Հնարավոր է փետրվարի 24-ին բախումներ լինեն, ես Կաթողիկոսի կողքին եմ․ «Էջմիածին» խմբակցության ղեկավար

Հնարավոր է փետրվարի 24-ին բախումներ լինեն, ես Կաթողիկոսի կողքին եմ․ «Էջմիածին» խմբակցության ղեկավար

Գրել էինք, որ փետրվարի 24-ին Էջմիածնում Վեհափառի դեմ հանրահավաք է պատրաստվում իրականացնել «Վարդանանք» շարժումը։ Խմբի նախաձեռնողներն այս օրերին միանալու կոչեր են անում համացանցում։ Սա «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման շարունակությունն է, որ հետո վերածվեց զանգվածային ծեծկռտուքի։ Չի բացառվում, որ նման բան կրկնվի նաեւ փետրվարի 24-ին, քանի որ Վեհափառի աջակիցների շրջանակը բավականին մեծ է, իսկ նրանք այդ օրը ամեն գնով փորձելու են կանխել Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը։ 

Էջմիածնի ընդդիմադիր «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, էջմիածինցիները պատրաստվում են, թույլ չեն տալու, որ որեւէ մեկը մոտենա եկեղեցուն։

«Բոլորը տեսան, թե 2018 թվականի դեպքերի ժամանակ էջմիածինցիները ոնց էին սատարում եկեղեցուն։ Այդ ակցիաները մարեցին, հետո շարժման անդամները կրկին փորձեր արեցին, որը բնականաբար արդյունք չտվեց։ Ես վստահ եմ, որ փետրվարի 24-ին էլ չի ստացվելու, քանի որ քրիստոնյաները սատար են կանգնելու Հայ Առաքելական եկեղեցուն»,-ասաց նա։ 

Խաչատրյանը կարծում է, որ այս ակցիաները ոչ թե Վեհափառի դեմ են, այլ եկեղեցին կազմաքանդելու համար են։ 

«Վստահ եմ, որ այս քայլով փորձում են կզմաքանդել մեր եկեղեցին։ Մենք բոլորս գիտենք, որ արդեն մոտ 6 տարի է Հայաստանի գրեթե բոլոր պետական ինստիտուտները քանդման վտանգի տակ են։ Նրանք ուզում են նույնն անել եկեղեցու հետ, մի օջախի, որին ՔՊ-ականների ձեռքը չի հասնում։ Իշխանություններն ուզում են քաղաքացիներին հոգեւոր կյանքի դասեր տալ, իրենց ուզած արժեքները սերմանել։ Դարերի խորքից եկած մեր ամուր հավատքը երբեք չի սասանվի,-շեշտեց Խաչատրյանը։ 

2018թ․-ին, երբ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը մտավ Էջմիածին, բախում տեղի ունեցավ, քանի որ Կաթողիկոսի աջակիցները թույլ չտվեցին մոտենալ եկեղեցուն, հնարավո՞ր է, որ այդպիսի բախումներ լինեն։ 

«Հնարավոր է։ Բայց ինչպես գիտեք՝ հանրահավաք անցկացնելու վերաբերյալ քաղաքապետարանի թույլտվությունը ուժը կորցրած է ճանաչվել եւ այդ շարժման կազմակերպիչները չունեն հավաք իրականացնելու մասին թույլտվություն։ Բայց նրանք շարունակում են կոչեր անել, անգամ թռուցիկներ են տպել, որ տարածեն։ Մենք՝ քրիստոնյաներս, թույլ չենք տալու, պայքարել»,-ասաց նա։

Հարցին, որ թեեւ իշխանությունների ուղիղ կապը «Վարդանանց» շարժման հետ չի երեւում, սակայն տեսակետներ կան, որ հենց ՔՊ-ականներն են նրանց ուղղորդում, Խաչատրյանն ասաց․ «Ես էլ եմ այդպես մտածում։ Երբ 2018թ․-ին այդ շարժման անդամները «գրավել» էին  վեհարանը, եւ չէին հեռանում, իշխանության ոչ մի ներկայացուցիչ չդատապարտեց, իսկ ուշայինները ոչինչ չէին անում՝ նրանց վեհարանից դուրս հանելու համար։ Վստահաբար իշխանությունները համակարծիք են նրանց հետ։ Նրանք կրկին հիասթափվելու են, որովհետեւ արդյունքի չեն հասնի»,-նշեց նա։
Անդրադառնալով՝ իշխանություն-եկեղեցի լարված հարաբերություններին, Խաչատրյանը նկատեց՝ դրա պատճաը արժեքների տարբերության մեջ է։ «Այսօրվա իշխանությունները կրում են այնպիսի արժեքներ, որը հեռու է քրիոստոնեական եկեղեցուց»։

Սեւակ Խաչատրյանը նաեւ նշեց, որ փետրվարի 24-ին լինելու է Կաթողիկոսի կողքին։

Ավելի վաղ գրել էինք, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսած «Վարդանանց» շարժումը, որը պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում ընդդեմ եկեղեցու եւ եկեղեցականների, պատրաստվում է Գարեգին Բ-ի դեմ հերթական հանրահավաքին։ Շարժումը հանրահավաքի թույլտվություն ստանալու համար դիմել էր Վաղարշապատի համայնքապետարան, եւ համայնքապետին փոխարինող Արսեն Պետրոսյանը թույլատրել է Վարդանանց շարժման համակարգող, Հայ առաքելական եկեղեցու ձեռնադրված դպիր Անդրանիկ Դովլաթյանին՝ իրազեկում-հանրահավաք անցկացնել փետրվարի 24-ին, ժամը 15.00-19.00-ն՝ Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում, սակայն նույն փոխքաղաքապետը, հանրային դժգոհություններից հետո, եկեղեցու դեմ հանրահավաք անցկացնելու որոշումը ուժը կորցրած է ճանաչել՝ ինչ-որ անճշտությունների պատճառով։

Մանրամասն՝ տեսանյութում