«Դուռդոմ»

«Դուռդոմ»

Փաշինյանն ու իր կառավարությունն ամենայն հավանականությամբ կարծում են, որ իրենք են այս երկրում ամենախելացին կամ, առնվազն, խելացի են այնքան, որ կարող են մեզ համոզել, թե արտակարգ դրության այս երկարաձգումը բխում է հասարակ ժողովրդի շահերից: Անձամբ ես, որ լուրջ կասկածներ ունեմ Փաշինյանի և իր կառավարության խելացիության հետ կապված, ոչ մի լավ բան չեմ տեսնում արտակարգ դրության նոր երկարաձգման մեջ և նույնիսկ չեմ հավատում պարետատան հայտարարությանը, թե սա վերջինն է: Ինչպե՞ս կարելի է նման բան երաշխավորել, երբ չգիտես, թե ինչ ընթացք կարող է ստանալ վարակի տարածումը: Կարելի է մտածել՝ մինչ այս պահը իրենք են վերահսկել իրավիճակը, և ոչ թե իրավիճակն իրենց: Չէ, դուք լսեք, թե կառավարության նիստում ինչ է ասում Փաշինյանը. «Բայց ես էլի եմ ուզում ասել, եթե հանկարծ, Աստված չանի, էս թուլացումների արդյունքում մենք նորից թվերի բարձրացում ունենանք, մենք ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ»: Աստված չանի… Ես էլ հենց դա եմ ասում՝ ամեն ինչ Աստծուց է կախված: Մինչդեռ կառավարության նիստում այնպիսի հերոսական կեցվածքներով են նստած, ասես կորոնավիրուսի տարածողն էլ են իրենք, հաղթահարողներն էլ:

Ասացին՝ որոշ սահմանափակումներ վերանալու են: Թույլատրվելու են հավաքները, գործադուլները, օտարերկրացիների մուտքը Հայաստան, մեծացվելու է ընտանեկան միջոցառումների մասնակիցների թիվը (20-ից՝ 40) և այլն: Սրանք «կտերն» են: Այդ կտերի ֆոնին, բնականաբար,  անփոփոխ են մնում պարետի որոշումները դիմակ կրելու և 1,5 մ հեռավորություն պահպանելու մասին: Հիմա կարող է ոմանց մեջ պողոսական հարց առաջանալ՝ ուրախ չե՞ս, որ վերադարձվում է հավաքների ազատությունը: Ոչ, որովհետև հավաքների ազատությունը չի վերադարձվում, որովհետև ավելի քան վստահ եմ, որ ոստիկանությունը, ինչպես արտակարգ դրության նախորդ շրջաններում, միջամտելու է բոլոր հակակառավարական հավաքներին, մասնակիցներից պահանջելու է դիմակ կրել և պահպանել 1,5 մետր հեռավորություն՝ անկախ այն բանից՝ մարդիկ անհրաժեշտ հեռավորությամբ են կանգնած իրարից, թե ոչ: Իսկ եթե չեք նկատել, ասեմ նաև, որ հայ ոստիկանները չափազանց կպչուն են այս հարցերում և պոկ չեն գալիս, մինչև մի քանի հոգու բերման չեն ենթարկում: Չեմ հավատում նաև, որ ոստիկանների ինքնաբուխ գործողություններից քաղաքացիներին պաշտպանելու նպատակով Փաշինյանը կհրամայի Ազատության հրապարակի ասֆալտին, կառավարության տան մայթին, ԱԺ-ն շրջափակող Դեմիրճյան և Բաղրամյան փողոցի մայթերին 1,5 մ շառավղով շրջանագծեր նկարել ցուցարարների համար, ինչպես դա արել են մեր որոշ բարեխիղճ գործարարներ իրենց սուպերմարկետների հաճախորդների համար: Եվ ուրեմն՝ ոչ մի ազատություն էլ չի վերադարձվում ժողովրդին:

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում զեկուցում է, թե այսպես ու այսպես, Նիկոլ Փաշինյանի խելացի քայլերի շնորհիվ լավ վիճակի ենք հասել և ընտանեկան միջոցառումներին 20-ի փոխարեն արդեն 40 հոգով կարող ենք մասնակցել: Դե հիմա կուտ է, գցում են պողոսների առաջ, կերան՝ կերան: Եվ սրա անունը դրել են սահմանափակումների վերացում: Բա մեռելի մոտ մի 40 հոգի չհավաքվի՞… Էս ո՛նց են մտածում մեր մասին, ո՛նց են մտածում: Ի դեպ, ես այնպիսի դեպք չգիտեմ, որ պարետատնից ներխուժեն մեռլատուն ու սգո հանդիսականներին հաշվեն: Դա շատ ծիծաղելի կլիներ, ոչ պատշաճ և, մանավանդ, անիմաստ: Հանգուցյալի կամքն ի վերջո օրենք է, իսկ ոչ մի հանգուցյալ չի «ցանկանում» անտեր մնալ փողոցում: Եվ ահա հայրենի կառավարությունն այս հարցում բավականին շրջահայաց է գտնվել՝ մեծացնելով սգո հանդիսականների թիվը: Հիմա արդեն 40 հոգով կարող ենք հավաքվել՝ պահպանելով 1,5 մ հեռավորությունը: Եվ հարց է առաջանում՝ մի՞թե ավելի վաղ չէր կարելի հավաքվել 40 հոգով, եթե որոշիչը հեռավորությունն է: Խոսքը միայն թաղումների մասին չէ:

Ընտանեկան միջոցառումներ են նաև ծնունդը, կնունքը, նշանդրեքը, հարսանիքը, որոնց ժամանակ ևս պարտադիր է միմյանցից 1,5 մետր հեռավորության պահպանումը: Իշխանությունները, որ այս ընթացքում իրենց երբեք չեն զրկել խելագար խնջույքներից, այնքան բարի են գտնվել, որ մեզ թույլատրել են 20-ի փոխարեն 40 հոգանոց հարսանիք անել: Մի՞թե սա սահմանափակումների վերացում չէ: Ոչ: Ինչպես մահվան դեպքերում, սա նույնպես ձևականություն է, որովհետև որոշիչը ոչ թե մարդկանց քանակն է, այլ նրանց միջև նորին մեծություն հեռավորության պահպանումը:
Ամփոփելով 1,5 մետրի շուրջ մեր մտորումները՝ ասենք, որ ինչ սահմանափակում էլ վերացնեն, միևնույն է, ամեն ինչ պտտվելու է այդ 1,5 մետրի առանցքի շուրջ, որի շուրջ արդեն քանի ամիս է պտտվում է նաև մեր կառավարությունն ու իր հետ պտտում նաև մեզ:

Իսկ հիմա գանք օտարերկրացիների խնդրին: Այս ուղղությամբ, կարելի է ասել, Փաշինյանի կառավարությունը հեղափոխություն է արել կամ պատրաստվում է անել: Այ բարով, հազար բարով եք եկել մեր երկիր, հպարտ օտարերկրացիներ, իսկ հիմա մարշ՝ ուղիղ ինքնամեկուսացման:

Համաձայնեք, որ եթե այս ընդունելությունը հասկանալի է դրսից ժամանող ՀՀ քաղաքացիների դեպքում, ապա առնվազն անհասկանալի է օտարերկրացիների պարագայում: Եթե խոսքը միայն Հայաստան ժամանող օտարերկրյա դիվանագետների մասին չէ, ապա այս «ազատությունը» մեղմ ասած խայտառակություն է և ոչ հարգալից վերաբերմունք օրինակ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ, որոնք Հայաստան գալուն պես պետք է հայտնվեն 14-օրյա ինքնամեկուսացման մեջ: Պատկերացրեք մի օտարերկրացու, որ 2 օրվա գործ ունի Հայաստանում: Ու ի՞նչ անի նա Հայաստան ժամանելուն պես, ինքնամեկուսանա՞, արագացված թե՞սթ հանձնի, թե՞ շտապի օդանավակայան հետադարձ թռիչքից չուշանալու համար: Ինչևէ, այս հարցում էլ է փիլիսոփայել մեր կառավարությունը՝ մտածելով, որ ժողովուրդը կլսի ու դրվատանքի խոսքեր կասի իրենց՝ մալադեց, սահմանն էլ բացեցին…

Միով բանիվ, պարոնայք, մեզ չի հետաքրքրում, թե դուք ինչով եք այդտեղ զբաղված, ինչ եք երկարաձգում ու ինչ սհամանափակումներ եք վերացնում: Մենք գիտենք, որ կորոնավիրուսը ձեր անփութության պատճառով է մտել Հայաստան և ձեր ապիկարության պատճառով էլ մեծ դժվարությամբ է հեռանում Հայաստանից: Դուք ավելի լավ է մտածեք մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու մասին: Սա Ռևազի պոչխարների պատմությունը չէ, որ ասեք՝ ոտքերը բռնել է Նիկոլը, մորթել է Թորոսյան Արսենը, կամ ոտքերը բռնել էէ պարետը, մորթել է Միրզոյան Արոն: Հազարից ավելի մարդ է մահացել, նրանց թաղումներին 20 հոգի էլ չի մասնակցել, իսկ դուք կառավարության նիստում չգիտեմ ինչ սահմանափակումների վերացումից եք խոսում:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն ասում է. «… եթե հանկարծ, Աստված չանի, էս թուլացումների արդյունքում մենք նորից թվերի բարձրացում ունենանք, մենք ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ։ Էսպես ասած՝ մենք ելնում ենք հակահամաճարակային իրավիճակի վերլուծությունից։ Հիմա անկում է գնում, և էդ անկման պայմաններում հնարավոր է դարձել էս սահմանափակումների թուլացումը կամ որոշ հատվածներում վերացումը։ Չնայած՝ մենք ասում ենք՝ վերջին անգամ ենք արտակարգ դրությունը երկարաձգում՝ այն պայմաններում, եթե էս միտումը շարունակվի, և մենք հուլիսի առաջին տանսօրյակի իրավիճակ չունենանք»: Սա ծայրից ծայր կուտ է, էն էլ՝ ճապոնական կուտ: Պարոն Փաշինյան, Դո՞ւք եք հիմար, թե՞ ինձ եք ուզում հիմարի տեղ դնել: Ես, ախր, գիտեմ, որ կորոնավիրուսային թվանկարչությունը վաղուց է, ինչ փրկօղակ է դարձել անճարակ կառավարությունների համար: Մի՞թե թուղթուգրիչը Ձեր ձեռքին չէ, և Դուք չեք որոշում ինչ թվեր կրակել…։