Եկել եք իշխանության, որ մեր տոնը փչացնե՞ք

Եկել եք իշխանության, որ մեր տոնը փչացնե՞ք

Համավարակով պայմանավորված՝ սպասելի ու հասկանալի էր, որ դպրոցում այլեւս կգործեն այլ կանոններ, ուսումնական տարեսկզբի կազմակերպչական այլ մոտեցումներ: Սակայն այդպես էլ որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում առաջին զանգի այսքան անշուք ու անբովանդակ ձեւը: Առաջին դասարանցիները մյուսներից մեկ օր առաջ գնացին դպրոց: Այդ օրը դպրոցների բակերը բավականին սակավամարդ էին: Հրահանգ կար, որ երեխային դպրոց մեկ հոգի է ուղեկցելու: Հենց դպրոցի մուտքի մոտ երեխաներին ջերմաչափեցին: Հետո նրանց ձեռքը բռնեցին անծանոթ մարդիկ ու առանց բառ ասելու՝ տարան ներս: Ոչ մի հանդիսավորություն, ոչ մի տոնական արարողություն: Այդպես էր հրահանգված ԿԳՄՍ նախարարությունից: Իսկ Վանաձորի որոշ դպրոցների բակերում ոստիկանները պայթեցրել են երեխաների փուչիկները՝ ասելով, թե չի թույլատրվում: Երեխաները վախեցել ու լաց են եղել: Մի խոսքով, առաջին զանգի տոնակատարություն չէր, այլ «սփխեչի» արարողություն: Ի դեպ, առաջին զանգն ու Սուրբ խաչի մեռելոցը՝ պատահականորեն, թե օրինաչափորեն, օրով համընկել էին: 
 

Իսկ հաջորդ օրը վարչապետ Փաշինյանը մի հսկա շքախմբով մասնակցում էր Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը հպարտությամբ ելույթ ունեցավ այն դպրոցի վերաբացմանը, որի հիմնանորոգումն սկսվել եւ ֆինանսավորվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք:

Կահավորումը ֆինանսավորվել է Փաշինյանի իշխանության օրոք: Փաշինյանն ինքը իր նման չէր լինի, եթե իր այս ելույթում էլ որոշ խոսակցական բառապաշար չօգտագործեր, ասենք՝ «յաշիկ» մեքենա… կամ` ուտելուց չխոսեր ու երեխաներին դաս չտար, որ կարելի է եւ սոված փորով ու դատարկ սառնարանով էլ նվաճել տիեզերքը. «Մենք ի՞նչ ենք ուզում, ինչպիսի՞ ապագա ենք ուզում տեսնել ձեզ համար. որ դուք առավոտյան արթնանաք, մոտենաք ձեր խոհանոցին, բացեք ձեր սառնարանը եւ այնտեղ տեսնեք տարատեսակ սննդամթերք, ուտելիքներ՝ երշիկներ, պանիրներ, մուրաբանե՞ր, թե՞ մենք ուզում ենք, որ դուք առավոտյան արթնանաք, ունենաք շատ քաղաքակիրթ, առողջ նախաճաշ եւ շատ արագ գնաք զբաղվելու տիեզերքը նվաճելու ձեր ամենօրյա գործով»:  Ամենաանհեթեթն այն էր, սակայն, որ վարչապետի հետ միասին դպրոց էին մտել նրա թիկնազորի անդամները, նախարարներ, Երեւանի քաղաքապետը, նրա տեղակալը, այլ պաշտոնյաներ եւ, առանց սոցիալական հեռավորություն պահելու, շրջում էին դպրոցի միջանցքներում, մտնում դասասենյակներ:

Դասասենյակներից մեկում վարչապետը երեխաներին ծանոթացրեց Կարգին Հայկոյի, մականունավոր նախարարի եւ այլ պաշտոնյաների հետ, որոնք հանում էին դիմակները, որպեսզի երեխաներին «երջանկացնեն»՝ իրենց դիմապատկերը «շնորհելով» նրանց: Հարց է առաջանում․ եթե այդքան բանը ձեզ թույլատրելի էր, ապա ինչո՞ւ չթույլատրվեց մի փոքր շուք ու տոնականություն հաղորդել առաջին զանգի արարողությանը` այդքան սակավաթիվ մարդկանցով: Չէ՞ որ առաջին զանգը մարդու կյանքում մեկ անգամ է հնչում, ու այն, որպես կանոն, լինում է հիշարժան, հուզումնառատ: Այս տարվա առաջին դասարանի սաների հիշողության մեջ առաջին զանգը հիշվելու է միայն ճակատին ուղղված ջերմաչափով, դիմակով ու դեմքը կիսափակ ուսուցչուհու կերպարով, ոմանց մոտ նաեւ` պայթող փուչիկների գմփոցներով: Ինչո՞ւ փչացրիք մեր երեխաների տոնը…