Դատախազությունը հաստատում է. Գոնսալես-Նարեկին կարտահանձնեն

Դատախազությունը հաստատում է. Գոնսալես-Նարեկին կարտահանձնեն

Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: 
ՀՀ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական  իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է: Այս մասին «Հրապարակ»֊ի հետ զրույցում հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով: 

2018 թվականի դեկտեմբերի 28-ին Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա:

37-ամյա Նարեկ Սարգսյանը նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդին է և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին: Նա 2018 թվականի ամառվանից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի անօրինական պահման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: