Պատերազմի քայքայիչ միֆերն արնաքամ են անում պետությունը

Պատերազմի քայքայիչ միֆերն արնաքամ են անում պետությունը

Շատերի մոտ տրամաբանական հարց է առաջանում, ինչու եմ ես այդքան մտահոգված Ապրիլյան պատերազմի թեմայով և նույնիսկ՝ անուղղակիորեն աջակցում նախագահ Սերժ Սարգսյանին, որի դեմ մենք բոլորս այդքան տարիներ պայքարել ենք։ Թո՛ղ մեծամտություն չհնչի, բայց ես իմ մոտեցմամբ առաջին հերթին փորձում եմ աջակցել ներկայիս կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փորձեմ բացատրել, թե ինչու և ինչպես։

Եթե մոտ ապագայում Ադրբեջանն իր զինանոցի ողջ ուժգնությամբ և հնարավորություններով լայնամաշտաբ պատերազմի անցնի, ապա հավանականությունը չափազանց մեծ է, որ նորից տասնյակ զոհեր ենք ունենալու և արձանագրվելու են դիրքային փոփոխություններ։ Որքան էլ այս փաստը ցավոտ լինի, բայց, միևնույն է, պատերազմի տրամաբանությունն է այդպիսին։ Ասվածի համատեքստում կարո՞ղ եք գուշակել քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, վերլուծաբան և քաղաքագետ կոչվողների արձագանքը այս ամենի առնչությամբ։ Այո՛, սոսկալի վայնասուն է բարձրանալու և վերստին կանգնելու ենք նույն կոտրած տաշտակի առջև, Նիկոլ Փաշինյանին մեղադրելու են պայմանավորված պատերազմի, դավաճանության և այլ մահացու մեղքերի մեջ, մեկ դիրքի և մեկ հեկտարի կորուստը թմբկահարվելու է որպես հող հանձնելու և Ղարաբաղը ծախելու նախապատրաստություն, ինչ֊որ ուժեր ձեռքերները շփացնելով սպասելու են Մարտակերտի կորստին, որ իրենք էլ մտնեն Երևան ու վերջապես հեռացնեն Փաշինյանին։ Սա ամենևին էլ անհավանական ֆանտաստիկ պատմություն չէ և ոչ էլ հիվանդ երևակայության արտադրանք։ Այն, ինչ ասում եմ, ավելի քան հավանական է ու կանխատեսելի, հատկապես որ փոքր պատերազմն արդեն իսկ տեսանելի է, քանի որ Ադրբեջանն ամենևին էլ չի մարսել իր գեներալի սպանությունը, իսկ բանակցություններն էլ, կարծես թե, մտել են փակուղի։

Այսինքն, պատերազմ ամեն դեպքում կարող է սկսել և հարցն այն է, թե ինչպես ենք մենք դրան նախապատրաստվում։ Քայքայիչ միֆերո՞վ, հանրային տրամադրությունների ապակայունացմա՞մբ, «Տավուշյան փառահեղ հաղթանակը մերն է, իսկ Ապրիլյանը՝ ձեր ամոթալի պարտությունը» քարոզչական էժանագին հնարքներո՞վ։ Չե՞ք մտածում, որ քայքայիչ, իռացիոնալ ամբոխն էս նույն հնարքները կիրառելու է նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, չէ՞ որ դրա սաղմերը մենք ամեն օր տեսնում ենք, երբ վարչապետին առավոտից իրիկուն մեղադրում են հող հանձնելու մեջ։ Պատկերացնո՞ւմ եք, եթե Ադրբեջանը գոնե մեկ դիրք վերցնի, ապա ինչ նողկալի վայնասուն է բարձրանալու։ Ասելիքի հիմնական բովանդակությունն այն է, որ օրվա իշխանությունը, պետության ներկայացուցիչները քայքայիչ քարոզչությանը չպետք է պատասխանեն քայքայիչ քարոզչությամբ, քանի որ հավանականությունը չափազանց մեծ է հայտնվելու այն նույն իրավիճակում, ինչ 2016֊ին Սերժ Սարգսյանի իշխանությունն էր։
Նորից եմ կրկնում, Սերժ Սարգսյանին ամեն ինչի մեջ կարելի է մեղադրել, բայց Ապրիլյան պատերազմի պատրվակով նրան պիտակումներ կպցնելը ոչ միայն անթույլատրելի է, այլ նաև՝ քարոզչական շարքային ստորություն։

Կարծում եմ իշխանությունը պետք է օգտագործի այս նպաստավոր առիթը և Ապրիլյան պատերազմի օրինակով ջախջախիչ հարված հասցնի քայքայիչ այն միֆերին, որոնք ներսից կրծում և արնաքամ են անում պետությունը։ Խոսքը այն նույն միֆերի մասին է, որոնց ներգործությամբ 1992֊94 թթ. մեծագույն հաղթանակները դարձել են մութ ու ցուրտ տարիներ, Ապրիլյան պատերազմը՝ դավաճանություն և պատկերացնում եմ, թե ինչ անակնկալներ են սպասվելու ապագա պատերազմի ժամանակ։
Կարծում եմ էս պարզ և նույնիսկ պարզունակ բաները ըստ պատշաճի չեն ընկալվում, Դանիել Իոաննիսյանի խելքին են ընկել, որը չգիտես ինչու Թալիշի դարդն է լացում։ Դժվար է բացատրել, որ մեծ հարթությունում Թալիշը շատ փոքր նշանակություն ունի, քանի որ դրա փոխարեն կարող էին և լինել Մարտակերտն ու Մարտունին։