Ակնարկների լեզուն

Ակնարկների լեզուն

Վերադառնում ենք «հին, բարի» սովետական ժամանակներ, երբ իշխանությունը խոսում էր հավասարությունից, արդարությունից, ազատությունից, իսկ իշխանության վերին էշելոններում գտնվող մարդիկ թաքուն հարստանում էին, գույք եւ թանկարժեք իրեր ձեռք բերում, շարքային մարդկանցից ավելի ու ավելի տարանջատվում եւ ապրում արտոնյալ ու բարեկեցիկ կյանքով: Երկրով մեկ ընտրություններ էին կազմակերպում, կազմակերպված գնում քվեարկության, սակայն ընդամենը մեկ թեկնածու էր առաջադրվում, եւ ի սկզբանե հայտնի էին ընտրության արդյունքները: Բոլորը փառաբանում էին Կոմկուսի առաջնորդին, ծափահարում եւ մեծարում նրան, բայց հասարակությունը կամաց վերածվում էր ռոբոտների, սեփական կարծիքից զուրկ զոմբիների, որոնք անգամ չէին պատկերացնում, թե ինչ է իրական ազատությունը: Կեղծիքն ու փարիսեցիությունն ամենուր էին: Եվ ամենակարեւորը` արգելված էր իշխանություններին որեւէ կերպ քննադատելը, եզակի համարձակները, այլախոհները, դժգոհները, ազատություն տենչացողները հայտնվում էին բանտերում կամ հոգեբուժարաններում:

Մամուլում բացառապես իշխանություններին, պաշտոնյաներին փառաբանող հոդվածներ էին, քննադատություն հնչեցնելն արգելված էր, ազատ խոսքը` փակի տակ: Նույնիսկ արվեստի ու գրականության գործերում չէր կարելի քննադատել ղեկավարներին, տիրող կարգերը, եւ մարդիկ կամաց յուրացրին ակնարկներով խոսելու լեզուն, տողատակերում սկսեցին  փնտրել, այլաբանությամբ իրենց ասելիքը փոխանցել: Հայաստանում` Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում մենք ընդհուպ մոտենում ենք բրեժնեւյան կամ խրուշչովյան այս ժամանակներին (թեեւ ոմանք կարծում են` ավելի շատ ստալինյան ժամանակներին է այս ամենը նման), երբ մարդիկ վախենում էին իրենց մտքերն ազատորեն արտահայտել, որպեսզի չհայտնվեն բանտերում: