Հեղափոխության Մաստերն ու Մարգարիտան

Հեղափոխության Մաստերն ու Մարգարիտան

Արդեն երկու և ավելի տարի է Հայաստանն ապրում է նոր իրողությունների մեջ: Իշխանության է եկել հրացանավոր մարդը: Կազմաքանդում է տիեզերքը հայկական`մինչ հիմքերը և հետո… Քաղաքական մեծամասնություն է ձևավորել, ի~նչ ուզում անում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ասում է, որ իր թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ նոր արժեքներ է բերել` սիրո, հանդուրժողականությա~ն: Ոչ սերն է դրսևորվում, և ոչ հանդուրժողականությունը: Բոթբթում է հրացանի կոթով, ասֆալտին փռում, բերման ենթարկում: Թե ո՞ւր է գնում Հայաստանը, ինքն էլ չգիտի: Հասարակությունը պառակտել է սևերի և սպիտակների, մերժում է անցյալը, ունևորների աչքն ու ունեցվածքն է վնասում, իր համար կարևոր, շատերի համար անպետք ու տագնապալի նոր ճշմարտություն է իր հետ բերում: Ինքը իշխանության բարձունքին` ներքևը անդունդ, հատակը` զորաշարժի մեջ:
Չի խոստովանում, նշմարվում է` Նժդեհի հավատավոր գաղափարակիցը չէ, բայց  զորավարի նկատմամբ առերես հարգանք ունի, թեև նրա համար ամենևին էլ պարզ չէ, թե ի~նչ են մեր նախնիները ժառանգել մեզ: Մի՛ զարմացեք, ինքն է ասում «Հայկական ժամանակի» «Մոռանալ «հերոսական անցյալը» խմբագրականում: «Մենք հերոսական անցյալ չունենք և պետք էլ չէ, որ ունենաք: Ինչ են այդ նախնիները մեզ ժառանգել, ինչ են թողել իրենց հետևից: Ոչի~նչ: Ավելի քան ոչի~նչ: Որովհետև «ոչինչը» այն է, որ, երբ դու պիտի սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք մինուս չգիտեմ քանիսից, որովհետև մեր նախնիները մեզ ժառանգել են ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության մի այնպիսի~ պաշար…»: 
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է մեր նախնիներին, անիծում նրանց, քանի որ նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ավելի արժանապատիվ և հպարտ ապրենք:
Խմբագրականը նա գրել է 2005-ին: Մերժեց Սերժին: Պարզվեց` մերժեց  մեր արժեհամակարգն ու արժանապատվությունը, մեր նախնիներին, իր խոսքով`«հերոսիզմի շղարշով» սքողված մարդկանց: Ասում է`«Մոռանանք մեր պատմությունը, սկսենք զրոյից, կարծես, Աստված հենց նոր ստեղծեց մեզ»: 
Նիկոլ Փաշինյանի այս մերժողական մտքին արդեն երկրորդ անգամ է անդրադառնում մեր հայրենակցուհին, մոլորակի ամենաազդեցիկ կանացից մեկը` Մարգարիտա Սիմոնյանը: Նա ցիտել է Նիկոլ Փաշինյանի խմբագրականն ամբողջությամբ և հիշել ցեղասպանությունը վերապրած իր նախատատին` Նարտուհի Ներսիսյանին: «Նա Քեզ`սրբին, մեղադրում է ցեղասպանության և անբարոյականության» համար: Հիմա ես հասկանում եմ, թե ինչո՞ւ էր իմ գրառումն այդքան աղմուկ բարձրացրել Հայաստանում: Ես իրոք այն հանրության մասը չեմ, որը կարող է ուրախանալ այն մարդու իշխանությամբ, որն արհամարհում է մեծն հայոց պատմությունը, անիծում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը: Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ: Ամո՛թ»,-գրել է Սիմոնյանը:
Մարգարիտայի նախորդ գրառումը հայկական համացանցը շլմփոցով զարկեց գետին, բարձրացավ շիլ աղմուկ, նիկոլական մտքի կույր հետևորդները կառչեցին տիկնոջ փեշերից, լուտանք ու հայհոյանք թափեցին, անգամ ազգությունը փոխելու պահանջ դրեցին: Գրող Լևոն Ջավախյանն էլ գրեց, որ տիկնոջ բերանով Պուտինն է փորձում հերթական անգամ դարձի բերել Հայաստանի իշխանությանը, որը ոտնահարում, մերժում է ամեն ինչ, նաև՝ հայ-ռուսական բարեկամությունը: Գտնվեց նաև մեկը (կարծեմ` Աթանեսյան Վահրամ) այս թերթի էջերում, որ փնովեց Ջավախյանին, թե Պուտինն ո՞վ եղավ, որ մեր իշխանությունների երեսին թքի: Իշխանությունը ժողովուրդն է, չէ՞, ձևավորել: 

Կուզեի հարցնել ոչ միայն այս պատգամաբերին. արդյո՞ք համաձայն եք Փաշինյանի «հերոսիզմին»: Վստահ եմ, պատասխան չի լինելու: 

Խմբագարականի թեզերը հայտնի են վաղուց, դրանք նաև Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» ծրագրային վեպում են արտացոլված: 
Կասեք` ծաղրա՞նք է. հիմարության սահմանը դարձել է ծրագրային դրո՞ւյթ: 

Կյանքում երկու բան կա`տիեզերականն ու մարդկային հիմարությունը: Նույն հիմարությամբ նիկոլականները հիմա փորձում են ժխտել խմբագրականի իսկությունը, ձայներ են հնչում, թե, իբր, Նիկոլը չէ դրա հեղինակը: Լա´վ, վե՞պն էլ չի գրել, որտեղ Գառնիի տաճարն իր համար հավաբուն է, Փարիզի սրճարանում մատուցող աշխատող միասեռական տղան ՀՀ արժանավոր, հպարտ քաղաքացի: Նիկոլ Փաշինյանի գաղափարակիցներ, ապերախտ մի´ եղեք, կուռքը ձերն է, տեր եղեք նրան:

Հակոբ Պարոնյանն ասում է`պատմությունը պատիվ ունի ցուցանել և ուսուցանել, թե ինչպես մեր նախնիները, ապականությամբ առաջնորդված, մոռացան իրենց արարչին ու սկսեցին պաշտել արեգակն ու լուսինը, աստղերն ու հուրը, սոխն ու սխտորը:
Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ամենը սկսել զրոյից, չենք ունեցել ոչինչ, անցյալն առ ոչինչ է: ՔՊ-ական «հերոսիզմի» սկզբունքով փոխում են պատմության, գրականության դպրոցական դասագրքերը, որտեղ պաշտամունք է դառնալու, Պարոնյանի ասած` սոխն ու սխտորը: Չափորոշիչները գրվել են թուրքական փողերով` թուրք նավավար Ալիների հետ համատեղ: Ապականությամբ առաջնորդված այս խայտառակ փաստը փորձում են կոծկել, միաժամ բլթացնելով, թե` ինչ էլ ասեք, կրթական բարեփոխում է սա և անցկացվելու է: Եվ ուրեմն` զարմանալի թող չթվա, որ երկրում շարունակվելու է համավարակային արտակարգ իրավիճակը, որովհետև դեռ ամբողջովին իրականություն չեն դարձել դրսից պատվիրված հակահայ բոլոր ծրագրերը: Շարունակվելու է մեկ դերասանի թատրոնը՝  կորոնադիմակահանդեսի ուղեկցությամբ, քանի դեռ վերջնականապես մարդկանց ուղեղներում չի խառնել իրականի ու անիրականի սահմանը, քանի դեռ աթոռին վերջնականապես չեն հաստատվել սոխ ու սխտոր չիպոլինոները: Մինչև այդ` երկիրը պետք է հիվանդանոց մնա, սահմանադրությունը ծորա, ասֆալտով գնա, օնլայն ու իրական կյանքը վերջնականապես խառնափնթուր, խառնալուր, խառնախոս դառնա: Մինչև~ օվերտոնի պատուհանով կամավոր ինքնասպանության գնացող հասարակությունը բիոզանգված դառնա: 
Հեղափոխականի ձեռագիր է` մոգոնված ու հաստատված դրսերում: Հեղափոխականը կործանող կերպար է, Բուլգակովի նշանավոր վեպի հերոսի` սատանայապետ Վոլանդի նմանակը: Նա է ասում` ձեռագրերը չեն այրվում` խառնակչության ձեռագրերը: Տիեզերական պատմության մեջ բոլոր հեղափոխությունները, նույնիսկ Գարիբալդիինը, մերի պես անցել է նույն դիմակահանդեսի միջով: Բոլոր ժամանակներում այդ դիամկահանդեսներում փոխանակվող ամենակայուն տարադրամը եղել է աստվածաշնչյան երեսուն արծաթը: Նրանք, ովքեր մասնակցում են դիմակահանդեսին, չեն կարող ընդդիմանալ դիմակահանդեսի կազմակերպչին և փողոցում ըմբոստանալ նրա դեմ: Ծանո´թ պատկեր է, ըմբոստացող բերման ենթարկվածներն էլ` բնորոշ օրինակ: Հիմա էլ մեր թատրոնի հանդիսավարին հաջողվել է բերման ենթարկել կորոնավիրուսի գոյությունը ժխտողներին: 
Նույնիսկ Կոնստանդնուպոլիսը գրավվեց ոչ թե Մեհմեդ սուլթանի ռազմական ուժի, հնարամտության կամ հունգարացի զինագործի աներևակայելի մեծ թնդանոթի ավերիչ հարվածներով, այլ… Ստեֆան Ցվեյգն է նկատել`թուրքերի համար աստեղային ժամը հասավ, երբ անառիկ պարիսպներում պատահաբար բաց մնացած փոքրիկ դռնակ գտան: Բաց դուռ չի եղել: Կ.Պոլիսը գրավվեց աշխարհի անտարբեր աչքերի առաջ` շնորհիվ մեծ դավադրության: Ցվեյգը բաց դռնակի դրվագով ակնարկում է այս մասին: Օգնություն հայցող կայսրությանը ձեռք չմեկնեց  և ոչ մի պետություն: Ի դեպ` Սուրբ Սոֆիայի տաճարը այս օրերին մզկիթ դարձավ նման դավադիրների համաձայնությամբ:
 Պիտի կործանվեր Բյուզանդիան ու պիտի նրա տեղը նոր կայսրություն լիներ`Օսմանյանը, ընդդեմ Սև ծովից անդին տարեցտարի հզորացող Ռուսաստանի:
 Նույն ձեռագրով պատմական մեր հայրենիքում ոչնչացրին մեզ: Հայկական սեպը պիտի վերանար թուրքական աշխարհից: Դավին անտեղյակ, երկար, շատ երկար խռով մնացինք աշխարհից:
Արդեն հարյուր և ավելի տարի է հայ քաղաքական միտքը դեգերում է արևմուտքի և արևելքի միջև: Օրվա իշխանությունը արևմուտքի կողմնասեր է: Դեգերումների արդյունքում Հայաստանի ու Արցախի ապահովությունն է վտանգվել: Սթափ մտքի, լրջության, վտանգի զգացողության լուրջ պակաս կա:
Շատերը չեն ցանկանում լսել ճշմարտությունը, որովհետև չեն ուզում պատրանքը փշրվի: Իսկ ճշմարտությունն այն է, որ Արևմուտքը Արցախյան խնդրի փուլային կարգավորմամբ ազատագրված տարածքներից մեր զինուժի դուրս բերում է պահանջում, իսկ ադրբեջանցիների հետ` համատեղ բնակեցում: Արևմուտքը պահանջում է մեր մենթալիտետին խորթ արժեքներ, կեցության կանոններ, կրթական բարեփոխումներ: Նիկոլ Փաշինյանը կողմ է մեծ աղմուկ հանած կրթական նոր չափորոշիչներին և հայտարարում է` «Հանրակրթական պետական չափորոշիչները բխում են ազգային շահերից և որևէ մի բան մեզ չի շեղելու դրանից»:
Ռուսական կողմնասերները պնդում են, եթե Հայաստանը դուրս գա այդ ազդեցության գոտուց, հայտնվելու է թուրքականում: Արցախյան հակամարտության ողջ ընթացքում Մոսկվան անգնահատելի ռազմական աջակցություն է տրամադրել մեզ: Ռուսական «Военный арсенал» կայքի հաղորդմամբ`միայն 2015-ին Հայաստանին հատկացվել է 3.5 մլրդ դոլարի սպառազինություն: Փաշինյանի օրոք ձեռք է բերվել 470 մլն դոլարի զենք, դրանց թվում նաև մի քանի կործանիչ: Մինչդեռ վարչապետը պնդում է, որ իր օրոք բանակն առավել մարտունակ է դարձել:
Տավուշյան մարտերից հետո թուրքական 11 հազարանոց բանակը սպառնագին մտավ Նախիջևան. F-16 կործանիչները վտանգավոր հեռավորության վրա մոտեցան Երևանին: Ծանոթ հոդվածագիրը հիշեց Կարսի պայմանգիրը, փնովեց ռուսին, որ Նախիջևանը տվեց Ադրբեջանին: Դե, եթե չտար, թուրքն այսօր չէր մտնի Նախիջևան՝ ասաց:
Հոդվածագի´ր, ռուսին բոլշևիկից  տարբերիր, զատորոշումը դարակազմիկ է: Կարսի պայմանագրի հարցը քարկոծելով չէ, որ պիտի լուծվի, այլ`ժամանակի մեջ, հարմար պահին: Միայն հովերով տարված, ներսում ատելություն սփռողը չլինի, հեղափոխության մաստերը խոչընդոտ չլինի: Մաստերն իշխանությունն ամեն գնով պահելու մեջ միլիոն է, երկիրն առաջ տանելու մեջ`զրո: Իր խոսքն է, չէ՞. «Սկսենք զրոյից, մինուս չգիտեմ քանիսից, այն պահից, երբ, կարծես, Աստված հենց նոր ստեղծեց մեզ»: 
Թզի տերևից սկսող մեզ խանգարողին առաջարկում եմ քաշել ստի, իսկության, հիմարության սահմանը:  
Աչքերով կորցրել ենք ուղին, կուրորեն քայլում ենք առաջ:
Հրացանավոր մարդը շարունակում է ցավոտ անակնկալներ մատուցել:
Հասարակության շերտերում զորաշարժ է: 
Գարին կամա՜ց ընկույզի չափ է դառնում:

Գագիկ Եղյան