Ոստիկանության հարցազրույցը ԱՄՆ հյուպատոսի հետ՝ վիզաների և համագործակցության մասին

Ոստիկանության հարցազրույցը  ԱՄՆ հյուպատոսի հետ՝ վիզաների և համագործակցության մասին

Փաստաթղթեր կեղծելու դեպքեր են նկատվում տարբեր տեսակի վիզաներ ստանալու համար դրանք ներկայացնելիս: 

Ավելի պարզ ներկայացնենք: Վիզայի համար դիմող քաղաքացին շատ մեծ ցանկություն ունի մեկնել մի երկիր, ուր գնալու կամ այդ երկրում ապրելու համար անհրաժեշտ է օրինակ դպրոցի ավարտական ատեստատ: Ի դժբախտություն դիմողի՝ նա չունի ատեստատ: Եվ այս պարագայում նա որոշում է կեղծել փաստաթուղթը՝ այս դեպքում ատեստատը, ներկայացնել դեսպանատուն և մեկնել: Նախ, այս կերպ հաջողության հասնելը բացառված է, և հետո՝ դա հանցագործություն է, որն ունի իր հետևանքները: 

Թեմայի շուրջ Ոստիկանությունը զրուցել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Քրիստոֆեր Ռեյեսի հետ:

«Ընդհանուր առմամբ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը Հայաստանում շատ չեն: Նախ ուզում եմ նշել, որ մենք հարցազրույցների ժամանակ ավելի շատ հիմնվում ենք բանավոր զրույցի արդյուքների վրա, փաստաթղթերի մեծ պահանջ մեր կողմից չի ներկայացվում և փորձում ենք հարցազույցի կամ զրույցի միջոցով ընթացք տալ վիզայի հետ կապված դիմումին, սակայն որոշ վիզաների դեպքում, փաստաթղթեր ներկայացնելն անհրաժեշտ է: Բայց նորից ասեմ, որ Հայաստանում կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը մեծ թիվ չեն կազմում»:

Փաստաթղթերի ստուգման փուլում, կասկածներ առաջանալիս համագործակցո՞ւմ եք իրավապահ կառույցների հետ, հարցին հյուպատոսը պատասխանել է․ «Հյուպատոսական բաժնի աշխատակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի կեղծ փաստաթղթեր չներկայացվեն: Դրա համար անհրաժեշտ է, որ մեր աշխատակիցները բավականաչափ տեղեկացված լինեն, իմանան թե ինչ տեսք ունեն կամ ինչպիսին պետք է լինեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը, որոնք պահանջվում են քաղաքացիներից: Եվ երբ մենք նկատում ենք փաստաթղթեր, կամ երբ հիմքներ ունենք կասկածելու, որ դրանք կարող են կեղծ լինել, սահմանված ընթացակարգերով աշխատում ենք տեղի պատկան մարմինների հետ և փորձում ենք պարզել՝ փաստաթղթերը իրակա՞ն են, թե՞ կեղծ»:

Ի՞նչ հետևանք կունենա վիզայի համար կեղծ փաստաթուղթ ներկայացնելը:
« Երբ կեղծ փաստաթղթերի ներկայացումը հաստատվում է, մենք երկու բան ենք անում: Առաջինը՝ պետք է հարգանք դրսևորվի Հայաստանի Հանրապետության օրենքների ու իրավական գործընթացների նկատմամբ, և, եթե խնդրո առարկան Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթուղթ է, բնականաբար, մենք այդ տվյալները փոխանցում ենք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Մյուս կողմից, Միացյալ Նահանգների հյուպատոսական օրենքների համաձայն, կարող են լինել հետևանքներ դիմողի համար. սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում նա կարող է ընդհանրապես զրկվել վիզա ստանալու հնարավորությունից: Առիթի դեպքում մենք բոլորին խորհուրդ ենք տալիս, որ ավելի լավ է լինել ազնիվ և մերժվել: Այդ պարագայում հնարավոր է հաջողության հասնել մյուս անգամ, բայց, եթե սուտ կամ սխալ տեղեկատվություն է ներկայացվում, դա հանգեցնում է վիզա ստանալու իրավասությունից վերջնական զրկման»: