Քիչ հետո պիտի սկսվեր հրետակոծությունը, իսկ մենք սիրուց էինք խոսում

Քիչ հետո պիտի սկսվեր հրետակոծությունը, իսկ մենք սիրուց էինք խոսում

Կան հարցազրույցներ, որոնք սկսելը, մեղմ ասած, փորձություն է, եթե անգամ այն հազարերորդն է: Բոլոր հարցերն ավելորդ են դառնում, երբ քո առջեւ նստած մարդը զգացել է մահվան սարսափը:

Եթե Ավետիսի հենակներն ու ոտքի գիպսը չլինեին, չէի գուշակի, որ մեկ ամիս առաջ ուղիղ 20 օր պատերազմի դժոխքով է անցել: Դեմքը խաղաղ է՝ զարմանալիորեն: Դա ինձ ավելի է շփոթեցնում: Հարցերս զգույշ պետք է ընտրեմ. պատասխանատու բան է մարդու ներաշխարհը տակնուվրա անելը: 

- Ուզում եմ քո լավ հիշողություններից պատմես, Ավետիս,- ամենաանմեղ հարցով եմ սկսում:

- Դա իմ կյանքի ամենալավ օրերից էր, անբացատրելի ուրախ էինք բոլորս: Ինչ-որ պատմություններ էինք պատմում, հումորներ անում ու ծիծաղում անընդհատ՝ մինչեւ երեկո, երբ ամեն ինչ փոխվեց, երբ մեզնից հինգը մահացան:

Ավետիսը դադար է տալիս, դեմքն անփոփոխ է` նախկինի պես հանդարտ: Չեմ թարթում աչքերս, որ կարողանամ որսալ` ինչ է զգում:  

Սեղանին դրված նարինջներն են աչքովս ընկնում` Ամանորի բույրն եմ զգում, ամեն ինչ կարող էր այլ լինել, բայց եղավ պատերազմ: 

Պատերազմի հենց երկրորդ օրն Ավետիսը եկել էր տուն, լողացել, հավաքվել, ու 9 ընկերներով կամավորական ջոկատի կազմում գնացել էին «Եղնիկներ»: 

«Հենց լույսը բացվում էր, դրա հետ սկսվում էր հրետակոծությունը: Իրիկունն էլ էր նույնը` մեկուկես-երկու ժամ անդադար: Գիշերային հերթապահության ժամանակ լռության մեջ սահմանի մյուս կողմից թշնամու ձայներն էին լսվում: Բայց քնում էինք: Երբ հոգնած ես լինում, քնում ես որտեղ պատահի, գոնե 4-5 ժամ, հրետանին խփում է, իսկ դու հենվում ես մի տեղ ու աչքերդ փակում` մինչեւ նորից հաջորդ հերթափոխը սկսվի»:

32 տարեկան կամավորական Ավետիս Ավետիսյանը ճակատ գնալուց առաջ իրեն պատրաստել էր ամեն ինչի, գիտեր, որ ամենասարսափելի ֆիլմից էլ վատ կարող է լինել. իրականության գույներն ավելի խիտ էին՝ պարզվեց: 

«Ամենադժվարն առաջին հինգ օրն էր: Սկզբում մտածում ես գլուխդ ամեն ինչից ազատելու մասին, բայց ամաչում ես քո իսկ մտքերից, հետո հասկանում ես` մինչեւ ո՞ւր կարող ես հանձնվել ու փախչել: Բոլորիս մեջ կա սեփական կաշվի համար դողացողը՝ եթե իրեն չհաղթես, ինքը քեզ կհաղթի: Ես գիտակցում  էի` ուր եմ գնացել»: 

Ավետիսը պատերազմի մասին կցկտուր է պատմում՝ առանց որոշակի մանրամասների ու նկարագրությունների, առանց զգացմունքայնության, բայց  տողերի արանքում տեսնում եմ նրա ընկերների դեմքը, նրանց անբառ տխրությունն ու դրա մեջ կորած ծիծաղը:

«Երբեմն ստացվում էր ապրել սովորական մարդկանց նման, հաց էինք ուտում, զրուցում: Նույնիսկ սիրուց  ու կանանցից էինք խոսում: Մի օր մարտունեցի մի զինվոր հարցրեց, թե ինչպիսի տղաների են սիրում աղջիկները Երեւանում: Ծիծաղելի էր, քիչ հետո կսկսվեր հրետակոծությունը, իսկ մենք սիրուց ենք խոսում: Խելացի կանայք քաջերին են սիրում`որոշեցինք մենք»: 

Պատերազմում քաջ լինելը հեշտ բան չէ, հատկապես, երբ քանիերորդ անգամ մեռնում են` ամեն նոր զոհի հետ նորից ու նորից: Քաջերը սովորում են ապրել մահվան հետ ու համակերպվել, որ հաջորդը հենց իրենք կարող են լինել: 

«Սովորեցինք դա տեսնել: Միակ հույսն էն էր, որ գոնե ծանոթ չլինի զոհվածի դեմքը, հետը հաց կերած չլինես, բառ փոխանակած չլինես, տանջանքն էդպես պակաս է: Հետո դառնում ես ռոբոտ, ամեն ինչ էլ սպասում ես, ամեն վայրկյան մտածում ես, որ այդ արկը կարող էր հենց քո վրա ընկնել: Բայց ոչ էդ օրը, էդ օրը չէինք սպասում: Ուրախ էինք: Շինության մեջ էինք, երբ ընկերս՝ Արթուրը, գոռաց մի բառ՝ ինքնաթիռը… ձայնը լսեցինք, ու ամեն ինչ սեւացավ: Մարմնով զգացի շենքի դղրդոցը, պատերի քանդվելը: Հետո ես մի կերպ դուրս եկա փլատակներից, ոտքս կոտրված էր, մարմնիս մեջ բեկորներ էին… 5 ընկերներս մահացան… երեքս փրկվեցինք»:

Ավետիսը դրվագ առ դրվագ հիշում է, թե ինչպես է սողալով դուրս եկել շինության փլատակներից, հրաշքով փրկվել: Երկար ժամանակ կպահանջվի` մինչեւ լիարժեք առողջանա, առանց հենակների քայլել դեռ չի կարողանում, բայց դա ոչինչ, հիմա մտածում է, որ հայրենիքի համար կյանքը չխնայած ընկերների երազանքները կիսատ չթողնի: Ավետիսը ժպտում է` Սեւակի մասին խոսելիս առաջինը նրա ծիծաղն է հիշում:  

«Դեռ տաք եմ, դեռ չեմ հասկացել`պատերազմն ինչ է փոխել իմ մեջ: Ինչ փոխվի, չփոխվի`  մի բան հաստատ չի փոխվի՝ ես չեմ ընկճվում, չեմ վախենում: Մարդկային կորուստը, տարածքների կորուստը ցավալի է, ամեն մարդ մի տիեզերք է, բայց առանց հայրենիք էլ մենք էլի կորած ենք: Ավելի վատ օրեր են եղել մեր ազգի համար: Պետք է հետեւություններ անենք, պետք է շտկենք մեր մեջքը եւ ուժեղ պետություն կառուցենք ու հզորանանք: Էս պարտությունից ես չեմ վախեցել»:

Արմինե ՕԼԵՅԱՆ 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ