին էլ կոչ է արել՝ լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները, ներառյալ քաղաքացիական անձանց եւ ենթակառուցվածքների պաշտպանությունը: 
Մարտնչող ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածադաշտից դուրս հարձակումները լուրջ վտանգ են ստեղծել փոխադարձ վրեժի, անվերահսկելի էսկալացիայի եւ դրանից բխող մարդկային զրկանքների առնչությամբ: Արտաքին ուժերը, ես ցանկանում եմ սա չափազանց հստակ ասել, անելիք չունեն այս հակամարտությունում: Եվ այն, ինչ հստակ է Միացյալ Նահանգների, նախագահ Թրամփի եւ մեր թիմի համար` այս հակամարտության հիմքում ընկած քաղաքական խնդիրների համար չի կարող գտնվել ռազմական լուծում: 

Հետեւաբար, երկու կողմերն էլ պետք է համաձայնեն հրադադարին եւ պետք է գան բանակցային սեղանի մոտ` առանց նախապայմանների: Սա հատկապես ճիշտ է ադրբեջանցիների պարագայում, որոնք մինչ այժմ ամենատատանվող կողմն են եղել առանց նախապայմանների հրադադարի հարցում: Մինսկի խմբի նախագահությամբ բանակցություններում երկու կողմերն էլ պետք է պատրաստակամ լինեն՝ բարեխղճորեն քննարկելու վեճի նյութը եւ պատրաստ լինեն դժվարին փոխզիջումներ կատարելու: Նորից, երկու կողմում էլ դժվարին փոխզիջումներ պետք է արվեն խաղաղության հասնելու համար: Նույն առավելապաշտական մոտեցումները պաշտպանելը, որ կողմերն արել են 25 տարի, չի կարող խաղաղություն բերել: Հետեւաբար, առանց երկու երկրների կողմից էլ առաջնորդություն եւ զիջողություն ցուցաբերելու, ամենայն հավանականությամբ, զրկանքներն ու մահերը կշարունակվեն: 

Մինսկի խմբի համանախագահները հետեւողականորեն հայտարարել են, որ հակամարտության որեւէ երկարատեւ եւ համապարփակ հանգուցալուծում պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների վրա` ուժի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների հավասար իրավունքներ ու ինքնորոշում:

Հակամարտության կողմերը սովորաբար մի սկզբունքին առավելություն են տալիս մյուսների հանդեպ: Ադրբեջանը կենտրոնանում է տարածքային ամբողջականության վրա, մինչդեռ Հայաստանն ընդգծում է ինքնորոշումը: Միացյալ Նահանգները կարծում է, որ բոլոր երեք սկզբունքներն էլ որոշիչ նշանակություն ունեն այս հակամարտության հանգուցալուծման համար: 
Միացյալ Նահանգները ձգտում է խաղաղության` Հայաստանի համար եւ Ադրբեջանի: Մենք հույս ենք տածում, որ ռազմական գործողություններն ուղղակի կդադարեցվեն, եւ դիվանագիտական լուծում կգտնվի, որն ի վերջո կբերի տեւական խաղաղություն: Իհարկե, Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակելու կողմերի հետ մեր աշխատանքը ու հասնելու խաղաղության հաստատման, եւ դա ներառում է Միացյալ Նահանգների նախագահի անձնական ներգրավվածությունը գործընթացին:

Այս ներածական հատվածից հետո, կարծում եմ, կարող ենք անցնել քննարկմանը: Բայց կարծես մինչ այդ սենատոր Լին կխոսի: Թող Աստված օրհնի Ձեզ, թող Աստված օրհնի Հայաստանը եւ թող Աստված օրհնի Միացյալ Նահանգների ժողովրդին: