Եթե չլինի Նյուրնբերգ, լինելու է Նեմեսիս

Եթե չլինի Նյուրնբերգ, լինելու է Նեմեսիս

Փրկվելու բոլոր հնարավորություններն օր-օրի նվազեցնում, գրեթե զրոյացնում է Նիկոլը: Հիմա ակնհայտորեն հաստատ է, որ գնալու է` վկա հասարակության մեծացող, ահագնացող հրապարակային ցասումը: 

Պարզապես նրա համառությունն է ապշեցնող, որ շարունակելու է դրսեւորվել մինչեւ վերջին պահը: Նա պետք է գնար ստորագրելուց անմիջապես հետո, ասելով` ներողություն, ես չկարողացա հաջողել, անկախ իրեն սպասվող ճակատագրական կամ դժբախտ հետեւանքներից: Բայց չգնաց, եւ ապշեցնող է, որովհետեւ այդպես չի լինում, անբնական ու անտրամաբանական է: Այդ դեպքում փրկվելու հնարավորությունը համեմատաբար շոշափելի կլիներ: Հայ ենք, ներել գիտենք, խղճահարվելու համար էլ խելքներս մերը չէ: Իսկ երբ անթույլատրելին են անցնում, որ գիտենք որպես կարմիր գիծ, դարձյալ հայ ենք եւ խիստ ենք պատժում: Նիկոլն ընտրեց երկրորդ տարբերակը, որովհետեւ փոքր էություն է, իսկ փոքրին չպետք է թույլ տալ, որ մեծ բանի մոտենա: Այսինքն` Նիկոլին իշխանություն չեն վստահում, որ ոչ թե սխալ է կամ վրիպակ, այլ ճակատագրական աղետ է կանխորոշում: 

Իշխանությունով աղետաբերը խայտառակ ու անհասկանալի պարտությամբ հանձնեց Արցախը, հիմա խայտառակ ու անհասկանալի կերպով հանձնում է Սյունիքի սահմաններն ու տարածքներից, վաղն անցնելու է Գեղարքունիքի սահմաններին ու տարածքներին, որից հետո Տավուշն է լինելու զոհասեղանին` դարձյալ խայտառակ ու անհասկանալի կերպով: Նախիջեւանի դիրքերը 2018-ին են առաջ բերվել, նորից են առաջ բերվելու՝ նույն անտրամաբանությամբ: Որքան էլ խուսափես վատատեսությունից` շրջանցելով մտքի ոլորանները, որքան էլ լինես լավատես, չես կարող ինքդ քեզ տարհամոզել, որ այս արարածը երդվել է պատմության մեջ մնալ վերջին Հայաստանի վերջին վարչապետը: Բայց հանուն ինչի՞: Գուցե սա ծանր ողբերգություն է տարել, որը մուտացիայի ենթարկվելով` աճել է ահռելի չափերի: Ակնհայտ է, որ վրեժ է լուծում, բայց սովորաբար վրեժ են լուծում անհատից, մարդկանց մի խմբից, իսկ սա վրեժ է լուծում մի ամբողջ ժողովրդից ու երկրից: Գուցե նրա՞ համար, որ վերջում ասի` տեսա՞ք, թե ով եմ ես: Դարձյալ ու երիցս խայտառակ է ու անհասկանալի:  

Նման մեկը հրաժարական չի տալիս ո՛չ ինքնակամ, ո՛չ էլ հանրային պահանջի դեպքում, գնում է մինչեւ վերջ: 

Աքցանների մեջ է պահում իր հպատակ թիմակիցներին, ուժային կառույցներին եւ նրանց ամեն վայրկյան օգտագործելու է հանուն իր ամենաչնչին անվտանգության ու պաշտպանության, քանի դեռ վերջնականապես ճեղքեր չեն տվել ու պայթել: Իսկ դրանից հետո, այդ քաոսային իրավիճակում, Աստված տա, որ լինի անարյուն, Նիկոլը թռնելու է երկրից, եթե մինչ այդ չկանխեն հնարավորություն ու ճանապարհ: 

Սա է նմանների բնույթն ու վարքը: Հիտլերը չէ, որ ինքնասպան լինի, 2008-ի նույն Նիկոլն է՝ մարտի մեկից հետո, որ փախավ: Թռնելու է ու դրսից խաղա Հայաստանի վարչապետ, որ ինքը հրաժարական չի տվել, ժողովրդի ընտրյալն է, ռեւանշի փորձ անող նախկինների ճնշումից է փախել: Այս դեպքում չկայացած Նյուրնբերգին փոխարինելու է Նեմեսիս օպերացիան, որը չի խնայելու ոչ միայն Նիկոլին, նաեւ իր շրջապատին: Հայերը սիրում են իրենց դահիճներից վրեժ լուծել: 
Հենց սա է, որ հրապարակում հավաքված էլիտան` Նիկոլի բնորոշմամբ, փորձում է կանխել, ինչպես փորձում է կանխել վերջին Հայաստանի վերջին վարչապետի դիվային տեսլականը: 
Առայժմ կարող են նրան ու նրա շրջապատին անվտանգության երաշխիքներ տալ` բերելով օրինական դատավարության տարածք: Հակառակ դեպքում անվտանգության որեւէ երաշխիք կայուն չէ: Հուսանք, որ լինելու է այդպես` դեպի մեծ դատավարություն:

Հուսիկ Արա