Եթե դրսում դաշնակցականներն ընդունում են իշխանություններին, ուրեմն ներսից թույլտվություն կա

Եթե դրսում դաշնակցականներն ընդունում են իշխանություններին, ուրեմն ներսից թույլտվություն կա

ԿԳՄՍ աղկմահարույց նախագծի շուրջ այս ողջ աղմուկ-աղաղակին հընթացս Արայիկ Հարությունյանը դիմեց դրսի դաշնակցականներին՝ առաջարկելով կարգի հրավիրել հայաստանյան կուսակիցներին։ Իրականում, ինչպես նկատում է Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցներից մեկը, Հարությունյանի սպասումները միանգամայն տրամաբանական են՝ հաշվի առնելով, թե ինչպես են սփյուռքի դաշնակցականներն ընդունել Հայաստանից ԱՄՆ ժամանող պաշտոնյաներին՝ երեք նախագահների օրոք։ Հիմա էլ «Իմ քայլի» պաշտոնյաներին են նույնկերպ ընդունում՝ վարչապետի ու վարչապետի կնոջ գլխավորությամբ․ զբոսանավեր, խավիար, փակ ընդունելություններ ու հանգանակություններ։ Փաշինյանի լոսանջելեսյան հանրահավաքի կազմակերպչական մասն էլ էր դրված ազգային կառույցների եւ առավելապես տեղի դաշնակցականների վրա։ Մենք զրուցեցել ենք ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանի հետ։

- Կարծո՞ւմ եք, որ Հարությունյանի կոչը, այսպես կոչված՝ տեղի դաշնակցականների վրա դրսից «տղա բերել» էր, եւ եթե այո, ապա չե՞ք կարծում, որ նման առիթ տվել է հենց Դաշնակցությունը։ Եվ, առհասարակ, երկփեղկվածություն կա ՀՅԴ-ում․ դուք այստեղ իշխանություններին ընդդիմություն եք, այնտեղ ջերմ, անուշ հարաբերություններ են։

- Հարցը մի քանի մասերից էր։ Առաջինը սկսեմ նրանից, որ սա ոչ թե կուսակցության քաղաքական որոշումն է եւ այսօր էլ քաղաքական պայքար է, ինչի մասին մենք անընդհատ լսում ենք իշխանության ներկայացուցիչներից։ Նրանք են, որ փորձում են այդ ամենը բերել այդ դաշտ, բայց իրականում սա ուսանողության ըմբոստացումն էր, որտեղ առաջամարտիկի դերում հանդես է գալիս Դաշնակցության երիտասարդական միությունը։ Սա մեր երիտասարդական թեւն է, որում կան թե՛ կուսակցականներ, թե՛ անկուսակցականներ։ Եվ նրանց էլ միացել են տարբեր կազմակերպություններ ու ուսանողներ։ Կուզեի, որ սա հստակ տարբերակվեր, բայց սա փորձում են անընդհատ նեղ կուսակցական շրջանակ մտցնել։ Ինչ վերաբերում է «ներսի ու դրսի դաշնակցականներ» շահարկվող հասկացություններին, ապա այդպիսիք իրականում չկան։ Դուք հիմա եթե նայեք վերջին օրերի մամուլը, կտեսնեք տարբեր երկրների դաշնակցական կառույցների հայտարարությունները եւ կհամոզվեք, որ սա արհեստական բան է, որ կրկին փորձում են ժողովրդի մեջ գցել, որ կան ներսի, դրսի․․․ Դաշնակցությունը, շատերը դժվար են պատկերացնում, մեկ ծրագրին ծառայող կառույց է, անկախ նրանից՝ Ավստրալիայո՞ւմ է գործում, ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Եվրոպայում կամ Իրանում։ Դաշնակցությունը երբ ասում է՝ ես ապակենտրոն կուսակցություն եմ, դա նշանակում է, որ ամեն երկրի դաշնակցական կառույցին տրված են ներքին ազատություն, ինքնավարություն։ Պատկերացրեք՝ իսլամական կարգերով երկրում եք գործում, դեմոկրատական արժեհամակարգով, ամեն տեղ պահանջները տարբեր են, եւ այդ ազատությունը վերաբերում է ներքին կազմակերպական հարցերին՝ որպես կառույցի ձեւին ու բովանդակությանը։ Սա է մեր տարբերությունը, բայց որպես Դաշնակցություն՝ չկա որեւէ տարբերություն, որովհետեւ բոլորս ծառայում ենք մեկ ծրագրի, մեկ նպատակի, որի վերջնակետը Միացյալ Հայաստանն է։

- Ներեցեք, դա երազանքների նպատակ է, բայց․․․

- Դա վերջնակետն է․․․ որին կհասնենք․․․

- Բայց եթե կոնկրետ հարց հնչի՝ հեռացնե՞լ Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ, դրսի դաշնակցականները շատ ջերմ են, իսկ դուք․․․

- Դաշնակցության մոտեցումը հետեւյալն է․ մենք, ամեն դեպքում, պետականակենտրոն կուսակցություն ենք, եւ անկախ նրանից՝ օրվա իշխանությունը որ քաղաքական ուժն է, Դաշնակցությունը դրսում իր պետության, Հայաստանի ու հայության շահերն է պաշտպանում։ Դրսում որպես ընդդիմություն չենք դիրքավորվում, դրսում դաշնակցական կառույցներն ընդունում են Հայաստանի պետականության ներկայացուցիչներին, ոչ թե անձին, այլ վարչապետին, նախարարին, ԱԺ նախագահին։ Դա վերաբերմունք է Հայաստանի պետականության հանդեպ եւ նաեւ՝ փորձել օգտակար լինել այդ երկիր այցելած Հայաստանի որոշակի պաշտոնյայի՝ Հայաստանի համար օգտակար խնդիրներ լուծելու համար։ Ցավոք սրտի, այդ լավ վերաբերմունքը շահարկվում է՝ ի դեմս նմանատիպ իշխանությունների, որոնք փորձում են պառակտում սերմանել։ Չնայած՝ դա իրենց չի հաջողվում։ Անպայման պիտի վատ վերաբերվեին, որ ասեին՝ հա, նույնն են, տարբերություն չկա։ Հայաստանում էլ Դաշնակցությունն իշխանությանը վատ չի վերաբերվում՝ որպես ընդդիմություն։ Ցավոք, Հայաստանում խեղաթյուրվել է նաեւ այդ գաղափարը։ Ասում են՝ թշնամի, չգիտեմ ինչ՝ մոռանալով, որ ընդդիմությունն իշխանության դուբլիկատորն է, եթե մի խնդրից խոսում է, ապա պետք է ոչ թե թշնամանալ, այլ ավելի ուշադիր լինել այդ խնդիրների հանդեպ։ Եվ, մյուս կողմից՝ երբ անցած տարի եղավ իշխանափոխոթյուն, կար ե՛ւ ինֆորմացիայի պակաս, ե՛ւ եկող քաղաքական ուժերի մասին պատկերացումներն էին թույլ, ե՛ւ կար համընդհանուր դժգոհություն, եւ այդ էտապը խառնաշփոթային էր։ Բոլորի մոտ։ Ոնց որ ասում է՝ ծովը փոթորկվում է, այդ փուլն անցել է։

- Կուսակցությունում չե՞ն կարծում, որ ժամանակն է դրսի դաշնակցականների հետ կոորդինացնել մոտեցումները։

- Մի նրբություն ասեմ․ երբ Հայաստանի իշխանություններից գնում են դուրս, տեղի կառույցը, եթե պետք է շփում ունենա, անպայման հարցում է անում Երեւանին։ Եվ որ ասում են՝ ներսի-դրսի, եթե ընդունում են, ուրեմն նշանակում է՝ Հայաստանից թույլտվություն կա։ Էնպես չէ, որ առանց հարցնելու, ինքնագլուխ ամեն մեկն ինչ ուզում՝ անում է։

- Թույլտվությո՞ւն։

- Համաձայնեցում։ Դաշնակ-ցությունը սա է, հարկ ենք համարում՝ լավ ենք ընդունում, եթե շատ են ուզում, կարող են արժանանալ կոշտ վերաբերմունքի։ Բայց նորից եմ ասում՝ ինչ էլ անենք, նեղ խմբային շահերով չենք առաջնորդվում։