Ով է Նիկոլը, որ Ադրբեջանին նվիրի դատարանի կողմից դատապարտված Բայրամովին ու Ասկերովին

Ով է Նիկոլը, որ Ադրբեջանին նվիրի դատարանի կողմից դատապարտված Բայրամովին ու Ասկերովին

Հարցազրույց իրավաբան, 2013-2016 թթ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին աշխատակից Ռոբերտ Հայրապետյանի հետ

Գերիների վերադարձի հարցում Հայաստանն այսօր գնում է երկար ճանապարհով՝ դիմում է ոչ թե Միջազգային Կարմիր Խաչին, այլ նախ՝ Եվրոպական դատարան, պահանջելով, որ վերջինս կիրառի միջանկյալ միջոց ու անհապաղ ապահովվի նրանց կյանքի և առողջության իրավունքը:

Իրավաբան, 2013-2016 թթ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին աշխատակից Ռոբերտ Հայրապետյանը «Հրապարակի» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այսպես, ՄԻԵԴ-ով անցնելուց հետո Կարմիր Խաչի գործառույթը լրջանում է:

«Ապավինել զուտ Կարմիր Խաչին այս հարցում չենք կարող, քանի որ կարող է լինել այնպես, որ միջազգային այս կազմակերպության ներկայացուցիչները գնան Ադրբեջան, և Ալիևը նրանց ասի՝ շատ լավ է, որ եկել եք, բայց դուք ո՞վ եք: Կներեք, շատ կոպիտ եմ ասում, բայց էությունը սա է»: Հայրապետյանին մի քանի հարց ուղղեցինք գերիների վերադարձի՝ բոլորին հետաքրքրող թեմայի շուրջ: 

- Ստացվում է, որ Միջազգային Կարմիր Խաչը չունի՞ պետությունների վրա ներազդելու լծակներ: 
 
- Ունի, բայց դրանք «փափուկ» են: Այն աստիճանի կոշտ լծակներ, որոնցով, որ կարող են ապահովել գերիների վերադարձը, այո, չունի: 

- Կառավարությունը չի հրապարակում թվեր գերիների վերաբերյալ: Ձեր կարծիքով, այնտեղ տեղյա՞կ են, թե քանի գերի ունենք Ադրբեջանում: 

- Ես վստահ եմ, որ կառավարությունը տեղյակ չի: Առավել քան վստահ եմ: Թե ինչքան գերի և ռազմագերի ունենք այսօր Ադրբեջանում, գիտի բացառապես Ադրբեջանի կառավարությունը: Որպեսզի այդ տվյալը Հայաստանին էլ հայտնի դառնա, մենք պետք է ունենանք անձ, ում հետ Ադրբեջանի Հանրապետությունը այս պարագայում պատրաստ է բանակցել: Ադրբեջանի քաղաքական իշխանությունների հայտարարությունները տանում են նրան, որ ոչ թե նա չի ուզում Հայաստանի հետ բանակցել, այլ նա չի ուզում բանակցել տվյալ մարդու հետ: 

- Բայց ինչո՞ւ: Այդ մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, իրենց բոլոր ցանկությունները կատարել է: 

- Ես կոմպետենտ չեմ այդ հարցին պատասխանել, այն պետք է ուղղել քաղաքագետներին: Բայց գերիների փոխանակման գործընթացում ակներև են մի շարք խախտումներ՝ և Ադրբեջանի Հանրապետության, և Հայաստանի կառավարության կողմից արված: Ժնևյան Կոնվենցիան, որը սահմանում է, թե ինչ է ռազմագերին, ունի հետևյալ պարտադիր դրույթը՝ որ ռազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո երկու կողմերի մոտ գտնվող բոլոր ռազմագերիները փոխանակվում են, ինչը մենք չունեցանք: Իսկ մենք գերիների ունեցանք 34-35 օր հետո, և, ցավոք, չունեցանք բոլոր գերիներին, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ մեզ հայտնի բոլոր գերիներն ըստ էության, արդեն մեզ մոտ են: Նման բան չկա:

Մենք, օրինակ, ունենք, Էրիկ Խաչատրյան, զինծառայող, որի վերաբերյալ նյութերը ամբողջ համացանցով տարածվել են, բայց վերադարձած 44-ի մեջ չի եղել: Այդպիսի բազմաթիվ դեպքեր կան: Ցավոք, այդտեղ արդեն իրենց Ադրբեջանում թողնելու ու որպես ռազմական հանցագործ դատելու վտանգը օր օրի ավելանում է: 

- Պարոն Հայրապետյան, կա գերիներին գնելու տարբերակ: Իմ տեղեկություններով, նախկին կառավարությունների օրոք եղել է նման փորձ: Հնարավոր համարո՞ւմ եք հիմա նման սցենար՝ որ Փաշինյանի կառավարությունը հետ բերի մեր գերիներին, մեծ գումարներ վճարելով:   

- Նման գործընթացի ծանոթ չեմ: Ինձ համար դա անհասկանալի պրոցես է: 

- Եթե գերիներ այնտեղ կան, բայց մենք չունենք նրանց մասին տեղեկություն, որ դիմենք Եվրոդատարան, ինչ անել այս դեպքում:  

- Թյուր կարծիք կա, որ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթուղթը, այսպես ասած՝ վերջնական, ժողովրդական լեզվով ասած՝ «ցեմենտ-բետոն» փաստաթուղթ է: Սակայն դա այսպես չի, և այդ փաստաթղթի ստորագրումից վարկյան հետո էլ ցանկացած գործողության շուրջ բանակցելու հնարավորություն կա: Հիմա որպեսզի մենք այդ լծակը ունենանք ու կարողանանք մեր գերիներին հետ բերենք, կրկնում եմ՝ պետք է ունենանք մարդ, ում հետ Ադրբեջանը պատրաստ է բանակցելու, որպեսզի բանակցային գործընթացի ժամանակ պարզ դառնա, թե քանի գերի ունենք և ինչպես ենք վերադարձնում այդ գերիներին: 

- Ասեցիք՝ երկու կողմերը արել են խախտումներ: Որո՞նք են Հայաստանի խախտումները գերիների վերադարձի հարցում: 

- Ադրբեջանը հայտարարեց «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի մասին, մեզ տվեց ընդամենը 44 գերի, իսկ Փաշինյանը կիրառեց այդ սկզբունքը, և ոչ միայն այդ սկզբունքը, այլև խայտառակ մի գործողություն, որը քրեական օրենսգրքի առնվազն երկու հոդվածներով նախատեսված է: Նա Ադրբեջանին է հանձնել Ասկերովին ու Բայրամովին, երկու հանցագործների, որոնք 2014 թվականին մտել են Արցախ, մտել են մարդու տուն, սպանել են մանկահասակ երեխայի, մորթել են, որից հետո Արցախի դատարանի  կողմից նրանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկման, մյուսը՝ 15 տարվա: 2014 թվականին այս դատավճիռը մտել է ուժի մեջ, որից հետո անցել է ընդամենը 6 տարի:

Այս երկու հանցագործներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով Ադրբեջանին նվիրելը խայտառակություն է: Երկու գործընթաց պետք է լիներ դրա համար: Կամ պետք է այդ մարդիկ Արցախի նախագահի ստորագրությամբ ներման հրամանագիր ունենային, որի հիման վրա այդ մարդիկ կազատվեին պատժի կրումից ու կհանձնվեին Ադրբեջանին, կամ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը պետք է համապատասխան իրավական գործընթաց իրականացներ Ադրբեջանի արդարադատության նախարարության հետ այդ հանցագործներին հանձնելու, հուշագիր ստորագրվեր հանձնելուց հետո պատիժը կրելու պայմանների հստակեցման վերաբերյալ, որը նույնպես չի եղել:

Այստեղ առաջ է գալիս երկրորդ հարցը՝ ով է ՀՀ վարչապետը, որ կարող է Արցախի դատարանի կողմից պատժի դատապարտված անձանց առանց ներման հրամանագրի, կամ արդարադատության նախարարությունների միջև կնքված հուշագրի հանձնել Ադրբեջանին: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կամ գերազանցել է օրենքով սահմանված իր լիազորությունները, որը քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, կամ իրականացրել է ինքնիրավչություն, որը նույնպես քրեորեն հետապնդվող արարք է: Այս մարդիկ հանցագործներ են, գերի չեն, ռազմագերի չեն, չեն էլ հայտնվել Արցախի տարածքում ռազմական գործողությունների հետևանքով: 

- Եթե կիրառվել է «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը, ինչո՞ւ մեր այնտեղ գտնվող մյուս գերիները, հովիվը, օրինակ, որը մոլորվել էր ու նրան բռնեցին, մեզ չեն հանձնվել: 
- Այո, «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը դա է նշանակում: Ադրբեջանում հայտնված մեր հովիվը հանցագործ չի, նա չի մորթել որևէ մեկին, նրա վերաբերյալ չկա Ադրբեջանի Հանրապետության դատարանի դատավճիռ: