Վազգեն Մանուկյանի ստուգողական թեստը

Վազգեն Մանուկյանի ստուգողական թեստը

Հայրենիքի փրկության շարժման ներսում ուշագրավ վերադասավորումներ են ընթանում։ Ինչպես տեսանք, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ Ազատության հրապարակում հավաք էր հրավիրել։ 

Մանուկյանը հանրահավաք հրավիրելու հայտարարությունը նախապես չէր համաձայնեցրել Հայրենիքի փրկության շարժման կուսակցությունների լիդերների հետ։ Փետրվարի 20-ի միասնական հանրահավաքից առաջ «առաջիկա անելիքները քննարկելու» անվան տակ հավաք հրավիրելու մասին Վազգեն Մանուկյանի հայտարարությունն անակնկալի էր բերել գործընկերներին։ Մանավանդ, մենք իմացանք, որ հայտարարությունը տարածելուց ժամեր առաջ Մանուկյանը հանդիպել էր շարժման որոշ անդամների հետ, զրուցել ու հայտնել իր մտադրության մասին՝ հաջորդ օրը մինի-հանրահավաք անելու մասին, սակայն մյուսները նրան խորհուրդ էին տվել չնախաձեռնել նման հավաք, քանի որ արդեն հայտարարվել է փետրվարի 20-ին մեծ հանրահավաք անցկացնելու մասին, եւ իր քայլը խոսակցությունների տեղիք կտա, քանի որ քիչ մարդ կհավաքվի։ Որքան մեծ է եղել գործընկերների զարմանքը, երբ համացանցից տեղեկացել են, որ Մանուկյանը «Սիրելի ժողովուրդ, քեզ հիպնոզացրել են» նախաբանով հայտարարություն է տարածել եւ հաջորդ օրը ժամը 3-ին բոլորին հրավիրել Օպերա։ Երեկ, հանրահավաքից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում պարոն Մանուկյանը չհերքեց, որ ինքը միայն «տեղյակ» է պահել իր նախաձեռնության մասին, ասաց նաեւ, որ ակնկալում էր, թե պետք է գործընկերները ներկա լինեն իր հավաքին։ Ներկայացել էր Իշխան Սաղաթելյանը։

Վերջին շրջանում շատ գրվեց Հայրենիքի փրկության շարժման ներսում առկա տարաձայնությունների մասին։ Թվում էր, թե հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ընտրության մասնակցել-չմասնակցելու հարցն էր, որ լիդերներին «բաժանել» էր ճամբարների՝ կողմեր եւ դեմեր։ Սակայն իշխանությունն անցած շաբաթ փակեց արտահերթի հարցը, այնինչ ընդդիմադիր առաջնորդները կրկին տեղից չեն շարժվում։ Շարժման անդամ կուսակցության երկրորդ էշելոնի ներկայացուցիչներից ոմանք մեզ հետ ունեցած մասնավոր  զրույցներում ասացին, որ չորեքշաբի օրը, այն պահին, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում պատգամավորների հետ ճեպազրույցում խոստովանեց, որ Սյունիքի ճանապարհների մասով երկրորդ հուշագիրն է ստորագրվել, շատերը՝ «ստարտային» վիճակում, անհամբեր սպասել են, որ լիդերներից ուր որ է հրահանգ կստանան՝ հավաքվել ԱԺ դարպասների մոտ, քաղաքացիներին էլ նման կոչով կդիմեն՝ բացատրելով, որ վտանգված է նաեւ Սյունիքի ապագան, սակայն ապարդյուն՝ նման հրահանգ չի իջեցվել։ Անորոշություն է նաեւ փետրվարի 20-ի հանրահավաքին ընդառաջ։ «Մեզ չեն ասում՝ պե՞տք է տարածքային կառույցներին մոբիլիզացնել, թե՞ ոչ»,- դժգոհեց մեր զրուցակիցներից մեկը։

Իսկ լիդերների հիասթափության մասին տարբեր վարկածներ կան։ Ոմանք կարծում են, որ փողոցով հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, եթե լիներ, ապա նոյեմբերի 10-ին եւ հաջորդիվ հազարավոր քաղաքացիներ փողոց էին դուրս եկել՝ կհեռանար։ Ուստի հիմա չեն ուզում ռեսուրսներ վատնել եւ իրենց դնել իշխանության հարվածների տակ։

Ոմանք էլ շարժման անհաջողությունները կապում են վարչապետի միասնական թեկնածուի անձի հետ ու սպասում են, որ Վազգեն Մանուկյանը հետքայլ կանի, եւ շարժումը նոր ֆորմատով, առանց թեկնածուի կշարունակի պայքարը։ Մանուկյանն իր քայլով փորձել է ստուգել իր անձնական վարկանիշը եւ հասկանալ՝  հիմնավո՞ր են այդ կարծիքները, որ իր թեկնածությունն ընդունելի չէ հանրության լայն շերտերի համար։ Գուցե իսկապե՞ս մեկ ուրիշ թեկնածու լիներ, ավելի շատ մարդ փողոց դուրս կգար՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մեզ ասացին, որ Մանուկյանի գլխավոր «խորհրդատուն» Դավիթ Շահնազարյանն է։ Նա եւ Հրանտ Բագրատյանն են համոզել Մանուկյանին, որ քայլ անի, հատկապես որ եղանակը տաքացել է, եւ մարդիկ գնալով ավելի շատ են գիտակցում կատարվածի ողբերգությունը ու պատրաստ են փողոց դուրս գալ։ 

Հավաք-հանրահավաքը տեղի ունեցավ, տարբեր հաշվարկներով՝ 500-1000 մարդ էր հավաքվել։ Վազգեն Մանուկյանն իր ելույթում ասաց, որ սա հանրահավաք չէր, այլ՝ հավաք, եւ հանրահավաքը նախատեսված է փետրվարի 20-ին։ Եթե եղանակն այդ օրը լավ լինի, ապա, շարժման անդամների կարծիքով, փետրվարի 20-ի հանրահավաքը կարող է վճռորոշ դառնալ շարժման հետագա ընթացքի համար։ Այդ օրը պարզ կդառնա՝ մարդկանց հայրենիքի փրկության համար ցուրտ եղանա՞կն էր խանգարում, թե՞ կան այլ խոչընդոտներ, ըստ այդմ էլ՝ լիդերները կհասկանան՝ շարունակել նո՞ր թափով, թե՞ պատրաստվել հերթական ընտրություններին։