Ստեփանակերտը՝ Խանքենդի՞․․․

Ստեփանակերտը՝ Խանքենդի՞․․․

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի «Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի» տերմինի վրա սևեռվելու փոխարեն, ավելի ճիշտ կլինի սևեռվել այն հարցի վրա, թե երբվանի՞ց սկսվեց ինտենսիվ օգտագործվել Ստեփանակերտ- Խանքենդի արտահայտությունը, այն էլ՝ եվրոպական ներկայացուցիչների կողմից։

Հիշեցնենք, որ Կլաարը իր միկրոբլոգում գրել էր․ «Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք ներկայացնելու, անհրաժեշտ վստահությունը ամրապնդելու և արժանապավությունն ապահովելու նպատակով։ Եվրամիությունը անհամբեր սպասում է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպմանը»։

Հայաստանի իշխանությանը դուր է գալիս, որ քայլ առ քայլ Ստեփանակերտը հանձնվում է, նա նույնիսկ չի արձագանքում։ Չի արձագանքում, երբ եվրոպական ներկայացուցիչները Ստեփանակերտին Խանքենդի են անվանում։  

Խանքենդին սկսվեց Ադրբեջանի կողմից ագրեսիվ օգտագործվել և միջազգայնացվել պատերազմի պարտությունից և հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի տարածք հայտարարելուց հետո։ Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը  գիտի՞ , թե Ստեփանակերտ անունը որտեղից է գալիս։ Կամ գիտի՞, թե ադրբեջանցիները ցարական Ռուսաստանի ժամանակ Խանքենդի ինչու՞ էին անվանում։ Գիտի՞ որ Խանքենդին Վարարակն գյուղի անվանումն էր և պատկանում էր հայ իշխանական Մելիք-Շահնազարյանների տոհմին։ Մեր պատմաբանները ինչու՞ չեն զբաղվում տեղանունների ծագմամբ, ուսումնասիրմամբ։ Այսօր արդեն ադրբեջանցիները Երևանի ադրբեջանական լինելու մասին են խոսում։ Խանքենդի անվան շուրջ մեր իշխանության փոխարեն բարձրաձայնում է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն, ով քննադատում  է Տոյվո Կլաարին իր թվիթերյան գրառման համար, որտեղ Ստեփանակրետը անվանում  է Խանքենդի/Ստեփանակերտ։ Նա գրում է․  

«Դու պետք է օգտագործեիր Խանքենդի անո՞ւնը և դա դնեիր Ստեփականերտ անվանումից առա՞ջ»։ 
Այո Արցախը Ադրբեջան ճանաչող այս իշխանությունը պատանդ վիճակում  մի Ստեփանակերտ է թողել, հիմա անու՞նն էլ է վերացնում։ Որովհետև, ինչպես Կլարն է ասում, Եվրամիությունը անհամբեր սպասում է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպմանը։ Անհամբեր են, որ ժամ առաջ Ստեփանակերտը Խանքենդի՞ դարձնեն․․․ Այնքան անհամբեր է Կլարը, որ մինչև Նիկոլի գնալն է Ստեփանակերտը Խանքենդի անվանում։ Այդպես է անում, որ Նիկոլի գործը հեշտացնի։