Աշուն է գալու, թեժ է լինելու

Աշուն է գալու, թեժ է լինելու

Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում թեժ աշուն է սպասվում՝ ընտրական առումով։ Հանրապետության ոչ թե մի շարք, այլ բազմաթիվ համայնքներում լրանում են համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետները, ու պետք է անցկացվեն ընտրություններ։

Ընտրությունների անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրեն օրենքով վերապահված 4-ի փոխարեն այս պահին արդեն 3 օր է նախատեսել՝ մարտի 14, սեպտեմբերի 26, հոկտեմբերի 17։ Մնացածն արդեն պատկան մարմինները, այս դեպքում՝ մարզպետները պետք է որոշեն, թե իրենք կոնկրետ իրենց համայնքում այս երեք օրերից որ օրն են նշանակում ընտրություն։ Չի բացառվում, որ ԿԸՀ-ն չորրորդ ամսաթիվն էլ ավելացնի։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ հերթական ընտրությունների նշանակման համար սահմանված է նվազագույնը 70-օրյա ժամկետ, այսինքն՝ քվեարկության օրվանից հաշված ոչ պակաս, քան 70 օր առաջ իրավասու մարմինը պետք է նշանակի ընտրության օրը։ Իսկ արտահերթի դեպքում այդ ժամկետը 40 օրն է, եւ արտահերթ ընտրություններ նշանակելու իրավասությունն էլ կառավարությանն է։

«Հիմա, մարտի 14-ի պարագայում, որպեսզի տեղի ունենային ընտրություններ, բնական է՝ դրանք պետք է նախապես նշանակված լինեին Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների պահպանմամբ։ Բայց քանի որ գտնվում ենք ռազմական եւ արտակարգ դրության պայմաններում, ըստ էության, մարտի 14-ի հետ կապված ընտրություններ ՏԻՄ-երում նշանակված չեն, եւ եթե հարցնեն՝ հնարավո՞ր է, որ նշանակվեն, պատասխանը միանշանակ «ոչ» է, որովհետեւ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներն արդեն սպառվել են։ Ուստի, այսօր կարող ենք փաստել, որ մարտի 14-ին, բնականաբար, ընտրություններ չենք ունենա, բայց ունենք նշանակված եւս երկու օր՝ սեպտեմբերի 26-ն ու հոկտեմբերի 17-ը, հիմա թե որ օրը որ համայնքներում կլինեն այդ ընտրությունները, դա կորոշեն իրավասու մարմինները»,- ասաց Տիգրան Մուկուչյանը։

- Ձեր հաշվարկով՝ այս տարի քանի՞ համայնքում ընտրություն կունենանք։

- Համայնքների թիվը շատ մեծ է, որովհետեւ, պայմանականորեն ասած՝ սա մեծ ՏԻՄ-ի տարի կարելի է համարել, որովհետեւ մենք, ըստ էության, շատ ավելի մեծ թվով համայնքների ընտրություններ, որոնք ունեցել ենք սրանից առաջ, դրանց լիազորությունները լրանում են 2021 թվականին։ Եվ ես կարծում եմ՝ մի քանի հարյուր համայնքում կունենանք ընտրություններ։ Չի բացառվում, որ ունենանք նաեւ խոշորացումներ համայնքների։ Էստեղ պետք է նշեմ նաեւ մի շատ կարեւոր ու նոր ինստիտուտի մասին, որ մենք խոշորացված համայնքներում եւ 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքներում նախատեսվում է ընտրություններն անցկացնել արդեն համամասնական ընտրակարգով։ Եվ էստեղ օրենքն ամրագրել է, որ նշանակման որոշման հենց այդ օրվա դրությամբ պետք է գրվի նաեւ ընտրակարգը՝ համամասնակա՞ն ընտրակարգով է, թե՞ մեծամասնական։ Բայց այս պահին զերծ կմնամ ինչ-որ թվեր կոնկրետացնելուց, թե որ համայնքում ինչ ընտրակարգ կլինի։ Այսօր ուղղակի կարող ենք փաստել, որ աշնանը ՏԻՄ ընտրությունների առումով բավականին ծանրաբեռնված տարի կլինի։

- Թեժ ընտրական աշուն է սպասվում մեզ, փաստորեն։

- Դե, ՏԻՄ ընտրություններ բավականին շատ կլինեն, կարծում եմ, եւ հաշվի առնելով այն, որ մենք նախկինում ՏԻՄ ընտրություններ համամասնական ընտրակարգով երեք քաղաքներում ունեինք՝ Երեւան, Գյումրի, Վանաձոր, ապա հիմա, բնական է, շատ ավելի մեծ կլինի այդ թիվը։

- Այս պահին հայտնի է, որ համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Գյումրում, Վանաձորում, նաեւ՝ Իջեւանում։ Դրանցից բացի, էլ ո՞ր քաղաքներում, ըստ Ձեզ, ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։

- Դե, Իջեւանի հետ կապված՝ տեղյակ եք, որ այս պահին խոչընդոտում է, ըստ էության, ռազմական դրությունը, որն առկա է, իսկ մյուս քաղաքներից, որ կարող ենք արդեն միանշանակ ասել, որ Ստեփանավանում էլ կունենանք ընտրություններ, քանզի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցված են էնտեղ համայնքի ղեկավարի մահվան պատճառով։ Ինչ վերաբերում է խոշորացումներին, գիտեք, խոշորացումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով, եւ ավելի ամբողջական տեղեկատվության համար ավելի ճիշտ կլինի սպասել՝ ընտրություններին ավելի մոտ ժամանակ խոսել։

- Այս պահին խոշորացման գործընթաց ո՞ր համայնքներում կա։

- Այս պահին մենք չունենք խոշորացման գործընթաց, որովհետեւ, ըստ էության, դա ոչ թե գործընթաց է, այլ Ազգային ժողովն ընդունում է օրենք համայնքների խոշորացման մասին, թե որ համայնքը որի հետ միավորվի, դրանով տեղի ունենա խոշորացում։ Բայց էնտեղ էլ կան ընթացակարգեր, այսինքն՝ այս պահին, որքանով ես եմ տեղեկացված, նման նախագիծ Ազգային ժողովում կարծես թե առկա չէ, եւ դա մեր գործառույթների առարկան չի էլ հանդիսանում։

- Պարոն Մուկուչյան, ի՞նչ եք կարծում, համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացնելն իսկապե՞ս արդյունավետ տարբերակ է, քանզի շատերն ասում են, որ իրենք կուսակցություններին չեն ցանկանում ձայն տալ, բայց կոնկրետ թեկնածուի վստահում են, պատրաստ են քվեարկել նրա օգտին։

- Ես ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական տալուց, թե ինչպիսի արդյունավետություն տեղի կունենա։ Դա կարող ենք գնահատել ընտրություններից հետո՝ ժամանակի ընթացքում գնահատելով աշխատանքը, գնահատելով խնդիրները։

- Բայց մենք արդեն ունենք, չէ՞, այդպիսի փորձ՝ Վանաձորում, Գյումրիում, դրանից ավելի վաղ՝  նաեւ Երեւանում։

- Ես կարծում եմ՝ ստեղ տեղին չէ համադրել, որովհետեւ Վանաձորը եւ Գյումրին, այդ թվում՝ նաեւ Երեւանը, ունեն մեծ թվով ընտրողներ, եւ կարծում եմ՝ այս քաղաքներում, երբ այս մոդելը կիրառվել է, ըստ էության՝ լիարժեք քննություն բռնել է։ Եվ հիմա հնարավորություն է ստեղծվում այդ փորձը կիրառել ու գնահատել նաեւ այլ համայնքներում, որոնք ունեն շատ ավելի փոքր թվով ընտրողներ։