ԿԳՄՍ նախարարը գիտելիքի մշակների օրհնության կարգին չի մասնակցել «անկարող»՝ զբաղված լինելու պատճառով

ԿԳՄՍ նախարարը գիտելիքի մշակների օրհնության կարգին չի մասնակցել «անկարող»՝ զբաղված լինելու պատճառով

2009 թվականից Հայաստանում ավանդույթ էր ձևավորվել․ կրթության նախարարներն ամեն սեպտեմբերի 1-ին մասնակցում էին կաթողիկոսի՝ Գիտելիքի օրվան նվիրված օրհնության կարգին։ Այս տարի ևս Արայիկ Հարությունյանը չմասնակցեց, բայց բուհերի ռեկտորները ներկա էին, իսկ մի քանի օր անց ԿԳՄՍ նախարարը հանդիպեց Գարեգին Բ-ին։ Սա տարօրինակ է՝ հաշվի առնելով նախարարության, Արայիկ Հարությունյանի ու Մայր Աթոռի հարաբերությունները։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ օրհնության կարգին չմասնակցելուց հետո ինչու՞ է Հարությունյանը հանդիպել Վեհափառի հետ, ո՞ւմ նախաձեռնությամբ և ինչ օրակարգով։  

Տեր Վահրամը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր, հանրակրթության ոլորտի բարեփոխումների ու դրանց հետ կապված Հայ առաքելական եկեղեցու առաջարկությունները: Որոշվել է, որ առաջիկայում տեղի կունենա կրթության հարցերով համապատասխան ենթախմբերի հանդիպումը, որի շրջանակում էլ անդրադարձ կլինի նշված թեմաներին։

Հիշեցնենք, որ երբ հայտնի դարձավ «Հայոց եկեղեցու պատմություն» և «Հայրենագիտություն» առարկաները հանրակրթական բնագավառում տարրալուծելու ԿԳՄՍ նախարարության առաջարկների մասին,  բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ ու հատկապես հոգևորականները քննադատեցին այս նախաձեռնությունը, այդ թվում՝ նույն՝ Տեր Վահրամ քահանան, ինչից հետո որոշվեց ստեղծել աշխատանքային ենթախմբեր, որոնք համատեղ կքննարկեն այդ հարցերը։

Տեր Վահրամը հաստատեց, որ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը, այո, անդրադարձ եղել է հիշյալ բարեփոխումների գործընթացում բարձրաձայնված բոլոր խնդիրներին ու մտահոգություններին, որոնց շուրջ որոշվել է, որ քննարկումներ ունենան ստեղծված ենթախմբերում։

«Մնացյալը նախարարությունից կարող եք ճշտել։ Նախորդիվ էլի եղել է, որ կարելի չի եղել նախարարի մասնակցությունը կրթության մշակների օրհնության կարգին»,-ասաց Տեր Վահրամը։

Ի՞նչ է նշանակում՝ «կարելի չի եղել»։ Վահրամ քահանա Մելիքյանն ասաց․ «Մայր Աթոռին տեղեկացվել է նախապես արարողությանը մասնակցելու անկարողության մասին։ Մնացյալը ճշտեք նախարարությունից»։ Տեր Վահրամը չպատասխանեց նաև հարցին, թե կողմերից որինն է եղել նախաձեռնությունը։

«Անկարողությու՞ն»․ ֆիզիկապե՞ս չի կարողացել մասնակցել, զբաղվածությա՞ն պատճառով։ Հարցն այս անգամ ուղղեցինք ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանին, որն ի պատասխան ասաց․ «Հայոց լեզուն, իհարկե, ճկուն է, հատկապես հոգևորականները լավ են տիրապետում, բայց նախարարը զբաղվածության պատճառով չի կարողացել ներկա գտնվել»։

Ինչ վերաբերում է հարցին, թե նախաձեռնությունը որ կողմինն է եղել, ապա Օֆելյա Կամավոսյանը խոստացավ նախարարից ճշտել և պատասխանել։ 

Ցավոք, երեկ այդպես էլ պատասխան չստացանք։