Հայկական կինոյի ծնունդը 1913 թվականին էր. Ինչ հայկական կինոժառանգություն ենք ստացել

Հայկական կինոյի ծնունդը 1913 թվականին էր. Ինչ հայկական կինոժառանգություն ենք ստացել

Մաս Առաջին 

Նախօրեին տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգայի կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Շաբաթը կինոսիրողների եւ առհասարակ հանրության համար խոստանում է լինել հագեցած կինոյով եւ կինոարվեստի հետ կապված միջոցառումներով։ Այդ առթիվ, «Հրապարակը» «Ոսկեծիրանյան կինոշաբաթվա» ընթացքում պարբերաբար կներկայացնի հոդվածներ կինոարվեստի վերաբերյալ, առաջին նյութը նվիրված է հայկական կինոժառանգությանը։ 

Հայկական կինոն, ըստ էության, կարելի է համարել խորհրդային ժամանակների ծնունդ, թեեւ նախախորհրդային շրջանում Հայաստանում փորձեր կատարվել են վավերագրական կամ գեղարվեստական կինոնկարներ նկարահանելու։ Բացի այդ, հայտնի է, որ հայ արտիստները բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել ռուսական նախահեղափոխական կինոյում եւ ժամանակակից լեզվով ասած՝ արեւմտյան կինոյում։ 
Այսպես, առաջին անգամ հայկական գեղարվեստական կինոնկար նկարահանելու փորձը կատարվել է 1913 թվականին, երբ դերասանուհի Սաթենիկ Ադամյանը դիմել է արձակագիր, դրամատուրգ, դերասան Միքայել Մանվելյանին՝ առաջարկելով էկրանավորել վերջինիս «Հեքիաթ» պիեսը։ Հայ դերասանուհին Մանվելյանին ուղղված նամակում ուրվագծել է ապագա կինոնկարի լիբրետոն, հաղորդել, որ Հովհաննես Զարիֆյանը պատրաստ է նկարահանվել այդ ֆիլմում։ 

1915 թվականին Եկատերինոդար քաղաքում «Միներվա» բաժնետիրական ընկերության հետ նկարահանվում է երկմասանի «Թուրքահայաստանի ողբերգությունը» գեղարվեստական կինոնկարը։ Այն չի պահպանվել, սակայն բովանդակությունը հայտնի է։ Ֆիլմում ներկայացվում է մի հայ ընտանիքի պատմությունը, որոնք վերապրել էին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանությունը։ Կինոնկարում նաեւ ներկայացվում է թուրք ջարդարարների դեմ հայերի մղած պարտիզանական պայքարը։ 

Այդ կինոնկարի թողարկումից 4 տարի անց, 1919 թվականին Յալթայում Ա․ Ա․ Խանժուկովի կինոստուդիայում Վահրամ Փափազյանը պրոդյուսեր Հակոբ Ուզունյանի հետ նկարահանում է Ուզեյր Հաջիբեկովի «Եթե ոչ սա, ապա նա» կինոկատակերգությունը։ 

Դրանից մեկ տարի առաջ էլ՝ 1918 թվականին, Մոսկվայում, ռուս հայտնի ռեժիսոր Պերեսիանին Վահրամ Փափազյանի խորհրդով նկարահանում է «Երդմամբ կաշկանդվածները», որն ըստ էության Շիրվանզադեի «Նամուսի» էկրանավորումն էր։ 

Նախախորհրդային տարիներին Հայաստանում մի քանի վավերագրական կինոնկարներ էլ են նկարահանվել, ինչպես օրինակ՝ Մատթեոս 2-րդ կաթողիկոսի հուղարկավորության, 1914-17 թվականներին Առաջին աշխարհամարտի խրոնիկայի եւ այլնի մասին։ Մի շարք հայ դերասաններ էլ, ինչպիսիք Ա․ Շահխաթունին, Հասմիկը, Արուս Ոսկանյանը, Լաքքան, Վահրամ Փափազյանը, Համո Բեկնազարյանն ու այլք, նկարահանվել են ռուսական կինոնկարներում։ 
Հայաստանի առաջին Հանրապետության կարճ գոյության ընթացքում հնարավոր էլ չէր համակարգված կինոգործի ծավալումը, հաշվի առնելով ժամանակի ծանր պայմանները։ Տեղի փոքրաթիվ կինոթատրոնները փորձում էին իրենց գոյությունը պահպանել հիմնականում Արեւմուտքից բերված կինոժապավենների ցուցադրությամբ։ 

 (շարունակելի) 

Արամ Յանին