Նախկին փոխքաղաքապետին մեղադրում են չմատուցված ծառայությունների դիմաց վճարելու համար

Նախկին փոխքաղաքապետին մեղադրում են չմատուցված ծառայությունների դիմաց վճարելու համար

Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է, որ Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը «փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար 2012-2018 թթ․ վճարել է ավելի քան 3 մլրդ դրամ»։ Նախկին փոխքաղաքապետը նախօրեին ձերբակալվել է, դատարանը քննում  է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Հաղորդագրության համաձայն` բավարար փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ Նիկոյանն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը։ Քննությամբ պարզվել է, որ պայմանագրերը կնքելուց հետո՝ «2015 և 2016 թվականներին, «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի և Նիկոյանի հոր միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ իրեն պատկանող երեք տարածքները ամսական 1000-6000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով վարձակալությամբ տրամադրելու մասին»։

«Սանիթեք» ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Արմեն Հարությունյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ «Սանիթեքը» չի ընդունում այն մեղադրանքը, որ իրեն` չմատուցված ծառայությունների դիմաց, գումար է վճարվել․ «Նման փաստ տեղի չի ունեցել, ավելի մանրամասն կանդրադառնանք մի փոքր ավելի ուշ»։

Քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը  մշտապես աղբահանության  հետ կապված հարցերը պահել է իր ուշադրության տակ, անդրադառալով հարուցված քրեական գործին՝ մեզ ասաց, որ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերով հետաքրքրվել են մշտապես եւ տեղեկություններ ստացել․ «Հատկապես 2018-ից, երբ Մարությանը դարձավ քաղաքապետ եւ շատ անկառու էր, որ այն ձախողում է ծառայությունների մատուցումը, մենք այդ հարցը բարձրաձայնել ենք եւ մեզ համար անհասկանալի էր, թե ինչու է Մարությանը ձգձգում գործընթացը եւ շարունակում վճարել «Սանիթեքին»` չկատարած աշխատանքի դիմաց։ Իմ ակնկալիքն էր՝ դեռեւս այդ ժամանակահատվածից, որ այդ վճարումը չկատարվեր, հիմա էլ ես կարծում եմ, որ մեծ ծավալի իրավական բնույթի հարցեր պետք է ուղղվեն Մարությանին»։ Ըստ Խաժակյանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ին Հայկ Մարությանը հայտարարել է, որ «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզվել է, բայց, 2018 թվականի ամբողջ ժամանակահատվածը խնդրահարույց է եղել, եւ երբ 2018-ի հոկտեմբերին Մարությանը ստանձնել է քաղաքապետի պաշտոնը՝ մեկ տարի շարունակ վճարել է ամբողջությամբ ձախողված պայմանագրի դիմաց, որը կազմել է շուրջ 4 մլրդ դրամ․ «Այդ իսկ պատճառով, իմ անկնալիքն է, որ հարցեր ուղղվեն Մարությանին։ Առնվազն այն հայտարարությունը, որը տարածվեց քննչական մարմինների կողմից, որտեղ մատնանշվում էր ձախողված ծառայությունների դիմաց վճարումը, այդ հարցը ես առաջնային ունեցել եմ Մարությանի ժամանակահատվածում, որովհետեւ մինչ այդ, իրավիճակը գնալով սրվում էր, եւ իր պիկին էր հասել 2018-ի այդ ժամակահատվածում։ Եվ, եթե Մարությանը դառնալով քաղաքապետ մեկ տարի շարունակ ձախողված ծառայությունների դիմաց վճարել է, ապա պետք է հասկանալ՝ ինչու է դա այդպես»։

Ավագանու անդամը նաեւ հիշում է, որ 2018 թ. օգոստոս ամսին աղբահանության հետ կապված խնդիրն այնքան կրիտիկական էր դարձել, որ իրենք՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամներով ցույց էին կազմակերպել «Սանիթեքի» դիմաց, իրենք քաղաքային իշխանություններից պահանջում էին ընկերության հետ պայմանագրի լուծում․ «Սա նախկին իշխանությունների օրոք էր, Մարությանը դեռ չկար։ Ուզում եմ շեշտել, որ, ամեն դեպքում, ցանկացած պայմանագիր, որը կկնքվի եւ կունենա ինչ-որ ընթացք, սրա թիվ մեկ պատասխանատուն քաղաքապետն է։ Դրա համար մեր հարցադրումները մի դեպքում ուղղված են եղել Տարոն Մարգարյանին, մյուս դեպքում՝ Հայկ Մարությանին»։

Նշենք, որ,  մեր տեղեկություններով՝ այդ գործի շրջանակում մի քանի անգամ հարցաքննվել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում օրոք էլ երկար ժամանակ Նիկոյանը զբաղեցրել է քաղաքապետի տեղակալի պաշտոնը։

ՀԳ Ժամանակին մենք բազմիցս անդրադարձել ենք «Սանիթեքին» խնդրին: Պարզապես հիշեցնենք, որ «Սանիթեքին» Հայաստանից վտարելուց հետո Երեւանի աղբահանությունը կանոնակարգվել է բացառապես այն բանի շնորհիվ, որ եռակի, քառակի ավելի շատ ֆինանսական միջոցներ սկսեցին հատկացնել մայրաքաղաքի մարքրությանը: Եթե այդ գումարների մեկ երրորդը ժամանակին տրամադրեին «Սանիթեքին», ապա Երեւանի աղբահանությունը նորմալ կիրականացվեր եւ նոր կառույց ստեղծելու անհրաժեշտություն էլ չէր առաջանա: Ինչ վերաբերում է Վահե Նիկոյանին, ապա քաղաքապետարանում նրան հիշում են որպես պրոֆեսիոնալ եւ բարեխիղճ պաշտոնյա, որի անհրաժեշտությունը պետական ապարատը եւ մասնավորապես` քաղաքապետարանի աշխատակազմը շատ ունի: