«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն ու ՄՀ-ն կուլիսային առևտուր են անում

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն ու ՄՀ-ն կուլիսային առևտուր են անում

Չնայած Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվեց պաշտոնից եւ հայտարարեց Արայիկ Հարությունյանի հետ համագործակցության հուշագիրը չեղարկելու մասին, սակայն ԱԺ-ում նրա ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունն ամբողջությամբ սպասարկում է Հարությունյանի շահերը եւ շարունակում համագործակցությունը։ Հարությունյանն ինքն է ղեկավարում այդ ուժը, անհնազանդություն դրսեւորողներին անգամ պատժում։ Նախօրեին տեղեկացանք, որ ՄՀ խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանին փոխարինել են Գագիկ Բաղունցով։

Պարզվում է՝ Պետրոսյանն ավելի ընդդիմադիր է եւ ասել է, որ չեն աջակցելու Հաշվեքննիչ պալատի նախագահի՝ Արայիկ Հարությունյանի թեկնածու Վահրամ Բաղդասարյանին, քվեարկության պատկերն էլ ցույց է տվել, որ 9 հոգանոց խմբակցությունից տրամաբանական հաշվարկով 6-ն են կողմ եղել։ «Այո, «Միասնական հայրենիքն» այսօր ամբողջ ուժով լծված է Արայիկ Հարությունյանի իշխանության ամրապնդման գործընթացին, կուլիսային առեւտուր են անում, իսկ առեւտուր անելով պետություն չեն կառուցում, այլ վաճառում են։ Վստահ եմ՝ ՀՊ հաջորդ թեկնածուն ՄՀ-ից է լինելու։ Ինչ վերաբերում է Մարսել Պետրոսյանի փոփոխությանը, այո, ինքը նախապես ինձ հետ համաձայնել էր, որ ճիշտ է, որ չպետք է Բաղդասարյանը զբաղեցնի այդ պաշտոնը, ինձ թվում է՝ փոփոխությունն էլ հենց դրանով էր պայմանավորված, որ դեմ էր իշխանական թեկնածուին»,- ասաց ԱՀ պատգամավոր Դավիթ Գալստյանը։