Գլուխդ առնում Կոտայք ես փախչում, որ ի՞նչ․․․

Գլուխդ առնում Կոտայք ես փախչում, որ ի՞նչ․․․

Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այցելել է Կոտայքի մարզ։ ՀՀ քաղաքացուն այլևս հետաքրքիր չէ, թե նա որտեղ է այցելում կամ գնում է, որ ի՞նչ անի։ Արցախի ու Հայաստանի օրհասական այս վիճակում նրա կենցաղային բնույթի այցերը մարդկանց մեջ առաջին հերթին վիրավորանք է առաջացնում։ Ասենք թե գնացել՝ մանկապարտեզ ես բացել, ծորակ ես ստուգել կամ ինչ որ գործարանում 80 աշխատատեղ են ստեղծել, դա ի՞նչ առանջնահերթություն ունի Արցախում ու Հայաստանում։ Երբ նման հարցերով զբաղվելու համար հազարավոր կառույցներ, մասնագետներ կան և նրանք կարող են օրնիբուն շինարարական կամ մանկապատենական հարցերով զբաղվել։ Մեր ցավն ուրիշ ցավ է, որ բերել ես Արցախի, Հայաստանի գլխին ու հիմա այդ ցավով զբաղվելու փոխարեն, գլուխդ առնում ու Կոտայք ես փախչում, գլուխդ առնում ու Հրազդան ես փախչում, գլուխդ առնում ու ավտոբուսով ես երթևեկում որ ի՞նչ։ Կասե՞ս շրջագայությանդ իմաստը հասկանանք։ Հիմա ո՞նց չասես՝ նման ես այն մարդուն, ով երեխեքից ազատվում ու իրեն «քամուն է տալիս»։ Հիմա ի՞նչ ցավ ունես՝ Արցախը տվիր ու պրծար, Հայաստանն էլ կամաց- կամաց ,, խուրդում ես,, , Արցախը, ինչպես դու ես ասում՝ սովամահ է լինում, շուտով էլ կցեղասպանվի, Հայաստանում էլ թուրքը «մարաղ պահող կատվի նման տապ է արել» , որ մնացած գործերդ ավարտելուց հետո անցնես Հայաստանին։ 

Հիմա գրել ես, որ Հրազդան, Կոտայք ես գնում։ Պաշտոնյաներիդ դռները հորանցդ տան դռներն են, համ դու նրանց կարոտած կլինես, համ էլ նրանք քեզ։ Գնա ու նրանցից կարոտդ առ, ուրիշ անելու բան չունես անելու։ 
Առաջ որ ֆեյսբուքյան գրառում էիր անում, մարդիկ լցվում ու հայհոյում, անպարկեշտ բաներ էին գրում, լավ բաներ գրողներն էլ շատ էին՝ քեզ պաշտպանում էին։ Հիմա Հայաստանը Մեռյալ ծով է դարձել։ Մենակ հավանության նշաններ են, ոչ մեկը քեզ «դեմ չի»։ Օրվա երեխան գիտի, որ դժվար չէ «լայք լցնելը», բայց էլ ոչ մեկի պետքը չի՝ Կոտա՞յք ես գնում, թե՞ Հրազդան։ Մարդիկ ոչ գնալուցդ են բորբոքվում ոչ գալուցդ, նույնիսկ «մի ջղայն սմայլիկ էլ չեն դնում»։ Այդ փուլն էլ է անցել, մոռացվել, գնացել ես։ Մարդիկ անտարբեր են դարձել, ավտոբուսը հիշու՞մ ես, երբ կողքիդ կանգնածներն անգամ վրադ չէին նայում։ Այդ վիճակն է։ Ատելությունը ավելի լավ բան է, քան մարդուն չնկատելը, նրա վրա չնայելը։