Բռնությամբ ձեռք բերված հաղթանակը պարտության հավասար է

Բռնությամբ ձեռք բերված հաղթանակը պարտության հավասար է

Ինչու՞ Ալիևը Ստեփանակերտում քվեարկություն կատարեց։ Ինչու՞ ընտրատեղամասը բացեց Արցախի նախագահի նստավայրում։ Ո՞վ չգիտեր Ադրբեջանում, որ Արցախ այլևս չկա, հայաթափվել է։ Եթե քվեարկեր Բաքվում, մի՞թե դա պակաս հաղթանակ կապահովեր։ 

Պատերազմում ու ընտրություններում ամենակարևորը հաղթանակը ընդգծելն է։ Հաղթանակի զգացողությունը սովորաբար մոտիվացնում է ժողովրդին, ոգի է տալիս։ Իմ կարծիքով Ադրբեջանը քվեարկեց ոչ թե Ալիևին, այլ հաղթանակի համար։ Պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշ է համարվում ռազմավարը՝ հակառակորդից զավթած դրոշը, նրա կողմից մարտադաշտում լքված կամ հանձնվելու դեպքում հանձնած, զենք, ռազմական հանդերձանք, տրանսպորտի միջոցներ, ռազմական տեխնիկա և այլ նյութական արժեքներ։ Ալիևի ներկայությունը Արցախում վերահաստատեց, որ Արցախը, նրա բանակը, ռազմական տեխնիկան ավար է արդեն․․․Նա դրանով ապահովեց ոգևորություն ու միասնության բարձր զգացողություն։ Բայց մի բան հիշենք, որ վեր է ամեն ինչից։

Բռնությամբ ձեռք բերված հաղթանակը պարտության հավասար է։ Դա պատմական ճշմարտություն է։ Նման հաղթանակները կարճաժամկետ են եղել։ Ալիևը չի կարող չիմանալ այս պատմական ճշմարտությունը։ Ժողովուրդը ընտրել է հաղթանակը։ Ադրբեջանի դեպքում դա հասկանում եմ, իսկ Հայաստանի դեպքում չեմ հասկանում՝ ինչու՞ պարտված երկրի ղեկավարը նորից ընտրվեց։ Ի՞նչ ուժեր էին կանգնած նրա հետևին, որ պարտությունը մտցրին ժողովրդի ոգու փլուզման մեջ։ Ինչու՞ էին ուզում կոտրել մեր ժողովրդի ոգին՝ պարտված ղեկավարին թույլ տալ շարունակելու պարտությունը։