ՍԴ դատավորները խաչը կրում են բոլորիս համար

ՍԴ դատավորները խաչը կրում են բոլորիս համար

 Վերլուծաբան Կարեն Բեքարյանը գրել է․

«ՍԴ դատավորները խաչը կրում են բոլորիս համար

Սահմանադրական դատարանն ու դատարանի յուրաքանչյուր դատավոր, անգամ ոչ սեփական կամքով, այսօր դարձել են մեր պետության և արժանապատիվ ապագայի «կարմիր գծերի» յուրօրինակ պահապանը:

Արդեն դարձել են …
Արդեն կրում են այդ խաչը…

Եվ այս ամենի լրջությունը պատկերացնելու համար ընդամենը փորձեք առաջացող հարյուրավոր հարցերից պատասխանել մի քանիսին.

1. Ինչո՞վ է պայմանավորված ՍԴ-ի դեմ պատերազմի չափ ու սահման չճանաչող այս մոլուցքը:
Բռնապետական ամբիցիաներո՞վ, պետության և պետական ինստիտուտների հանդեպ զզվանքո՞վ, անձնական վրեժով կուրացմա՞մբ, ՍԴ իրավասության շրջանակներում դիտարկվելիք սպասվող հարցերով և թեմաներով ու նշված թեմաների «արժեքից» ելնելով՝ գրպանային ու մարիոնետ ՍԴ ունենալու անհրաժեշտությա՞մբ (օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում, Արցախին առնչվող հարցեր և այլն…)… Կա՞ն պատասխանի այլ տարբերակներ:
Եղածներից կա՞ այնպիսին, որն ուղղակիորեն չի հարվածում մեր պետության հիմքերին ու անվտանգությանը:

2. Մեր պետությունը դե ֆակտո ունի՞ նախագահ: Հարցը հռետորական չէ, ոչ էլ գտնվում է ճաշակի կամ քաղաքական բանավեճի տիրույթում:

3. Ունե՞նք դե ֆակտո խորհրդարան, թե՞ ունենք ինչ-որ կառույց, որն իրեն խորհրդարան հռչակելով՝ ՍԴ դատավորներին առաջարկվող կաշառքին տվեց օրենքի կարգավիճակ:

4. Ո՞վ կամ ովքե՞ր կարող են այսօր դիմագրավել այս ավիրող ամենաթողությանը:

5. Ի՞նչ անվանում տալ այս ամենին, եթե ոչ «կարմիր գծեր» և ովքե՞ր են այդ գծերի պահապանները…

ՍԴ դատավորները դարձել են այդ պահապանները....

Նրանք պատվով շարունակում են կրել այդ խաչը՝ անգամ անկախ սահման ու արժեք չճանաչող ճնշումներից, անկախ վարչապետի կողմից ուժայիններին տրվող բաց ու փակ հանձնարարություններից:

Նրանք այդ խաչը կրում են բոլորիս համար, մեր երկրի համար, մեր սերունդների համար…
Եթե նրանց կամքը չկոտրվի, չթողնենք որ կոտրվի՝ նրանք արժանի հպարտությամբ են նայելու սեփական զավակների ու բոլորիս աչքերին:
Նրանք այսօր պատմություն են կերտում…

Եվ վերջապես, այսօր հանրությանը ձեռնոց է նետված: Արժեքային կոլապսի և դեգրադացման ձեռնոց:
Երբ էժանագին, վտանգավոր մեկ շոուից հանրության ուշադրությունը փորձ է արվում շեղել այլ՝ ավելի էժանագին ու ավելի ցինիկ շոուի ուղղությամբ… Վերջին թարմ օրինակը՝ ՍԴ-ից դեպի Վանեցյան... Ու նորից, այս ամենին մաս դարձնելով անգամ ընտանիքի անդամներին…

ԵՒ սա էլ է «կարմիր գիծ»: Այս դեպքում մեզանից յուրաքանչյուրը պետք է իր համար ունենա հարցի պատասխանը՝ պատրաստ է պահելու այդ կարմիր գիծը, գծերը, թե հետո՞ պիտի արդարացումներ փնտրենք ավիրողներին չդիմագրավելու համար…

Ու կգտնե՞նք արդյոք…»