Ամիգո Հակոբին` Պելեից

Ամիգո Հակոբին` Պելեից

Մարզական մեկնաբանի հուշերից

Լուսանկարում` Տոնոյանն ու Յաշինը

Մոտ 35 տարի առաջ Երեւան էր ժամանել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, բրազիլացի Ժոաո Ավելանժը, եկել էր գործընկեր Վյաչեսլավ Կոլոսկովի ուղեկցությամբ։ «Հրազդան» մարզադաշտում մամլո ասուլիսում, որն արտասովոր հետաքրքրություն էր առաջացրել, ուշագրավ բաներ ասաց, իսկ ամենատպավորիչը նախաբանն էր։ «Ես Հայաստան եմ ժամանել,- եւ այդ պահին անկարելի էր չնկատել, թե ինչ անհանգիստ շարժումներ է անում Կոլոսկովը՝ ակնկալելով, որ հնչելու էր իր անունը,- իմ լավ բարեկամ Հակոբի հրավերով...»։ Ներկաների շրջանում ուրախ աղմուկ առաջացավ։ Ո՞վ էր Հակոբը՝ Հակոբ Տոնոյանը։ Եթե ասեմ` հայկական ֆուտբոլի ամենահեղինակավոր մեկենասը, երեւի քիչ բան հայտնած կլինեմ, մանավանդ որ այդ պատվաբեր գործին ծառայել են նաեւ այլ անվանի մարդիկ, օրինակ՝ գործարանների տնօրեններ, ովքեր մեր խոստումնալից խաղացողների սոցիալ-տնտեսական խնդիրներն էին լուծում։ Նրանց իրենց մոտ աշխատող էին ձեւակերպում, ինչն իրականում զանցանք էր, բայց, համոզված լինելով, որ «վերեւներում» դրանք չնկատելու կտան, դիմում էին նման քայլերի։ Այլ էր մոտեցումը, երբ խոսքը գնում էր անվանի, հրավիրված ֆուտբոլիստների, ասենք, սուխումցի Սարգիս Հովիվյանի կամ բաքվեցի Էդուարդ Մարգարովի մասին։ Նրանց վերաբերող հարցերը լուծվում էին ավելի հեշտ։ Երկուսն էլ շատ արագ բնակարաններ ստացան Երեւանի կենտրոնում` «Անի» հյուրանոցի հարեւանությամբ։ 

Ներկայիս պրոֆեսիոնալ սպորտի հնարավորությունների հետ այս համեմատությունները, ինչ խոսք, կարող են թեթեւ ժպիտ առաջացնել։ Հակոբ Տոնոյանը, սակայն, մեկենասներից առաջինն էր՝ ոչ միայն շնորհիվ այն փաստի, որ զբաղեցնում էր հարմար պաշտոն` Հայաստանի կուլտառի մարզական բազայի տնօրենն էր, այլեւ անչափ շփվող էր, մարդկանց հետ լեզու գտնելու նախանձելի ձիրք ուներ։ Նրա դերակատարումը մեծ էր մեր ֆուտբոլի՝ միջազգային հեղինակություն ձեռք բերելու հարցում։ Եվ տեղին էր, որ 1973-ին, երբ նշվում էր մեր ֆուտբոլի «ոսկե տարին», նրան ընտրեցին ազգային ֆեդերացիայի նախագահի տեղակալ, ապա` նախագահ, իսկ տարիներ անց` նաեւ պատվավոր նախագահ։ Հատկանշական է, որ երբ այդ տարիներին հայտնվում էինք Մոսկվայում, համամիութենական ֆեդերացիայում, իմանալով, որ Հայաստանից ենք ժամանել, շարունակ լսում էինք նույն հարցը` ինչպե՞ս է իրեն զգում Հակոբ Աղաջանովիչը, մեր ջերմ բարեւներն ու հարգանքը փոխանցեք նրան։ Իսկ մի անգամ գործուղման էինք մեկնել համամիութենական խորհրդակցության, սակայն Տոնոյանը ժամանել էր նաեւ անձնական պատճառներով։ ԱՄՆ-ում նա դռան արանքում անզգուշորեն վնասել էր մատները, վնասվածքը լուրջ էր եւ բուժման կարիք ուներ։ Եվ ահա՝ հենց այդ նպատակով եւ հենց այնտեղ, որտեղ կանգ առավ վայրէջք կատարած մեր ինքնաթիռը, անսպասելի հայտնվեց… սեւ գույնի «Վոլգա», որը Տոնոյանին շտապ կարգով հասցրել էր Կրեմլի կլինիկա...

Մեր ազգային ֆեդերացիայի ղեկավարը նաեւ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում էր պատվավոր հյուր եւ մրցաշարերի մեկնելիս օգտվում էր նման հյուրերի համար անվճար տրամադրվող ե՛ւ ճանապարհածախսից, ե՛ւ սննդից, ե՛ւ փոխադրամիջոցներից, ե՛ւ ճոխ հյուրանոցներում էր բնակվում։ 1982 թվականն էր, Իտալիայում աշխարհի հերթական առաջնության խաղերն էին ընթանում։ Հռոմի հյուրանոցներից մեկի ռեստորանում նախաճաշում էր Հակոբ Աղաջանովիչը, երբ իմացավ, որ խորհրդային մասնագետների խումբ է ժամանել։ Հոգնած ու քաղցած մարդկանց հյուրանոցում տեղաբաշխելու գործը ձգձգվում էր։ Նա անմիջապես իջավ նախասրահ եւ բոլոր ժամանածներին հրավիրեց ռեստորան՝ կարգադրելով արագ ապահովել նրանց նախաճաշը, իհարկե` ՖԻՖԱ-ի հաշվին։ Անձամբ ինքը` Տոնոյանը, այդ ժամանակ նախաճաշում էր ֆուտբոլի արքա Պելեի հետ, ում հետ կարճ ժամանակաշրջանում հասցրել էր մտերմանալ, նրանց սեղանակիցն էլ հանրահայտ երգիչ Պլաչիդո Դոմինգոն էր։ Բաժանման պահին աշխարհահռչակ բրազիլացին նրան նվիրեց իր լուսանկարը, մակագրելով․ Ամիգո Հակոբին` Պելեից։ 
Հիշողությանս մեջ տպավորվել է եւս մի լուսանկար, այս անգամ՝ լեգենդար Լեւ Յաշինի հետ։ Հանրահայտ դարպասապահն աջ ոտքից զրկվել էր, եւ դաժան շաքարախտը հաշվում էր նրա կյանքի վերջին օրերը։ Ցավոք, պարզվեց, որ նույն ճակատագիրն է սպասվում նաեւ Հակոբ Տոնոյանին։ Ուղիղ քառորդ դար առաջ նա էլ հեռացավ կյանքից՝ իր մնայուն հետքը թողնելով հայկական ֆուտբոլի տարեգրությունում։

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ