Ղազախստանը մտնում է բռնապետության շրջան

Ղազախստանը մտնում է բռնապետության շրջան

Երեկ Ղազախստանից լուրեր ստացվեցին, որ իշխանությունն անցել է տոտալ վերահսկման։ Առավոտից արգելափակել են Ֆեյսբուքը, Ինստագրամը, Տելեգրամը եւ Յութուբը՝ ինտերնետ կապի պրովայդերների միջոցով։ Փակվել են նաեւ գրեթե բոլոր այն լրատվամիջոցների էջերը, որոնք իշխանության ուղղակի 100%-անոց վերահսկողության տակ չեն: Ապա սկսվել են ձերբակալություններ, անգամ անմահ գնդի երթի ժամանակ:

Իրավիճակը գնալով լարվել է։ NetBlocks կազմակերպության տվյալների համաձայն՝ Twitter եւ WhatsApp սոցկայքերը դեռ ունեն հանրային հասանելիություն: Չեն գործում rus.azattyq.org, exclusive.kz, vlast.kz, holanews.kz լրատվական կայքերը: Նշենք, որ դեռ նախօրեին իշխանությունները հորդորել էին չմասնակցել չարտոնված ցույցերի, չնայած դրանք կայանալու էին մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի կապակցությամբ: Ղազախստանի հայ համայնքից մեզ տեղեկություններ հաղորդեցին, որ բռնապետությունն անցել է լուրջ հարձակման՝ մի քանի օր առաջ մի տղայի՝ Սահմանադրությունից մեջբերումներ անելու համար, ձերբակալել են։ Իսկ Ուրալսկում մեկ ուրիշ տղայի էլ, որը որոշել է ուղղակի սպիտակ ստվարաթղթով կանգնել փողոցում՝ առանց ինչ-որ բան ասելու, առանց կոչի, տարել են ոստիկանները: