Ինչպե՞ս կարելի է մեր հին գրականությունը թրի պես կտրել եւ մեզ դնել նոր այբուբեն ստեղծող ժողովուրդների շարքում

Ինչպե՞ս կարելի է մեր հին գրականությունը թրի պես կտրել եւ մեզ դնել նոր այբուբեն ստեղծող ժողովուրդների շարքում

Սեպտեմբերից դպրոցներում կներդրվեն նոր չափորոշիչները, եւ, ինչպես ԿԳՄՍ նախարարն էր նշել, դասագրքերն էականորեն կփոխվեն։ «Պետք է ունենանք ամբողջովին նոր դասագրքեր, որովհետեւ փոխվել են նաեւ չափորոշիչները»,- ասել էր նախարար Ժաննա Անդրեասյանը։ 2022 թ. դեկտեմբերի 1-ին ԿԳՄՍՆ-ն հայտարարեց դասագրքերի ստեղծման մրցույթ, որի պարտադիր բաղադրիչը մրցույթին ներկայացված դասագրքերի փորձաքննությունն է, որն իրականացվում է 2 փուլով՝ համապատասխանության եւ բովանդակային գնահատման: Դասագրքերի ստեղծման գործընթացը նոր ընթացակարգով իրականացվում է առաջին անգամ։ Մրցույթին մասնակցության հայտերը ներկայացնելու ժամկետն արդեն ավարտվել է, արդյունքները հայտնի կդառնան հունիսին, իսկ դասագրքերը մինչեւ սեպտեմբեր պետք է պատրաստ լինեն։ Կարգի համաձայն՝ նրանք, ովքեր առնչվում են դասագրքերի ստեղծման գործընթացին, այդ հանձնաժողովներում չեն ընդգրկվի։

Մասնագետներից շատերի կարծիքով, հիմնական վտանգն այստեղ այն է, որ չափորոշիչների փորձարկումը չավարտած՝ դասագրքի մրցույթ է հայտարարվել։ Մինչդեռ փորձարկումն արվում է, որպեսզի ծրագիրը, չափորոշիչները լրամշակվեն, եւ դրանից հետո նոր մրցույթ հայտարարվի։

Կրթության փորձագետ Վիկտոր Մարտիրոսյանն ասում է, որ, որպես այդպիսին, այդ չափորոշիչներն էլ չկան, ընդամենը կա դասագրքերի գնահատման մի ձեռնարկ, որի դրույթները կարող են տարբեր ձեւով մեկնաբանվել՝ կապված հանձնաժողովի անդամների սուբյեկտիվ վերաբերմունքի հետ։ Ինչ վերաբերում է մրցույթին, ապա նկատում է՝ դասագրքերը որոշակի շրջանառության ժամկետ ունեն՝ մաքսիմում 4-5 տարի։ «Ըստ երեւույթին, այդ դասագրքերի գործածության ժամկետը լրացել է, դրա համար անում են, բայց, փաստորեն, իրենք ո՛չ չափորոշիչների փորձարկման փուլն ավարտեցին, ո՛չ էլ հաստատված ծրագիր ունեն, որով պետք է այդ մրցույթն անեին։ Շտապողականությունը, կարծում եմ, պայմանավորված է շրջանառության մեջ եղած դասագրքերի վիճակով։ Ըստ երեւույթին, արդեն շատ են մաշված ու օգտագործման ենթակա չեն, թե չէ, հավանաբար, մի տարի կսպասեին։ Իսկ դրանից եկող բոլոր հետեւանքներն արդեն նախարարության պատասխանատվության դաշտում են, որովհետեւ պարտավոր էին ավելի շուտ ծրագրային, չափորոշիչային խնդիրները լուծել։ Այսպիսի իրավիճակներ չի կարելի ստեղծել, երբ դու հեղինակից դասագիրք ես ուզում եւ ընդամենը տալիս ես ինչ-որ ցանկություններ եւ ո՛չ հաստատված ծրագիր ու չափորոշիչ։ Այդ առումով շատ հեղհեղուկ վիճակ է, եւ շատ դժվար կլինի հեղինակներին՝ պաշտպանել իրենց իրավունքները»,- ընդգծում է նա։

Ինչո՞վ է բացատրում այն փաստը, որ դասագրքերի վրա աշխատող հեղինակներին ընդամենը վերջերս են տեղյակ պահել, որ հայ հին եւ միջնադարյան գրականությունը դուրս է թողնվում ծրագրից․ քաղաքական կուրսի փոփոխությո՞ւն է, թե՞ փնթի, չկազմակերպված աշխատաոճ։ «Հակված եմ մտածելու 2-րդը»,- ասում է կրթության փորձագետն ու հիշում, որ տարիներ առաջ՝ 2000-ականներին, այդ շրջանի գրականության ծրագիրն իրենք բերել էին այնպիսի մի վիճակի, որ գրականության պատմությանն առնչվող նյութերը համեմատաբար պակասել էին, սեղմվել, եւ մնացել էին բուն գեղարվեստական արժեք ունեցող նյութերը։

«Գիտեք՝ մենք փուլեր ունեինք, որտեղ ավելի շատ պատմագրությունն էր ներկայացվում՝ որպես գրականություն, քան թե բուն գրական ստեղծագործությունները։ Դա բավականին լավ մաքրված էր, ու այդ ժամանակ գրականագետները մեզ ուղղակի սպանում էին, իսկ հիմա, երբ հին եւ միջնադարյան ամբողջ գրականությունը հանում են, դա արդյոք նշանակո՞ւմ է, որ մենք հրաժարվում ենք մեր ոսկե դարից, մեր գրական դպրոցի ձեւավորման ակունքներից, որն ամբողջությամբ միջնադարի մեջ է, եւ Աբովյանն էլ հայտնվում է օդում։ Ի դեպ, թե Աբովյանն ինչ մեկնության են դեմ տալիս՝ դա էլ Աստված գիտի, թողնում են, որ «օրհնվի՞ ռսի ոտը», թե՞ այլ մի բան․․․»։      

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Հայ հին եւ միջնադարյան գրականության եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ՝ նշելով, որ իր կարծիքը մի քանի տարի առաջ արդեն արտահայտել է․ «Դեռ տարիներ առաջ, երբ այս իշխանությունը եկավ, ես իմ կարծիքը՝ գրականության, լեզվի, պատմության մասին, գրել եմ «Գրական թերթում», որը նույնիսկ Ակադեմիան անգլերեն թարգմանեց ու դրեց իր ամսագրի մեջ։ Հայ գրականությունն անտեսելը նշանակում է Հայաստանի վերացում։ Դա որոշակի քաղաքականություն է` հայկական ամեն ինչը վերացնելու․․․ ինչի՞ մասին է խոսքը․․․»։         

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության տեսության եւ գրաքննադատության ամբիոնի պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը միանշանակ բացասական է գնահատում այն փաստը, որ նոր դասագրքերից դուրս է թողնվել հայ հին եւ միջնադարյան գրականության բաժինը, որովհետեւ. «Մեր հարստությունն ավելի շատ հենց հին շրջանում է, երբ այլ ազգեր ո՛չ պետություն էին, ո՛չ էլ ձեւավորված ազգ, մենք արդեն ունեինք այդ գրականությունը, հատկապես՝ միջնադարյան գրականությունը, որը հիմա տարել են օնլայն կրթահարթակ, որն աշակերտները կարող է ե՛ւ կարդալ, ե՛ւ չկարդալ կամ էլ կարդալ ու չհասկանալ։ Ամեն դեպքում, չեմ կարծում, որ այդ ձեւով կկարդան։ Մենք ունենք հարստություն, որ աղբանոց ենք նետում եւ բերում ենք ուրիշ գրականություն։ Շատ լավ է, թող բերեն, ես դեմ չեմ համաշխարհային գրականությանը, բայց թող առանձին ժամեր հատկացնեն, եթե համաշխարհային գրականությունն այդքան կարեւոր է այդ դասարաններում, թող անցնեն զուգահեռ, բայց ո՛չ հայ գրականության հաշվին։ Խորենացու, Նարեկացու տեղը պարտադիր պետք է ճապոնացի գրո՞ղ կարդան, թող այդ հեղինակներին լրացուցիչի տակ ներառեն, որ ով ուզենա՝ կարդա։ Ի վերջո, ազգերի ինքնությունն արտահայտված է գրականության մեջ, եթե մենք ուզում ենք պահպանել այդ ինքնությունը, պետք է աշակերտներին ծանոթացնենք այդ գրականությանը։ Ինչպե՞ս պետք է աշակերտն ինքնուրույն կարդա Նարեկացի կամ Խորենացի, առանց դասերի ժամանակ այդ նյութը մեկնաբանելու։ Ինչպե՞ս կարելի է մեր այդ հին գրականությունը թրի պես կտրել եւ սկսել 19-րդ դարի կեսերից՝ Աբովյանից, եւ մեզ դնել նոր այբուբեն ստեղծող ժողովուրդների շարքում»։

Դասագրքերի ստեղծման այս շտապողականությունն ինչո՞վ է բացատրում, երբ դեռ չափորոշիչների փորձարկումն ավարտված չէ։ «Դա գործունեության այնքան բացահայտ վարքագիծ է, իրենք երեւի նախօրոք հանձնարարել են կամ գիտեն, թե ովքեր պետք է գրեն դրանք, եւ հայտարարում են այդ մրցույթն այն ժամանակ, երբ որեւէ լուրջ մեկը կարգին աշխատանք չի կարող գրել, ու դա հանրային քննարկման ենթարկելն էլ ձեւական նշանակություն ունի, որովհետեւ կանչում են մարդկանց, լսում եւ ասում, որ ուշացել եք, մենք, ինչը որ պետք է, քննարկել ենք, որոշումն էլ կայացված է։ Ես չեմ հասկանում, թե այդ հանրային քննարկմանն ովքեր են հանրային ձեւով մասնակցել, եւ ո՞վ է հաշվի առնում դա՝ ոչ մեկը»։

Ժ․ Քալանթարյանը 93թ․ մինչ օրս մի շարք դասագրքերի համահեղինակ է, բայց այս նոր՝ դասագրքաստեղծ գործընթացներում ներառված չէ, ասում է՝ «որեւէ հրավեր, առաջարկություն չի եղել»։

Ինչո՞վ է բացատրում, որ գրականագիտական դաշտը լուռ է եւ որեւէ ձեւով չընդդիմացավ այս որոշմանը, որի առնչությամբ ընդամենը մի քանի տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ․ հիմա առաջնահերթ այլ հոգսեր ու խնդիրներ ունե՞նք` երկրի առջեւ ծառացած։ «Խնդիրներ կան, իհարկե՝ մեր երկրի թե՛ արտաքին, թե՛ ներքին կյանքում, բայց դա չի նշանակում, որ մշակույթը պետք է ոտնատակ անել․․․ հետո՝ միեւնույն է, չէ՞, այդ գրքերը լույս են տեսնելու։ Այնպես չէ, որ այդ դժվար հանգամանքների պատճառով գիրք լույս չի տեսնում, դասագիրք չի ստեղծվում, այնպես որ, չի կարելի մի խնդիրը լուծել մյուսի հաշվին։ Ուղղակի խնդիրն այն է, որ որեւէ հանրային կարծիք որեւէ դեր չի խաղում։ Ամենաշատը կարող են լսել մարդու կարծիքը եւ ասել՝ ուշացել եք, մենք այսպես ենք մտածում, արդեն որոշված է եւ այլն, եւ այլն»։