Վարդան Սմբատյան. Անավարտ ռեքվիեմ

Վարդան Սմբատյան. Անավարտ ռեքվիեմ

***
Երկնքի պռնկից կախվել են
չղջիկները,
սեւ արյունն են ծծում 
էգ խավարի:
Լուսինը՝ ալ կարմիր, 
սողում է՝
խայթելով լույս-թույնով արծաթի:
Չբացե´ս,
թաց կոպերդ,
երկի՛ր,
սա երազ է, 
երազ է,
քնի՛ր,
քնի մեջ մեռնում են նզովքները,
մանկան նինջն է 
փրկում աշխարհին…

***
Լեռները` կիզված պայթյունից,
Հակվել են վառված քարերին,
Հողից ոգի է ելնում,
Ոգին` նախնյաց քաջերի:
Ելել են մարտի Աստվածներ,
ամեն մի զինվոր ու զինյալ`
Մեսիա է, փրկիչ է`
օծյալ:
Ջարդում ենք անգամ մերկ ձեռքով,
ցասումը մեր թունդ,
չի մարի,
պիտ զգետնենք,
պիտ զգետնենք ողջ ուժով
անօրեն, պոռնիկ ասքյարին:
Պիտ խեղդենք վայրահաչը լուսնոտ,
մինչ Մասիս շիվ տնկենք խաղողի,
կբերի հաղթություն ու անդորր`
Ուշացած փրկության աղավնին:

Եվ լուսինը կհատի ուղեծիրը
անորոշության գիշերահավասարում,
կծածկի եղյամը ակոսված շերտը չոր հողի,
կընկնեն վերջին ցողունները` 
բոսոր պայթյունից գիշերվա,
կգրկի հողը, ինչպես ձեռքը մոր,
կդողա,
կդողա,
կդողա:

***
Մանր-մանր 
հյուլե անձրեւ
կծորա անոթի հողի երախին,
ծանր-ծանր
փղոսկրե սյուներ
կփլվեն այսօր`իրիկնաժամին:
Կսողա դանդաղ
օձագալար
բոթը քաղաքում, 
կոռնա 
սպիտակ մրրիկը հարավում,
կփայլի մահը մանկան աչքերում:
Մանր-մանր
հյուլե անձրեւ
մարմաջը մաղձի
կմաքրի հողից,
քարե-քարե
ծուռ աշտարակից
կելնի նորից
որբացած արեւ։

***
Երկու նարինջ ու կույր դանակ
սեղանին,
կարմիր ամպեր,
սուր հեծկլտոց փողոցից.
անսեռ ցասումը իջել է,
կտուրներին քաղաքիս,
երկու նարինջ, թաց երազներ,
հոգեվարքն է խավարի:
    
***
Աստված հոգնել էր 
խաղաղությունից 
եւ ստեղծեց մարդուն:

***
Ոչ մի փոփոխություն...
Լույսը ամեն օր սահում է 
երկնային սանդուղքից,
աղմկում են փողոցները,
թռչունները երիզում են երկինքը։
Հոշոտվող արժեքների էս աշխարհում,
անհաղորդ էս մարդասիրության մեջ 
ինձ այլ ելք չի մնում` բանաստեղծելուց բացի։
Փամփուշտը ծակում է դեռատի ոսկրերը,
տպվում է կանաչ փրկագինն աշխարհի,
ծփում է գարշանքը` ինչպես վարարած տիղմը,
լույսը լքում է կածանը հորիզոնի,
մահացու նիրհի մեջ թմրում է աշխարհը.
ոչ ոք ի զորու չէ փոխել 
ընթացքը,
մենք բոլորս անպետք վավերագիրներ ենք։


***
Եթե գաս,
կդադարի ձյունը 
արնահամ,
կավարտվեն 
պատերազմները,
կխաղաղվեն դեւերը մարդակեր։
Եթե գաս նախընթաց գիշերին 
զատկի,
ես կպատմեմ բոլոր մեղքերի մասին,
որ գործում ենք
գնալուդ պատճառով։
 

***
Կարմրամութն էլի 
սարսուռ է մաղում,
մահը հսկա՝
լոզոտ պիթոն,
մարտիրոսության
բոթն է արձակում։
Հողը բացում է գիրկը՝
հողը մայրն առաջին,
եւ լողում է երկինքը
պորտալը՝
հավերժ երազի։
Թե տեսնես շուրջդ լացում են,
թե լսես մահերգ-պատարագ,
պինդ սեղմիր,
իսկույն գոց կոպերդ,
զինվոր իմ՝ 
Մարտիրոս հարազատ։
Հերոսները մեռնել չգիտեն,
Սա ասա,
Էդտեղ՝ վերեւում 
հերոսները կրակից էլ հառնում են՝
մարտիկներն են լույսի անկոտրում։
Կլռեն շուտով փամփուշտները,
Կհնչի շեփորն հաղթության,
բայց ընդմիշտ պիտ պայթեն մեր սրտերը,
անունները ձեր հուր՝
անուններն ասելիս
անավարտ։

***
Լսվեց կրակոց,
ոչ ոք չբղավեց,
ոչ ոք չփախավ:
Բոլորը վաղուց մեռել էին,
մահը կուլ տվեց վերջին փամփուշտն ու
արնածոր փռվեց
ձյունե թավիշում:

***
Բացվեց խոռոչդ ծեր-մեր (Մամ),
փամփուշտներդ արնակալած
թքեցիր
եւ հայրեններ թոթվեցիր 
քաջ տղերքիդ մարտիրոսված։
Ես քաղեցի ցորենը,
հասկը ցողի    
արցունքներով:
Նռնենու հետ սիրտդ պայթեց 
ափերիս մեջ,
քեզ փաբերի, կաֆեների տակ 
թաղեցինք,
լակեցինք ու 
խաղաղվեցինք։
Ծեր-մեր, մա՜մ, 
երանի թե մեզ վիժեիր:
    

***
Խոցվեց վերջին հրեշտակը՝
մանուկ,
զարթնի՛ր, ցած իջի՜ր
ՏԵ՜Ր։


***
Մահը չի ուշանա, 
աշնան արեւը կլցնի քաղաքը
միրաժով։
Կճկվի հողը,
կթափվեն կյանքի ծառից
հասած մեղքերն ադամական:
Ճոճքը պարանի ու միալար երգը ջութակի
կզուգորդեն իրար,
մինչ մահը չափագրի դագաղը 
մեռնող քաղաքի: 

 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ