Առնվազն 12 հոգի էր հոգում մեր անվտանգությունը, շրջում էինք 6 մեքենայով

Առնվազն 12 հոգի էր հոգում մեր անվտանգությունը, շրջում էինք 6 մեքենայով

Նոյեմբերի 17-ին, 4 օրով, փոխանակման ծրագրի շրջանակներում Հայաստանից լրագրողական խումբ էր մեկնել Ադրբեջան, նույն օրերին Ադրբեջանից էլ Հայաստան էր լրագրողների խումբ այցելել։ Այցը կազմակերպվել էր երկու երկրների ղեկավարների պայմանավորվածության հիման վրա։ Բաքու մեկնած լրագրողների կազմը տեւական ժամանակ գաղտնի էր պահվում, նրանց վերադարձից հետո նոր տեղեկացանք, որ Ադրբեջան էին մեկնել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան-լրագրող Արտյոմ Երկանյանը, որը երրորդ անգամ էր Բաքվում լինում, «Մեդիամաքսի» խմբագիր Դավիթ Ալավերդյանը եւ Արցախի Հանրային հեռուստաընկերության թղթակից Էդգար Էլբակյանը։ Ի դեպ, ադրբեջանցի լրագրողներն էլ, Հայաստանից զատ, նաեւ Արցախ են այցելել։ Մենք զրուցել ենք արցախցի թղթակցի՝ Էդգար Էլբակյանի հետ, ում ընտրությունը կատարել է Արցախի ԱԳՆ-ն, այնպես, ինչպես ՀՀ մյուս 2 լրագրողի ընտրությունը կատարվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից։

- Էդգար, ո՞րն էր Ադրբեջան կատարած այցի եւ այս ծրագրի բուն նպատակը։

- Այցի նպատակն էր՝ փոխանակել լրագրողներ, որպեսզի նրանք կարողանան այցելել մի երկիր, որի մասին իրենց հասարակություններն ունեն աղոտ կամ միֆականացված պատկերացում, եւ որպեսզի նրանք վերադառնալուց հետո լուսաբանեն եւ կարողանան իրենց հասարակություններին տեղ հասցնել մի խոսք, որը մինչ այդ հնարավոր չէր, լրագրողական խոսք այն մարդկանց կողմից, որոնք իրապես եղել են այդ երկրում։

- Իսկ ո՞վ էր այնտեղ ապահովում ձեր անվտանգությունը եւ ինչպե՞ս։

- Անվտանգությունը հոգում էին կողմերը՝ ո՛չ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, այլ՝ կողմերը։ Այսինքն՝ մեր անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետությունն էր հոգում, իսկ իրենց լրագրողների անվտանգությունը՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները։ Կոնկրետ մեր դեպքում, ըստ ամենայնի, Ադրբեջանի պետական պահպանության ծառայությունն էր, որին մեզ կցել էին նախագահի աշխատակազմի կողմից։ Առնվազն 12 հոգի էր հոգում մեր անվտանգությունը, շրջում էինք մոտավորապես 6 մեքենայով՝ մեր մեքենան եւ ուղեկցող 4-5 մեքենաները։ Առավել մարդաշատ վայրերում այդ 12 անվտանգության աշխատակիցների թիվը հասնում էր 30-40 հոգու, բոլորին մենք չենք տեսել։ Անվտանգությունը, իրականում, բարձր մակարդակի վրա էր, այդ մասով որեւէ խնդիր չի եղել։

- Իսկ այդ քանակի անվտանգության աշխատակիցներ էին կցել, որ ավելի շատ ձե՞զ հսկեին, որ դուք իրենց համար անցանկալի որեւէ շարժ չանեք, թե՞ որ ձեզ որեւէ վտանգ չսպառնա։

- Չէ, նրանց խնդիրը մեր անվտանգությունը հոգալն էր։ Իսկ բուն տեղաշարժի ազատության առումով կաշկանդումներ չենք ունեցել, նաեւ պայմանավորվածությունն ու կանոնակարգն էր այդպիսին, որ ազատ տեղաշարժի կաշկանդում չպետք է լինի։ Այլ հարց, որ ե՛ւ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականը, ե՛ւ անվտանգության աշխատակիցները մշտապես մեզ հետ էին, այդպես էր որոշված։ Ճիշտ է, գրաֆիկը բավականին հագեցած էր, եւ գրաֆիկից դուրս անելիքների համար ժամանակ չէր մնում, բայց որ ասեմ՝ կաշկանդում կար, չէ։

- Քանի որ ԵԱՀԿ-ն պատասխանատվություն չէր ստանձնել, եւ ձեր անվտանգությունն ամբողջությամբ Ադրբեջանն էր հոգալու, մտավախություն չունեի՞ք, որ գնում եք մի անկանխատեսելի երկիր։ Ի՞նչ երաշխիք կար, որ անվտանգ կվերադառնաք։

- Չէ, իրականում չկար, կար ինչ-որ շատ փոքր աստիճանի, զուտ պարզ, մարդկային մտահոգություն, այսինքն՝ աշխատանք է, պետք է անել։ Բայց իդեալական առումով երաշխիք չկար, բնականաբար, որովհետեւ 4 օր ես չէի իմ անվտանգության երաշխավորը կամ, ինչպես փոքր ժամանակ, ծնողներս չէին, իմ պետությունը չէր, իմ զինված ուժերը չէին, այլ թշնամական պետությունն էր, հետեւաբար, բուն իմաստով, մաքուր առումով ոչ մի երաշխիք չկար։ Բայց խրամատ բարձրացողն էլ երաշխիք չունի, որ հետո կիջնի։

- Վերադառնանք բուն ուղեւորությանը։ Ի՞նչ տեսաք, ի՞նչ արձանագրեցիք, ինչպիսի՞ տպավորություններով ու արդյունքով եք եկել։

- Եղել ենք 3 քաղաքում՝ Բաքու, Ղուբա եւ Գանձակ, ներկայում՝ Գյանջա, նաեւ Ղուբային կից Ղըզըլ Ղասաբա, այսինքն՝ Կարմիր ավան գյուղում, որը բնակեցված էր բացառապես լեռնային հրեաներով։ Տեսել ենք ամենատարբեր բաներ, իրենց հիմնական նպատակը մեզ ցույց տալն էր՝ առաջինը՝ իրենց հարստությունը, երկրորդ՝ իրենց բազմամշակութայինությունն ու հանդուրժողականությունը։ Դրա համար մեզ Բաքվում տարան ռուս ուղղափառ եկեղեցի, հրեական սինագոգ, կաթոլիկ եկեղեցի։ Կաթոլիկ եկեղեցու դեպքում մենք ուշանում էինք արդեն մեկ այլ շատ կարեւոր հանդիպումից, բայց իրենք մեզ անպայման 10-15 րոպեով տարան։ Հեյդար Ալիեւի կենտրոնում մեզ ցույց տվեցին բազմամշակութայինության ու հանդուրժողականության սրահը, թեպետ այնտեղ ներկայացված չէին այն ազգերի նմուշները, որոնց իրենք իրականում պիտի հանդուրժեին, բայց չեն հանդուրժում, ենթադրենք՝ թալիշներ, ավարներ կամ թեկուզ՝ հայեր։ Իրենց հիմնական մեսիջը սա էր։

- Իսկ արցախյան հիմնահարցի շուրջ քննարկումներ, զրույցներ եղա՞ն, թե՞ փորձում էին խուսափել այդ հարցից։

- Իհարկե, մենք փորձում էինք սուր անկյուններից խուսափել, բայց անդրադարձներ, բնականաբար, լինում էին, հատկապես, որ մենք ուզում էինք հասկանալ, թե իրենք ինչ փոխզիջումների են պատրաստ, իրենք փորձում էին հասկանալ՝ մենք, մեր երիտասարդությունն ինչպես ենք հարցի լուծումը տեսնում։ Բայց քանի որ բուն այցի նպատակն այդ բանավեճը չէր, շատ չէինք կանգ առնում այդ կետի վրա, կանգ առնելիս էլ վերածվում էր ավանդական հայ-ադրբեջանական բանակցության, երբ, օրինակ, իրենք ասում էին, որ առաջինը պետք է զորքերը դուրս բերել, փախստականները վերադառնան, մենք էլ ասում էինք՝ չէ, առաջինը պետք է սկսել չկրակելուց։

- Իսկ ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է այս այցով հենց լրագրողները դառնան այն խաղաղության աղավնին, որ կբերի հաշտության քաղաքական բարձր մակարդակում։ Կա՞ր ենթատեքստում նման առաքելություն լրագրողների վրա դրված։

- Չէ, տեսեք, ենթատեքստերի մասին կարելի է հարցնել այցը կազմակերպողներին։ Մեզ ոչ մեկը չի ասել, որ մենք նման առաքելությամբ ենք գնում, մենք՝ ինքներս, նման առաքելությամբ չէինք գնացել։ Գնացել էինք տեսնելու, արձանագրելու այն, ինչ կա։ Նույն հարցը տալիս էին նաեւ մեզ Ադրբեջանում, թե ինչ ենք կարծում՝ սա կարո՞ղ է օգնել խաղաղության նախապատրաստվելուն կամ նրան, որ մեր հասարակության անզիջում դիրքորոշումը որոշակիորեն փոխվի, ես ասում էի՝ ընկերներ, ամեն ինչ կարող է լինել, կախված է նրանից, թե մենք այստեղ ինչ կտեսնենք եւ ինչ կտանենք մեզ հետ։ Եվ օրինակ բերեցի, որ եթե մենք վերադառնանք եւ ասենք, որ մեզ Ադրբեջանում առաջարկում էին զորքերը դուրս բերել 5 շրջաններից, այնուհետեւ՝ փախստականների վերադարձ, իսկ հետո 5, 10 տարի հետո, ինչ-որ անորոշ ժամանակով ուշացած հանրաքվե, ասացի՝ հավատացեք, որ դա մեր բնակչության, Ձեր բառով ասած՝ անզիջումային կամ մաքսիմալիստական դիրքորոշման վրա չի ազդելու այնպես, ինչպես դուք կուզեիք։ Հետեւաբար, մենք ուղղակի խոսք փոխանցող էինք, պատմություն փոխանցող էինք։

- Ընդհանուր առմամբ, իրենց տրամադրվածությունն ինչպիսի՞ն էր, պատրա՞ստ էին խաղաղության, կառուցողակա՞ն էր մոտեցումը, թե՞ ավելի շատ ագրեսիա կար։ Ի՞նչ շրջանակների հետ եք հանդիպումներ ունեցել։

- Կային ե՛ւ կառուցողական դեմքեր ու դեպքեր, ե՛ւ ապակառուցողական։ Թեպետ՝ արդար լինելու համար պետք է ասել, որ ավելի շատ կառուցողական, հանգիստ պայմաններում էին զրույցներն անցնում։ Ինչ վերաբերում էր նրան՝ պատերազմ, թե խաղաղություն, ապա մենք հանդիպել ենք ընտրված մարդկանց, պատահական փողոցի անցորդների հետ խոսելու հնարավորություն չենք ունեցել, եւ այդ ընտրված մարդկանց առաջ խնդիր էր դրված ագրեսիա ցույց չտալ, պատերազմական հռետորաբանություն չծավալել։ Բայց այն, որ Ադրբեջան պետությունը պատրաստվում է պատերազմի, դա հասկանալու համար Ադրբեջան գնալ պետք չէր, մենք դա գիտեինք։ Ինչ վերաբերում է հանդիպումների շրջանակին, ապա պաշտոնական շրջանակների հետ հանդիպում նախատեսված չէր՝ բացառությամբ ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւայի, հիմնականում ՀԿ-ների ներկայացուցիչներ էին եւ լրագրողական համայնք։