Նիկոլ Փաշինյանի կոստյումը

Նիկոլ Փաշինյանի կոստյումը

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՍՏՅՈՒՄԸ

«Սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է: Հիմա ամեն իրիկուն այս կոստյումը տանում են Սերժ Սարգսյանի մոտ, ու նա ասում է, որ հլա մի հատ էդ վարատնիկը դզի, ծերը ոնց որ մի քիչ սուր է: Մենք իրականում ձեւ ենք անում, թե խոսում ենք ինստիտուտների մասին, իրականում մենք խոսում ենք անձերի մասին»,- 2018թ. փետրվարին, հեղափոխությունից ընդամենը երեք ամիս առաջ, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: 

2019թ. մայիսի 8-ին Ազգային պատկերասրահում, իր 5-րդ մամլո ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս, նստած էր հայկական արտադրության եւ Սերժ Սարգսյանի համար կարված սահմանադրական կոստյումով: Եվ թեպետ լրագրողները նրան այդպես էլ չհարցրեցին, թե արդյոք հարմարավե՞տ է զգում այդ կոստյումով, սակայն ակնհայտ էր, որ վարչապետ Փաշինյանը ոչ միայն հարմարավետ էր զգում այդ կոստյումով, այլեւ այն փոխելու ցանկության նշույլ իսկ չուներ: 2018թ. ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հանձնեց ոչ միայն իշխանությունը, այլեւ իր սուպերվարչապետական կոստյումը:
Հեղափոխությունից մեկ տարի անց նաեւ պարզ դարձավ, որ «հայկական թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը» իրականում լուծեց ոչ թե հասարակական-քաղաքական եւ պետական ինստիտուտների վերափոխման խնդիրը, այլ միայն  անձերի խնդիրը: Հեղափոխությունից մեկ տարի անց Նիկոլին միայն մեկ բան է պակասում լիարաժեք երջանկության համար՝ իր նման ընդդիմությունը, որն անվերջ խոսում է անձերի, այլ ոչ ինստիտուտների մասին, որն առաջնորդվում է հասարակական պոպուլիզմով, այլ ոչ թե քաղաքական ծրագրերով, որը կարող է Գյումրուց-Երեւան քայլել, սակայն քաղաքական երկարատեւ վազքի ընդունակ չէ: Եվ այժմ Նիկոլը մնացել է ՀՀԿ-ի եւ հհկամերձ շրջանակների ընդդիմության հույսին: Եվ ոչ այն պատճառով, որ ընդդիմախոսության եւ քննադատության առիթ չկա, այլ որովհետեւ երիտասարդ հեղափոխականների կենցաղային քաղաքականությանը դժվար է հակադրել լուրջ քաղաքականություն այն հանրության մեջ, որի մի մասը դեռ ապրում է վիրտուալ, ցանցային իրականության մեջ:

2018թ. մայիսի 8-ին, ԱԺ հատուկ նիստում, «վարչապետի ժողովրդական թեկնածու» եւ թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է»: Երկու օր առաջ, իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս, Փաշինյանն ընդհանրապես չհիշեց օրվա խորհուրդը եւ չշնորհավորեց այդ կարեւոր հաթանակի տարեդարձի կապակցությամբ: Մեկ տարի առաջ Շուշվա հաղթանակի հիշատակումը ջահ էր, որով կարելի էր վառ պահել հեղափոխական պաթոսը եւ ժողովրդական հուզումները: Ղարաբաղյան հաղթանակները երիտասարդ հեղափոխական իշխանության համար անկարեւոր են, մանավանդ որ իրենք այդ հաղթանակներից անմասն են: Կարեւորը 124 մլն դրամ արժեցող Քաղաքացու օրն է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման մեկ տարին դիմավորեց Սերժ Սարգսյանի հագով կարված սահմանադրական կոստյումով, Շուշվա ազատագրման տարեդարձը մոռանալով, զինծառայողների սպիտակեղենի լվացքի բոլոր մանրամասների լավատեղյակությամբ,  կառավարությունում հնարավոր բոլոր հակամարտող թեւերը կտրելու վճռականությամբ եւ իր վարչապետության ձեռքբերումների մասին 100 եւ ավելի փաստերի թվարկմամբ:

Մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է, քաղաքագիտությունը՝ հասարակական, սակայն մաթեմատիկայի եւ քաղաքականության ընդհանրությունն այն է, որ թե՛ մաթեմատիկական, թե՛ քաղաքական բանաձեւերը պետք է ապացուցել, եթե դրանք, իհարկե, աքսիոմա չեն: Փաշինյանի 100 փաստերի մեծ մասն արտածվել է նույն բանաձեւով՝ ցածր քաղաքական նշաձող սահմանելով 365-օրյա վարչապետության արդյունքների ամփոփման համար: Նման նշաձողի սահմանման դեպքում մեծ քաղաքականությունը կարող է իջնել կենցաղավարության մակարդակի: Նման նշաձողի դեպքում կարելի է տարրական թվաբանական վարժությունները լուծել, սակայն բարձրագույն հանրահաշիվը տապալել, քաղաքական խնդիրների համար պարզունակ լուծումներ գտնել, սակայն բարձր քաղաքականությանն այդպես էլ չմոտենալ: 

2018թ. մայիսի 8-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Այս օրերին մենք տասնյակ ուղերձներ ենք ստանում Սփյուռքի մեր հայրենակիցներից, ովքեր հավաստիացնում են, թե կազմ ու պատրաստ սպասում են ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծմանը, որպեսզի վերադառնան Հայաստան եւ լծվեն սեփական հայրենիքի շենացման գործին»: Մինչդեռ Փաշինյանի կառավարությունը «մեծ հայրենադարձության» մեկնարկն անգամ չտվեց: Հայրենադարձության համար ոչ միայն «սիրո եւ համերաշխության» խոստումներն են պետք, այլեւ քաղաքական օրակարգ եւ ծրագիր: Օտար ափերում իր երկրորդ հայրենիքը գտած հին եւ նոր սփյուռքահայը Հայաստան կվերադառնա այն խնդիրների լուծումից հետո, որոնց պատճառով հեռացել է: Հեղափոխությամբ ոգեշնչված հայկական Սփյուռքը նոր Հայաստանում իրականում չի տեսնում այն, ինչն ինքը գտել է օտար ափերում՝ աշխատանք, օրինականություն, արդարություն, վստահություն: 

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նաեւ չիրականացրեց «ազգային միասնականության» խոստումը, որի հույսն արթնացրել էր հեղափոխությունը: Մի կողմից՝ ազգային քաղաքական օրակարգի, համահայկական խնդիրների եւ նպատակների հանդեպ անհաղորդությունն ու անտեղյակությունը, մյուս կողմից՝ «սեւերի եւ պիտակների» հակադրությունը եւ Հայաստան-Ղարաբաղ հակասություններն ի չիք դարձրին «ազգային միասնականության» գաղափարը: 
Միաժամանակ, ներգաղթ-արտագաղթի բացասական սալդոյի վերացումն արդյունք է ոչ թե արդյունավետ կառավարման, այլ Հայաստան ազգությամբ հնդիկ, պակիստանցի, աֆրիկացի աշխատանքային ներգաղթյալների հոսքով: 

Հետհեղափոխական Հայաստանում խոսք անգամ չկա ազգային ավիացիայի զարգացման, ազգային ավիափոխադրողի նախաձեռնման մասին: Հայկական քաղաքական եւ ռազմական ավիացիայի ոլորտում շարունակվում են ռուսական ավիափոխադրողների մենաշնորհն ու գերիշխանությունը: Հայաստանի երկինքը շարունակում է փակ մնալ միջազգային նոր ավիափոխադրողների եւ ազգային ավիացիայի համար:
Հեղափոխությունը չլուծեց նաեւ նոր քաղաքական դաշտի ձեւավորման, նոր քաղաքական համակարգի կայացման խնդիրները, փոխարենը՝ կառավարող միակուսակցականությունը շարունակվեց՝ մի կուսակցությունը փոխարինելով մյուսին:
Հեղափոխությունը խորացրեց Հայաստանի ռազմաքաղաքական եւ տնտեսական կախյալությունը Ռուսաստանից՝ չլուծելով Հայաստանի ինքնիշխանության վեականգնման կարեւոր պետական խնդիրը: 

Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարին Հայաստանը դիմավորում է հասարակական փոփոխություններով, բայց եւ՝ ցածր քաղաքական արդյունքներով, հայկական հեղափոխությամբ միջազգայնացմամբ, բայց եւ՝ հետհեղափոխական Հայաստանի միջազգային անտեսմամբ, Միացյալ Նահանգների մասին Փաշինյանի կոշտ քննադատությամբ, բայց եւ՝ Ռուսաստանի հանդեպ վախով եւ շողոքորթությամբ, Հայաստանում աճող աղքատությամբ եւ պետական պաշտոնյաների բարձր պարգեւավճարներով, գործազրկության անփոփոխ բարձր մակարդակով եւ թանկարժեք պետգնումներով, ազատ ընտրություններով, բայց եւ՝ ապաքաղաքական խորհրդարանով,  հեղափոխության անվերջ գովերգմամբ, բայց եւ՝ նրա հնարավորությունների մսխմամբ:    

Հայկական թավշյա հեղափոխությունը փլուզեց բռնապետական հակումներով ավտորիտար քաղաքական համակարգը՝ ճանապարհ բացելով ժողովրդավարական հաստատությունների կայացման համար: Միաժամանակ, նոր Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը կախված է ոչ թե այդ հաստատություններից, այլ մեկ անձից: Եվ այդ անձն այժմ Նիկոլ Փաշինյանն է, որը, հայտնի չէ, թե հաջորդ անգամ հայ կամ համաշխարհային որ լիդերի քաղաքական կոստյումով կհայտնվի հանրությանը: Մանավանդ որ Նիկոլ Փաշինյանի կոստյումը կարված է հայկական հասարակական մտածողության հին ու նոր կարկատաններով: