«Մի մուշտի տվի, է՛լի...» 

«Մի մուշտի տվի, է՛լի...» 

Հայաստանում օրենքը համարյա թե ամբողջությամբ չի գործել նախկինների օրոք: Հիշենք երկրում ծաղկող անօրինակության «բեսպրեդելը»: Դժբախտաբար, նույն իրավիճակն է այսօր՝ եթե ավելի չի վատացել: Դժբախտաբար, քանի որ հասարակության գրագետ հատվածը Սերժին մերժեց հենց արդարադատության և օրինավորության բացակայության պատճառով: Ի տարբերություն զանգվածների, որոնք մերժեցին Սերժին օլիգարխներին կուլակաթափ անելու և դրանից իրենց փայը ստանալու նպատակով: Փողոցներն ու հրապարակները լցված բողոքավոր ժողովրդի ուսերի վրայով (ուղղակի և անուղղակի առումներով) իշխանություն խլելով նախկիններից՝ զանգվածների երբեմնի «առաջնորդը» հուսախաբ արեց այդ զանգվածներին: Իսկ հանրության գրագետ մասին էլ ի ցույց դրվեց երեք մատների կոմբինացիան: Դա, բնականաբար, դրսևորվեց առաջին հերթին հենց իրավապահ համակարգի «հետհեղափոխական» գործունեությամբ: 

Օրինակները բազմաթիվ են, սակայն որպես ոչ մասնագետ ներկայացնեմ առավել աչքի զարնող և անհեթեթ դրսևորումները: Կարծում եմ, որ առաջնության դափնին պետք է ստանա «մեկ հարվածը ծեծ չէ» արտահայտությանը, որը տեղ է գտել քննիչներից մեկի եզրակացությունում: Որի հիման վրա էլ կարճվել է խուլիգանության հիմքով քրեական գործի հարուցումը: Այդ գործի նախապատմությունն այնքան էլ էական չէ, կարևորը քննիչի «օրինական» վերաբերմունքն է ու դրան դատախազության համաձայն լինելը: Էականն այն է, որ դա չի հանգեցրել մեկ հարված ստացողի մահվանը: Ճիշտ այնպես, ինչպես Նար-Դոսի «Թե ի՛նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» պատմվածքում: Հիշում եք, չէ՞, այնտեղ հակահերոսն ընդամենը «մի մուշտի էր տվել» իր կնոջ, ինչից վերջինս մահացել էր: Վերադառնալով մեր օրերը՝ արձանագրենք, որ, չգիտես ինչու (լավ էլ գիտենք), երբ ԱԺ ընդդիմադիր պատգամավորը մի հարված է տալիս քպկական իր «գործընկերոջը», այդ մեկ հարվածը իրավապահների կողմից համարվում է քրեական վարույթ իրականացնելու բավարար հիմք: Ասեմ, որ 30-ից 25 տարի առաջ որպես լրագրող շփվել եմ այդ ոլորտին և անընդհատ զարմացել, թե ինչպես կարող է նույն իրավական դրույթը մեկնաբանվել երկու հակադիր դիրքերից: Պետք է վարչապետ կարգվեր «դուխով» Նիկոլը, որպեսզի այլևս չզարմանայի:

Երկրորդ հորիզոնականն իրավամբ զբաղեցնում է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման հետ կապված դատական պատմությունը: Դա այն գեներալն է (այդ օրերին՝ գնդապետ), որի հրամանատարությամբ 2020 թվականի հուլիսին թշնամուց խլվեց տավուշյան սահմանային դիրքերից մեկը: Ինչը պատճառ դարձավ, որպեսզի երկրի «գերագույն գլխավորը», նախքան 44-օրյա պատերազմը, ինքնափիառվեր Սարդարապատի հուշահամալիրում: Ինչևէ, երախտագիտությունն ու մեր երկրում գործող իշխանությունն իր ղեկավարով հանդերձ, ինչպես ցույց տվեց կյանքը, բացարձակ ոչ համադրելի երևույթներ են: Ինչ մնում է հայաստանյան վերին աստիճանի անկախ դատարանի կողմից գեներալի նկատմամբ «օրինական» վերաբերմունքին, ապա դա ներկայացնենք վերջինիս փաստաբանների խոսքով. «Սեպտեմբերի 20-ի Վերաքննիչ քրեական դատարանի որոշում կա, որով արձանագրվել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան ծանրակշիռ նոր հանգամանքներ։ Հոկտեմբերի 4-ին գնում ենք դատարան, ներկայացնում որոշումը, դատարանն էլ որոշում է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը»։

Երրորդ հորիզոնականը կարող է զբաղեցնել ՀՀ երկրորդ նախագահի որդուն՝ Լևոն Քոչարյանին, կալանավորելու առումով դատարանի որոշումը՝ հիմնված երիտասարդի կողմից «ծեծված» ոստիկանների ցուցմունքների վրա: Իրականում ծեծել են հենց ոստիկանները, ինչի վկայությունը շրջում է համացանցում, սակայն հայաստանյան դատարանի համար դա «ասնավանի» չէ: «Ասնավանին» ոստիկանների կեղծ ցուցմունքներն են: Առաջին հայացքից հենց այս պատմությունը պետք է զբաղեցներ վարկանիշային առաջին աղյուսակը: Քանի որ դրանում առկա է իրավապահների կեղծ ցուցմունք և դրա հիման վրա կայացված անօրինական դատական որոշում: Սակայն, ի դժբախտություն Լևոնի, այս գործը չի կարող հավակնել առաջին հորիզոնականին, քանի որ իր հոր նախագահության ժամանակ մարդկանց նկատմաբ քրգործ կարելու ամենատարածված հիմքերից մեկն էր: Ինչը, սակայն, չի նշանակում, թե այդպիսին պետք է մնար «թավշյա հեղափոխության շնորհիվ կյանքի կոչված ժողովրդավարության բաստիոնում»: